Նախկին ադրբեջանցի ռազմագերին դատապարտվել է «Ղարաբաղի հայերի հետ» համագործակցելու համար

Բաքվում դատական վճռով յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել ադրբեջանցի նախկին մի ռազմագերի, որը մեղավոր է ճանաչվել 1990-ական թվականներին Լեռնային Ղարաբաղում հայերի հետ համագործակցելու եւ արդբեջանցի այլ ռազմագերիներին «սիստեմատիկաբար» ճնշելու եւ ծեծի ենթարկելու համար:

Ադրբեջանական մամուլի հաղորդումների համաձայն, դատարանը Նադիր Մահմուդովին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ: Մահմուդովը նկարագրված է որպես պատերազմի տարիներին եւ դրանից անմիջապես հետո Ղարաբաղի «անջատողական վարչակարգի» կողմից Ստեփանակերտում մյուս ռազմագերիներին հսկելու համար նշանակված դաժան վերակացու: Նա մեղավոր է ճանաչվել մյուս ռազմագերիներին սիստեմատիկորեն դաժան ծեծի ենթարկելու եւ ստորացնելու համար:

Ինչպես հաղորդվում է, Մահմուդովը գերի է վերցվել Ղարաբաղի զինված ուժերի կողմից 1993 թվականի հոկտեմբերին Ֆիզուլու շրջանում եւ երկու տարի անց ազատ է արձակվել՝ ռազմագերիների փոխանակման շրջանակներում: Ադրբեջանցի դատախազները պնդում են, որ նա կամավոր կերպով է համաձայնել համագործակցել հայերի հետ՝ առաջարկելով օգնել ռազմագերիների ճամբարում կարգուկանոնի պահպանմանը: Մահմուդովը մեղադրվել է նաեւ ռազմագերիների շրջանում լրտեսությամբ զբաղվելու եւ Ղարաբաղի անվտանգության աշխատակիցներին համապատասխան տեղեկատվություն տրամադրելու համար:

Նադիր Մահմուդովը իրեն մեղավոր չի ճանաչել պետական դավաճանության մեջ, սակայն ընդունել է, որ «վատ է վերաբերել» մյուս ռազմագերիներին: «Այո, ես հարվածել եմ արդբեջանցի երկու կամ երեք ռազմագերու, ովքեր հրաժարվում էին մաքուր պահել տարածքը», - Բաքվի «Էխո» թերթի մեջբերմամբ, ասել է Մահմուդովը դատարանում: - «Որովհետեւ նրանց պատճառով հայերը կարող էին ծեծել բոլոր մյուս ռազմագերիներին»:

Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը որեւէ կերպ չի արձագանքել այս ամենին: Պաշտոնական Ստեփանակերտը, սակայն, միշտ հայտարարել է, որ խստորեն հետեւել է ռազմագերիներին վերաբերող միջազգային բոլոր կոնվենցիաներին: Մի քանի ամիս առաջ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները միակողմանի կերպով ազատ էին արձակել շփման գծում տեղի ունեցած բախման ժամանակ գերի ընկած ադրբեջանցի մի զինծառայողի: Վերջինս լուրջ վնասվածք էր ստացել եւ հաջողությամբ վիրահատվել էր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում:


Էմիլ Դանիելյան, Երեւան