Հասարակական կազմակերպությունները «ժամանակավրեպ» են համարում Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը

Ազգային ժողովում երեքշաբթի օրը սկսված մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի նախագծի քննարկումների ժամանակ մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որով ժամանակավրեպ են համարում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնումը Հայաստանում:

Հայտարարությունը ստորագրած Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան, Փաստաբանների միջազգային միությունը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությանը եւ մի շարք այլ կազմակերպություններ այդ ժամանակավրեպությունը պատճառաբանում են սահմանադրական բարեփոխումների անորոշութամբ եւ մտավախություն ունեն՝ եթե գործադիր իշխանությունը նշանակի օմբուդսմենին, ինստիտուտը կհեղինկազրկվի, եւ կստացվի նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նման մի բան՝ ընդլայնված լիազորություններով:

«Ուրախ ենք, որ հասարակական կազմակերպությունները կիսում են իրենց տեսակետները մեզ հետ, որ այս կազմակերպություններն ակնդետ հետեւում են, թե ինչպես է Հայաստանը կատարում Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց խորհրդարանական այսօրվա քննարկումներին ներկա Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան: - «Բայց սա Երվախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից է, եւ չենք կարող հույսը կապել հաջորդ տարիների հետ, մինչեւ Սահմանադրությունը կբարեփոխվի, իսկ այդ ընթացքում օրինագիծն էլ կսառեցվի»:

Ինչ վերաբերում է Եվրախորհրդի տեսակետին՝ օմբուդսմենին նշանակող մարմնի հարցում, Վուտովան փոխանցեց, որ խիստ կարեւոր է այս մարմնի անկախությունը. - «Օմբուդսմենը պետք է նշանակվի Եվրախորհրդի, ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի չափանիշներին համապատասխան: Իսկ մինչեւ բարեփոխվի Սահմանադրությունը, ժամանակավոր լուծումներ պետք են, որպեսզի սկսի աշխատել այս ինստիտուտը՝ միաժամանակ հնարավորինս անկախ եւ վստահելի լինի քաղաքացիների, հասարակության համար»:

Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է նախորդ գումարման Ազգային Ժողովը՝ այս գարնանը, նախագահի ընտրություններից հետո: Քանի որ գործող Սահմանադրությամբ միայն երկրի նախագահը կարող է նշանակում անել այս պաշտոնում, օրինագծի հանրապետական հեղինակները՝ նկատի ունենալով սահմանադրական բարեփոխումների մայիսյան հանրաքվեն, ամրագրել էին, որ առաջին օմբուդսմենին է միայն նշանակում հանրապետության նախագահը՝ խորհրդակցելով Ազգային Ժողովի խումբ-խմբակցությունների հետ, բայց ամեն դեպքում՝ լիաժամկետ, հինգ տարով: Դրանից հետո արդեն Ազգային Ժողովն է նշանակում՝ քվեարկությամբ:

Օրինագծի համահեղինակներից ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը այսօր տեղեկացրել է, որ երկրորդ ընթերցման դրվելիք օրինագծում կամրագրեն, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո 30 օրվա ընթացքում նոր օմբուդսմեն է նշանակվելու:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան