Արմեն Ռուստամյան. «Զեկույցը պարզապես ընդունվում է ի գիտություն»

Մեկնաբանելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեկվա լիագումար նիստի ընդունած բանաձեւը, որով Հայաստանի նկատմամբ քաղաքական պատժամիջոցների սպառնալիք է հնչել՝ նկատի առնելով անցած խորհրդարանական ընտրություններում «ընտրախախտումների ծավալն ու լրջությունը», Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասաց, թե դրանից որեւէ «իրավական հետեւանք չի բխում»:

«Այդ կետի գոյությունը զեկույցում անակնկալի է բերել անգամ Հայաստան այցելած դիտորդական խմբի անդամներին», - ավելացրեց Ռուստամյանը:

Ընդունված բանաձեւով առաջարկվում է քննարկել Հայաստանի նոր պատվիրակության իրավասությունները Եվրախորհրդի խորհրդարանական խորհրդարանական վեհաժողովում չվավերացնելու հարցը:

Սովորաբար Եվրոպայի խորհուրդը աշխատում է այսպես կոչված «բաց աշխատանքային ռեժիմով», սակայն ընդհուպ մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին զեկույցի քննարկումը առաջարկվող բանաձեւի տեքստը չէր հրապարակվել: Իսկ, օրինակ, ավելի վաղ անցած նախագահական ընտրություններից հետո զեկույցի տեքստը, ուր պատժամիջոցների մասին հիշատակում չկար, քննարկումից դեռ երկու շաբաթ առաջ տեղադրված էր Եվրախորհրդի ինտերնետայի էջում:

Հարցին, թե ինչու պատգամավորներից ոչ մեկը նիստերի դահլիճում չընդդիմացավ զեկուցող Բերնարդ Շրայների առաջարկին, եւ արդյոք դա չի նշանակում, թե Եվրախորհրդի քաղաքական ղեկավարությունը «խաղ» է նախաձեռնել դիտորդական առաքելության թիկունքում, Ռուստամյանը պատասխանեց, թե չի կարող պնդել, թե ձեւակերպումը տեղ է գտել զեկույցում Եվրախորհրդի քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ:

Ռուստամյանի խոսքերով, դա զեկույց է, որը ներկայացվում է եւ ընդունվում է պարզապես ի գիտություն, եւ չի կարող դիտվել որպես Եվրախորհրդի որոշում. - «Սրանից որեւէ իրավական հետեւանք չի բխում ուղղակի: Քանի դա չի դարձել հանձնաժողովների քննարկման առարկա, հանձնաժողովները իրենց տեսակետերը չեն ներկայացրել եզրակացության ձեւով եւ այնուհետեւ դա չի քվեարկվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, սա չի կարող դառնալ Եվրախորհրդի որոշում»:

Քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում Արմեն Ռուստամյանը նշել է, որ Հայաստանում ձեւավորված քաղաքական կոալիցիան ընտրական գործընթացների բարելավումը համարում է իր առաջնային խնդիրներից մեկը: Նա ասել է նաեւ, որ նորընտիր պատվիրակության լիազորությունների չվավերացման հնարավորությունը չի տեղավորվում այն տրամաբանության մեջ, թե Եվրոպայի խորհրդի հետ համագործակցաբար աշխատելով, կարելի է յուրացնել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման եվրոպական փորձը:

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում արձանագրեց, որ «մանդատի քննարկումն արդեն կոշտ վերաբերմունք է Հայաստանի իշխանությունների նկատմամբ»: «Եվ տվյալ պարագայում հետեւանքները կարող են լուրջ լինել ընդհանրապես Հայաստանի համար», - եզրակացրեց նա՝ ավելացնելով, թե երկրի ղեկավարությունը նման արձագանքի մասին պետք է մտածեր նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ:

Խորհրդարանում իշխանամետ մեծամասնության ներկայացուցիչները իրավիճակը այդքան լուրջ չեն համարում: Ազգային Ժողովի փոխնախագահ, Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը կարծիք արտահայտելով, որ Հայաստանի համար «ծայրագույն անբարենպաստ որոշումներ չեն լինի», ասաց. - «Ոչինչ, թող քննարկվի: Ես չեմ կարծում, որ մեր պատվիրակությունը կզրկվի մանդատից: Քննարկումը, թերեւս, նույնիսկ օգուտ բերի մեր երկրին»:

Հարցին՝ եթե անդուհանդերձ լինեն «ծայրագույն անբարենպաստ որոշումներ», ի՞նչ են անելու, Հովհաննիսյանը ասաց, թե պայքարելու են՝ «բացատրելով, համոզելով, հասկացնելով»: «Ընդունելով սխալները եւ այդ սխալները ուղղելու վերաբերյալ որոշակի ծրագրեր ներկայացնելով, քաղաքական կամք դրսեւորելով»« - ավելացրեց նա:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան