ԱՊՀ երկրների շարքում ամենաբարձր տնտեսական աճը գրանցել է Հայաստանը

Ըստ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջպետական վիճակագրական կոմիտեի հրապարակած ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալների, Հայաստանը ԱՊՀ երկրների առաջատարն է թե տնտեսական աճի եւ թե արդյունաբերական արտադրության աճի ցուցանիշներով։

ԱՊՀ երկրների հավաքական տնտեսությունը այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում միջին հաշվով աճել է 7 տոկոսով: Հայաստանում, մինչդեռ, այդ աճը շուրջ երկու անգամ ավելի է՝ 14, 8 տոկոս։ Համեմատաբար բարձր՝ մոտ 10 տոկոս տնտեսական աճ են ունեցել Ղազախստանը եւ Ադրբեջանը։ Վրաստանի եւ Տաջիկստանի համախառն ներքին արդյունքն աճել է շուրջ 8,5 տոկոսով։ Աճի ավելի մեղմ տեմպեր՝ 4-ից 6 տոկոսի սահմաններում գրանցել են Ռուսաստանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Բելառուսը։ Աճի ամենացածր արդյունք ունեցել է Ղրղըզստանը՝ 2,3 տոկոս։

ԱՊՀ երկրների մեծամասնության բարձր տնտեսական աճի ետեւում առանձնապես մեծ որակական փոփոխություններ առայժմ չեն նշմարվում: Մասնագետների գնահատմամբ, այդ աճը ավելի շուտ վերականգնողական բնույթ ունի, քան զարգացման տարրեր ներառող գործընթաց է։ Սա ենթադրում է, որ ԱՊՀ երկրները, այդ թվում եւ Հայաստանը դեռեւս չեն վերականգնել համախառն ներքին արդյունքի 1990 թվականի մակարդակը։

ԱՊՀ երկրների արդյունաբերությունը այս տարվա հունվար-հունիսին միջին հաշվով աճել է 8 տոկոսով։ Այդ երկրներից արդյունաբերության ամենամեծ աճը վերստին գրանցվել է Հայաստանում՝ 18,6 տոկոս։ Հայաստանին հաջորդում են Մոլդովան՝ մոտ 18 տոկոս, Ուկրաինան՝ 12,5 տոկոս, եւ Տաջիկստանը շուրջ՝ 12 տոկոս աճերով։ ԱՊՀ մնացած երկրների արդյունաբերությունն աճել է միանիշ թվով՝ 6-9 տոկոսի սահմաններում։

Հայաստանի արդյունաբերության աճը ապահովել են առաջին հերթին արտահանման բնագավառի առաջատար ճյուղերը՝ ակնագործությունը եւ ոսկերչությունը։ Այս բնագավառի արտադրանքը տարվա առաջին կիսամյակում աճել է ավելի քան 60 տոկոսով:

Հայաստանի արդյունաբերության աճի մեծ ծանրակշիռ է նաեւ ռազմաարդյունաբերական համալիրի արտադրությունների ներդրումը: Այս բնագավառը առաջին կիսամյակում աճել է 159 տոկոսով, իսկ արտահանումը՝ ավելի քան 3,5 անգամ։ Կարելի է ենթադրել, որ Հայաստանի մեքենաշինության, սարքաշինության եւ ռադիոէլեկտրոնային արդյունաբերության բազմաթիվ ռազմական բնույթի մշակումների եւ արտադրատեսակների կտրուկ աճը պայմանավորված է դրանց գլխավոր պատվիրատուի՝ Ռուսաստանի թափ առնող ռազմաարդյունաբերական համալիրի վերակենդանացմամբ։ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի դիտարկմամբ, այս ոլորտում գրանցվող աճը, այնուամենայնիվ, խիստ անկայուն է:

ԱՊՀ երկրների տնտեսական վիճակագրությունը փաստում է նաեւ Հայաստանի ձեռքբերումները ներդրումների ասպարեզում։ Այս տարվա առաջին կիսամյակում ներդրումներն աճել են ավելի քան 45 տոկոսով՝ բացարձակ առումով կազմելով ավելի քան 105 միլիոն դոլար։

Ներդրումների աճի ցուցանիշով Հայաստանը երկրորդն է, իսկ առաջատարը Ադրբեջանն է. անցյալ տարվա համեմատ այս տարվա առաջին կիսամյակում ներդրումներն այնտեղ աճել են 64 տոկոսով՝ բացարձակ առումով կազմելով շուրջ 1 միլիարդ 400 միլիոն դոլար։ Այս ներդրումների առյուծի բաժինը, անշուշտ, ուղղվել է նավթագազային ոլորտ։


Ատոմ Մարգարյան, Երեւան