Եվրոպայի խորհուրդը ողջունում է մահապատժի վերացումը Հայաստանում

Չորեքշաբթի օրը Եվրոպայի խորհուրդը ողջունել է մահապատիժն անվերապահորեն արգելելու վերաբերյալ Հայաստանի Ազգային ժողովի որոշումը, այդուհանդերձ նշելով, որ պաշտոնական Երեւանը պետք է կատարի նաեւ 45 երկրներ միավորող այդ կազմակերպությանն անդամակցությամբ ստանձնած մյուս քաղաքական պարտավորությունները:

«Այս կարեւոր քայլով ավելի հնարավոր է դառնում Եվրոպայում մահապատժի լրիվ վերացումը, ինչը մեր կազմակերպության գերակայություններից մեկն է», - ասված է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Փիթեր Շիդերի եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Ուոլթեր Շվիմերի՝ Ստրասբուրգից տարածված համատեղ հայտարարության մեջ:

Մահապատժի անվերապահ վերացումը Հայաստանին 2001 թվականին մարդու իրավունքների պաշտպանության այդ հեղանակավոր կազմակերպության մեջ ընդունելու հիմնական պայմաններից մեկն էր: Հայաստանի ղեկավարությունը, սակայն, մինչեւ վերջերս ձգձգում էր դրա կատարումը՝ օրենսդրական սողանցք թողնելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկիչներին մահապատժի դատապարտելու համար: Անընդունելի համարելով որեւէ բացառություն, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պաշտոնական Երեւանին մինչեւ 2003 թվականի հունիսը ժամանակ էր տվել մահապատիժը վերացնելու համար: Վերջնաժամկետը Հայաստանի իշխանությունների խնդրանքով երկարաձգվել էր մինչեւ տարեվերջ:

Հայաստանի Ազգային ժողովը, որտեղ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները մեծամասնություն են կազմում, երեքշաբթի օրը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրեց խաղաղ պայմաններում մահապատիժն արգելող Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը: Միջազգային այս փաստաթուղթը գերակա է նոր Քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենքի նկատմամբ, որով հենց սողանցք էր թողնված ահաբեկիչներին մահապատժի դատապարտելու համար: Ներկայումս Հայաստանում գործող Քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է:

«Մենք խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին շարունակել կատարել այն պարտավորությունները, որ երկիրը ստանձնել է Եվրոպայի խորհրդին միանալիս», - ասված է Շվիմերի եւ Շիդերի համատեղ հայտարարության մեջ:


Էմիլ Դանիելյան, Երեւան