Հայաստանը կազմակերպում է մոնոթատրոնների միջազգային փառատոն

Սեպտեմբերի 24-ին Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում կբացվի մոնոթատրոնների (մեկ դերասանի թատրոն) առաջին միջազգային փառատոնը: Փառատոնին ակնկալվում է Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, բազմաթիվ այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը:

Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի Թատերական գործիչների միությունը, Մշակույթի նախարարությունը եւ «Բեմական խաչմերուկ» կազմակերպությունը: Փառատոնի կանցնի Հ.Պարոնյանի անվան թատրոնի եւ Պետական կամերային թատրոնի դահլիճներում:

Փառատոնի կազմակերպիչներից «Բեմական խաչմերուկ» կազմակերպության ղեկավար Հակոբ Ղազանչյանի փոխանցմամբ, երեւանցիները հնարավորություն կունենան 20 ներկայացում դիտել, որոնցից 10-ը՝ հայ դերասանների կատարմամբ: Մարզային թատրոններից մասնակցելու է միայն Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը:

Բացատրելով մեկ դերասանի թատրոնների՝ վերջին տարիներին նկատվող ավելի ու ավելի տարածումը աշխարհում, Ղազանչյանը դա կապեց դերասանի՝ առավել ազատ ստեղծագործելու հնարավորությամբ: «Այսինքն, սա այն տեսակն է, որ իրենք [դերասանները] կարող են ինքնուրույն ընտրել պիեսը, ընտրել իրենց բեմադրիչին, կամ առանց բեմադրիչի՝ որպես անհատական պրոեկտ, ստեղծել ներկայացումը», - ասաց Ղազանչյանը:

Ղազանչյանի համոզմամբ, փառատոնի անցկացումը կարեւոր քայլ կհանդիսանա Հայաստանի՝ համաշխարհային թատերական գործընթացներին ընտեգրելու ուղղությամբ:

«Ուկրաինան ունի 15 միջազգային փառատոն: Մակեդոնիան, որը ե'ւ տարածությամբ է Հայաստանից փոքր, ե'ւ բնակչության քանակով, 10 միջազգային փառատոն ունի», - օրինակներ բերեց նա: - «Թատերական փառատոնը միջոց է, որպեսզի հայ արվեստագետը, հայ թատերական գործիչը դուրս գա միջազգային ասպարեզ»:


Գայանե Դանիելյան, Երեւան