Ստորագրվեց հայ-հունական ռազմական համագործակցության փոխըմբռնման հուշագիր

Հայաստանը եւ Հունաստանն այսօր փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ Կոսովոյում ՄԱԿ֊-ի խաղաղապահ առաքելությանը Հայաստանի հրաձգային դասակի մասնակցության շուրջ՝ Հունաստանի գումարտակի կազմում:

Հուշագիրը ստորագրեցին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ Գեորգի Անտոնակոպուլոսը եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը՝ երկու կողմերի այլ բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ:

Փոխըմբռնման հուշագիրը ներկայացվելու է Հայաստանի Ազգային Ժողովի եւ երկրի նախագահի վավերացմանը: «Հարցի դրական լուծումից հետո հնարավորություն կունենանք 2003 թվականի տարեվերջին գործուղել դասակը», - լրագրողներին ասաց Միքայել Հարությունյանը:

Հունաստանցի գեներալի հետ Հայաստան էր ժամանել հույն զինվորական մասնագետների խումբը՝ պարզելու հայկական խաղաղապահ դասակի մարտական եւ մասնագիտական պատրաստվածությունը՝ միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցելու առումով: Չնայած փորձագիտական խմբի գնահատականները չհնչեցին, բայց հուշագրի ստորագրումն իսկ եւ երախտիքի խոսքի փոխադարձումը արդեն խոսուն են:

Նոյեմբերին Հայաստանն ու Հունաստանը նախատեսում են ստորագրել 2004 թվականի ռազմական համագործակցության պլանը, որը, ըստ Անտոնակոպուլոսի, ռազմական համագործակցության առավել լայն շրջանակ կընդգրկի, քան անցնող տարվանը:

Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի եռօրյա այցի ընթացքում Հայաստանի նախագահի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի հետ հանդիպումների ընթացքում, գեներալ-գնդապետ Հարությունյանի փոխանցմամբ, կարծիքներն են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային ռազմաքաղաքական զարգացումների շուրջ եւ վերստին շեշտվել է, որ Հայաստանն ու Հունաստանը հետապնդում են ընդհանուր ռազմավարական շահեր, եւ համագործակցությունը պաշտպանության եւ անվտանգության բնագավառում պետք է ունենա շանունակական զարգացում:

Անտոնակոպուլոսը եռօրյա արդյունավետ բանակցություններից հետո Հայաստանից մեկնում է «լավագույն տպավորություններով»: Նրա փոխանցմամբ, Հայաստանի եւ Հունաստանի զինված ուժերը կարեւոր դեր են խաղում տարածաշրջանում անվտանգության համակարգի ստեղծման գործում, եւ իրենք բավական հետաքրքրված են այդ համակարգով:


Ռուզան Խաչատրյան, Երեւան