Մամուլի տեսություն

«Հայոց Աշխարհ» թերթն այսօր ընդգծված ներկայացնում է նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի երեկվա նիստում փաստաբան Ռուբեն Ռշտունու հայտարարութունը. - «Հայաստանի դատական համակարգում տիրող իրավիճակը կարելի է բնութագրել որպես անփոփոխ՝ կրիտիկական, այն գնալով հոգեվարք է ապրում»:

«Հայկական ժամանակ» թերթը, համադրելով իր տրամադրության տակ եղած որոշ տեղեկություններ, հավաստում է, որ Հայաստանի ոստիկանությունն ապրում է քրեական աշխարհից կապկած օրենքներով. - «Քրեական գործերով վարույթներում սահմանված «կասկածյալ», «մեղադրյալ», «ամբաստանյալ» հասկացությունները շատ հաճախ զուգորդվում են ներքին օգտագործման «լավ տղա», «վատ տղա», «դիշովի գյադա» հասկացություններով: Եւ քրեական շատ գործերի ճակատագիրը մեծ հաշվով վկայում է, որ մեր ոստիկանությունը սկսել է ավելի շատ ծառայել հասկացություններին, քան օրենքին: Արդյունքը՝ օրըստօրե խորացող քրեածին վիճակը: Հայաստանում արդեն իսկ կարգուկանոնը սահմանում են ոչ թե իրավապահները, այլ քրեական տարրերը, որոնք, կարծես թե, կարողացել են խաղի իրենց կանոնները թելադրել նաեւ իրավապահներին»: «Հայկական ժամանակ»-ում նաեւ շեշտադրված է. - «Միայն հունիս ամսին, մայրաքաղաքում այս էլ չորրորդ սպանությունն է կատարվում օրը ցերեկով: Բայց դա չի խանգարում Ռոբերտ Քոչարյանին եւ նրան սատարող ուժերին՝ ամեն անգամ հպարտությամբ հայտարարել, որ մեր երկիրը օրեցօր կայունանում է»:

«Առավոտ» թերթի վերլուծությամբ, «խուժանի» իշխանության գալը անխուսափելի էր այնքանով, որքանով պաշտոնական իշխանությունը բոլոր ընտրություններում հույսը դրել է թաղային եւ քրեական հեղինակությունների աջակցության, նրանց փողի եւ իրավախախտումներ կազմակերպելու ունակության վրա: «Նրանց են ամեն ինչով պարտական պաշտոններ զբաղեցնողները (սկսած նախագահից) եւ պատգամավորական մանդատների կուսակցական տերերը: Եվ հիմա նրանց դեմ իշխանությունն անզոր է՝ նրանք կարող են զբաղվել ռեկետով, գներ նշանակել, իրար կոտորել, եւ ոչ մի նախագահ, ոչ մի իրավապահ, ոչ մի «կոալիցիա» չի կարող նրանց սանձել: Հենց այդ խուժանն է այսօրվա Հայաստանի ռեալ իշխանությունը», - ուրվագծում է «Առավոտ»-ը: - «Մարդիկ, ովքեր իրենց խնդիրները նախընտրում են լուծել բացառապես ուժային, քրեական մեթոդներով։ Մարդիկ, ովքեր իրար հետ ունենալով իրենց «մայլեքում» տնտեսական ոլորտներ բաժանելու խնդիր, երբեք չեն դիմի ո՛չ ոստիկանություն, ո՛չ դատարան, ո՛չ էլ պետական այլ ինստիտուտներ։ Հույսը կդնեն միայն ավտոմատի վրա ու կգնան սպանելու իրենց հակառակորդներին։ Հակառակորդներն էլ, իրենց հերթին, չեն դիմի ոստիկանությանը, դատախազությանը կամ դատարանին՝ հասկանալով, որ դրանք բացի «փող կլպելուց» որեւէ բանի ընդունակ չեն։ Եվ «տուժածներն» էլ կվերցնեն իրենց ավտոմատներն ու կգնան վրեժ լուծելու»։

«Հիմա արդեն պարզից էլ պարզ է, որ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները մեր ժողովրդի համար ծանրագույն աղետներ էին ու հիմնիվեր ավերմունք՝ խորացող հետեւանքներով ու շարունակական փլուզումներով», - խմբագրականում գնահատում է «Օրրան» թերթը: - «Հիմա արդեն պարզից էլ պարզ է, որ ընդդիմությունը շատ մեծ ծառայություն մատուցեց իշխանություններին: Ամիսներ շարունակ այդ ընդդիմությունը հաջողությամբ վիժեցրեց ժողովրդական հուզումն ու պայքարը՝ ժողովրդին գամելով տեղում, ամլացնելով նրա պայքարը... Մեզանում ոչ թե իշխանությունն ու ընդդիմությունն են ժողովրդի համար, այլ ժողովուրդն է նրանց համար», - բնորոշում է «Օրրան»-ը:

Անդրադառնալով ընդդիմությանը, «Ազգ» թերթի մեկնաբանն էլ գրում է. - «Երկրի քաղաքական կյանքում ընդդիմությունն այս պահին որեւէ լուրջ դերակատարություն չունի։ Իշխանություններին հաջողվեց յուրօրինակ շրջափակման մեջ առնել ընդդիմությանը։ «Արդարություն» դաշինքի հավաստիացումները, թե սեպտեմբերից ակտիվ գործունեություն են ծավալելու խորհրդարանում, այսինքն՝ յուրատեսակ հերթական թեժ աշուն են խոստանում, քաղաքական մանեւրեր են ընդամենը։ ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունն այնպես չի «կառուցվել», որ նախագահը հանդուրժի անհանգստացնել իրեն»։ Այս ֆոնի վրա «Ազգ»-ում իշխանությունների կողմից փարիսեցիություն են որակված եւ ընդդիմությանն ուղղվող համագործակցելու կոչերը:

Անդրադառնալով Եվրոպայից հնչող արձագանքներին ու գնահատականներին մեր իրականությանը, «Իրավունք» թերթի մեկնաբանը նշում է. - «Պահանջը մեր իշխանություններից հիմնականում վերաբերում է ընտրակեղծիքների հետաքննությանը եւ ընտրակեղծարարներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելուն: Իսկ դա ծանրագույն խնդիր է ե'ւ Ռոբերտ Քոչարյանի, ե'ւ ամբողջ իշխանական բուրգի համար, քանզի ընտրական հանցագործությունների մեջ ներքաշված են եղել տասնյակ հազարավոր մարդիկ եւ բոլորը ստացել են համապատասխան երաշխիքներ: Ընտրակեղծարարների այդ հսկայական բանակին քրեական հետապնդումների ենթարկելը հղի է ծանրագույն ներիշխանական լարումներով եւ լուրջ ճգնաժամով, քանզի դա նշանակում է ոչ միայն որոշակի լծակներով օժտվածների հոծ զանգվածին լարել ընդդեմ կենտրոնական իշխանության, այլեւ կհանգեցնի այն մեքենայի փլուզմանը, որը ապահովում է Հայաստանում գործող իշխանական համակարգի վերարտադրումը»:

«Երկիր» թերթն այսօր խմբագրականում տրտնջում է. - «Պատժվելու են ոչ միայն նրանք, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի մեր պետությունն ու հասարակությունը մի քանի ամսվա ընթացքում կորցնեն այն վարկն ու հեղինակությունը, որ ձեռք էր բերվել տարիների տքնաջան աշխատանքով։ Պատժվելու են ոչ միայն նրանք, ովքեր քաղաքական դիմակ հագած՝ ընդամենը իրենց անաշխատ, պետությունից թաքցրած շահույթները անձեռնմխելի դարձնելու համար զոռով ու փողով մտան խորհրդարան: Պատժվելու են ոչ միայն նրանք, ովքեր լկտիաբար, արհամարհելով մարդկանց ազատ կամքի արտահայտման իրավունքը, թվեր ու տոկոսներ նկարեցին։ Պատժվելու ենք բոլորս. բոլոր քաղաքական ուժերը, պետական համակարգը, հասարակությունը։ Այդ թվում՝ նրանք, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում պայքարեցին եւ պայքարում են օրինականության եւ արդարության համար»:

«Թանկացումներ՝ դատարկվող զամբյուղի հաշվին» վերնագրի տակ «Երկիր»-ի առաջին էջին շեշտադրված է. - «Առանց այն էլ անհասկանալի միջոցներով գոյատեւող մեր հազարավոր համաքաղաքացիներ պարզապես հերթական անգամ հայտնվելու են անելանելի կացության մեջ, երբ նախկինում արդեն վճարելու դժվարություն ունենալով՝ հիմա առավել եւս չեն կարողանալու հասցնել կատարել իրենց պարտավորությունները տարբեր ծառայությունների դիմաց։ Իսկ պետությունը դժվար թե հասկանա նրանց անելանելիությունը եւ, պատճառաբանելով, որ մասնավոր ընկերություններ են, պահանջելու է մուծումներ կատարել»: Փոխարենը «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը այսօր էլ «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է. - «Եթե կարողանայինք ամբողջ իշխանությունը վերցնել, ավանդները կվերադարձնեինք»:


Վաչե Սարգսյան