Գյումրիում ուսուցիչները բողոքում են դպրոցների օպտիմալացման ծրագրի դեմ

Մոտ 60 մանկավարժ Գյումրիի Ազատության հրապարակում ուրբաթ օրը բողոքի ցույց էին կազմակերպել դպրոցների օպտիմալացման ծրագրի դեմ, որի արդյունքում ուսուցիչներից շատերը գործազուրկ են մնալու:

Կառավարության կողմից անցած տարի հաստատված այդ ծրագրով, Հայաստանի 60 հազար ուսուցիչների մոտ մեկ հինգերորդը զրկվելու է աշխատանքից: Խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունում գիտության ու կրթության նոր նախարար Սերգե Երիցյանը հավաստիացրել է, որ օպտիմալացման ծրագրի շրջանակներում միայն 4000 ուսուցիչ կկորցնի աշխատանքը:

Այսօրվա բողոքի ցույցի մասնակիցներից Նորայր Սարգսյանը, ներկայացնելով ուսուցիչների պահանջները, ասաց. - «Մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, որ այն բոլոր վերափոխումները, որ պիտի կատարվեն, վերանայվեն, լսվեն Ազգային ժողովում եւ տան մեզ արդարացի պատասխան»:

Շիրակի մարզի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե մարզում 17 դպրոցների «օպտիմալացման» արդյունքում կձեւավորվի 8 կրթական համալիր, եւ Շիրակում կրթօջախների թիվը կդառնա 172:

«Մանկավարժների թիվը, որոնք մասնագիտությամբ համապատասխանում են այսօր զբաղեցրած դասաժամերին եւ կենսաթոշակային տարիքի չեն, հասնում է թվով 130-ի» ,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ աշխատանքի կտեղավորվեն հենց Գյումրի քաղաքում:

Այդուհանդերձ, այսօր բողոքի ցույցի հավաքված ուսուցիչները հավաստիացրին, որ պայքարը շարունակելու են եւ շուտով հանդես են գալու ավելի մեծաթիվ ուժերով:


Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի