Ընդդիմությունը ջանալու է մեկ տեղով ավելացնել իր ներկայությունը Ազգային ժողովում

Առաջիկա կիրակի օրը մայրաքաղաքի Կենտրոն համայնքում՝ թիվ 16 ընտրատարածքում կայանալիք վերաքվեարկությամբ ընդդիմությունը ջանալու է մեկ հավելյալ տեղ ստանալ Հայաստանի խորհրդարանում:

Սահմանադրական դատարանը, ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի կազմի մեջ մտնող Ազգային ժողովրդակարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանի հայցի քննությունից հետո անվավեր է ճանաչել մեծամասնական ընտրակարգով այս ընտրատարածքում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Հինգշաբթի հրավիրած ասուլիսում Շավարշ Քոչարյանը լրագրողներին ասաց, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատշաճ ձեւով չի նախապատրաստվել վերաքվեարկությանը: Նրա փոխանցմամբ, մայիսի 25-ի քվեարկության ժամանակ լցոնումների, ընտրակեղծիքների այլ տեսակների քանակով (տեղամասը հիշատակվել է նաեւ միջազգային դիտորդների զեկույցներում) «աչքի ընկած» ընտրատեղամասերից մեկի քարտուղարը պարզապես նույն պաշտոնում վերանշանակվել է մեկ այլ տեղամասում:

«Այն ժամանակ նա ներկայացված էր որպես քարտուղար Դաշնակցության կողմից, հիմա արդեն «Ազգային միաբանության» տեղն է զբաղեցնում», - ուշադրություն հրավիրեց Շավարշ Քոչարյանը: - «Հետաքրքիր է նաեւ, որ ՄԱԿ-ը (Միավորված աշխատանքային կուսակցություն), որ պնդում էր, թե իր բոլոր նշանակված անդամները պայքարելու են հանուն արդարության, ճիշտ այնպես, ինչպես «Ազգային միաբանություն»-ը, իրենց տեղերը զիջել են այդ կեղծարար թիմին»:

Շարունակելով ներկայացնել ընտրակեղծիքների նախապատրաստման փաստեր, Քոչարյանը ասաց, թե «գործի է դրվում» միաժամանակ երկու ընտրացուցակ». մեկը ճիշտ ցուցակն է, իսկ մյուսում ընդգրկված են նույնիսկ տվյալ տարածքում չապրող մարդկանց խմբեր: Շավարշ Քոչարյանը «ծանրագույն հանցագործություն» որակեց թաղապետի եւ միլպետի կողմից ստորագրված երկու ցուցակների առկայությունը:

Այս ամենով հանդերձ, Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ իրենք վճռական են ընտրակեղծիքների դեմ պայքարում: Ընդդիմությունը մեծ ռեսուրսներ է ներգրավելու կիրակի օրը կայանալիք վերաքվեարկության ընթացքին հետեւելու համար:

Քոչարյանը, ով արդեն Ազգային ժողովի պատգամավոր է (ընտրված «Արդարություն» դաշինքի ցուցակով), վերաքվեարկությանը իր մասնակցությունը փաստարկեց նախ նրանով, որ ժողովուրդը մայիսի 25-ին իրեն էր ընտրել եւ ապա՝ սա կարող է առանձին դրսեւորում դառնալ երկրում իրավիճակը շտկելու ուղղությամբ՝ ընդդիմության գործադրելիք ջանքերի առումով: Եվ վերջապես՝ Քոչարյանի հաջողության դեպքում Ազգային ժողովում «Արդարություն» դաշինքը մեկ ձայնով ավելի կունենա:


Արմեն Զաքարյան, Երեւան