Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարության հերթական նիստը ձախողվեց

Այսօր գումարվեց Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարության վեցերորդ նիստը, որը նույնպես, գրեթե առանց գործին անդրադառնալու, հետաձգվեց մինչեւ հինգշաբթի՝ սեպտեմբերի 18-ը: Հիշեցնենք, որ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարությունը սկսվեց հուլիսի 29-ին, եւ շուտով կլրանա երկու ամիսը, ինչ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վարույթում սկսվեց անցյալ տարի դեկտեմբերի 28-ին կատարված լրագրողի սպանության գործի քննությունը:

Առայժմ 13 ամբաստանյալներից հարցաքննվել է միայն մեկը՝ Տիգրան Նաղդալյանի սպանությունն իրականացրած Ջոն Հարությունյանը:

Հենց առաջին օրն էլ ամբաստանյալներից մեկի՝ Գրիգոր Պետրոսյանի, շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը չներկայացավ, մեղադրող Զելիմ Թադեւոսյանն էլ միջնորդեց հետաձգել դատական նիստը:

Վերջին մի քանի նիստերն էլ տարբեր հիմնավորումներով ու միջնորդություններով անընդհատ հետաձգվում են:

Ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը արդեն երրորդ անգամ միջնորդում է դատարանին ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար: Սակայն դժվար է ասել, թե հատկապես որ կողմն է շահագրգռված նիստերը պարբերաբար հետաձգելու մեջ:

Այսօր բանը հասավ նրան, որ մեղադրող Զելիմ Թադեւոսյանը կասկածի տակ առավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Ռշտունու իրավական գիտելիքները, հայտարարեց թե նա օրենք չգիտի, երբ փաստաբանն ասաց, որ դատական նիստում օրենք է խախտվում, եւ ամբաստանյալ Արմեն Սարգսյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանին դատարանի դահլիճից հեռացրել են օրենքի խախտումով: Նաեւ, որ օրենքի պահանջով ամբաստանյալն իրավունք ունի, «դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների եւ առարկությունների վերաբերյալ»:

Արդեն քանի միջնորդություն, այդ թվում նաեւ նրա պաշտպանին վարույթից հեռացնելու հարցը, բավարարվում կամ մերժվում է ամբաստանյալ Արմեն Սարգսյանի բացակայությամբ:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում դատարանը որոշեց ժամանակավորապես վարույթից հեռացնել փաստաբան Հովիկ Արսենյանին, որովհետեւ վերջինս թաքցրել է իր դեռեւս չմարված դատվածությունը եւ կեղծիքով փաստաբանի արտոնագիր է ստացել: Իհարկե, գլխավոր դատախազությունում կեղծ վկայագիր օգտագործելու փաստով քրեական գործ է հարուցված, սակայն գործը դեռ նախաքննության փուլում է, այսինքն հանցանքը չի ապացուցվել եւ դատավճիռ չի կայացվել: Բացի այդ, փաստաբանների միջազգային միությունն էլ վերջնական որոշում չի կայացրել եւ չի զրկել փաստաբանին արտոնագրից:

Փաստաբան Ռուբեն Ռշտունին դատարանում հայտարարեց, որ իր հիմնական նպատակը՝ իբրեւ տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, օբյեկտիվ ճշմարտությունն ի հայտ բերելն է:

Փաստաբանի առարկությունից հետո մեղադրող Զելիմ Թադեւոսյանը հայտարարեց, թե Ռշտունին իրավունք չգիտի, փաստաբանն էլ հայտարարեց, թե մեղադրողին ուզում է բացարկ հայտնել: Եվ նորից դատական նիստն ընդմիջվեց: Իսկ դրանից առաջ՝ նիստը սկսելուն պես, ծավալվեց Արսենյանի եւ դատավոր Արամյանի իրավական թեմաներով բորբոքված երկխոսությունը, ինչի արդյունքում Հովիկ Արսենյանը դատավորի հրահանգով եւ ոստիկանի ուղեկցությամբ հեռացվեց դատարանի դահլիճից:

Ըստ էության, այսօրվա դատական նիստն էլ ձախողվեց, եւ ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանը հերթական անգամ զրկվեց ցուցմունք տալու հնարավորությունից:

Կարինե Քալանթարյան, Երեւան