Վարչապետը բացառում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մինչեւ տարեվերջ

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հինգշաբթի բացառեց, թե էլեկտրաէներգիայի սակագները կարող են բարձրանալ այս տարի, սակայն չբացառեց դրա հնարավորությունը 2004 թվականին:

Անցած շաբաթ Էներգետիկայի վերանշանակված նախարար Արմեն Մովսիսյանը չէր հերքել լուրերը, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարող է մոտ ապագայում բարձրանալ՝ դա կապելով դրամի սղաճի հետ: Էլեկտրաէներգիայի ներկայիս սակագինը հաստատվել է 1998 թվականին, երբ դոլարի կուրսը 480-500 դրամ էր, իսկ այսօր այն կազմում է 580 դրամ: ՄԻնչդեռ ներկրվող էներգակիրների համար վճարումները կատարվում են տարադրամով:

Այսօր ներկայացնելով իր կաբինետի ծրագիրը վարչապետ Մարգարյանը, ըստ էության, չժխտեց նման զարգացումների հավանականությունը՝ բացառելով, սակայն, սակագների բարձրացումը մինչեւ տարեվերջ:

«Երբ մենք վաճառեցինք բաշխիչ ցանցերը, այնտեղ կար հստակ սցենար՝ սակագների նկատմամբ քաղաքականությունը, որը ենթադրում է, այո, ապագայում սակագների բարձրացում՝ բայց ոչ այս տարի եւ ոչ այն մեծ չափերով՝ գերշահույթներ ստանալու նպատակով, որ սեփականատերերը կցանկանան դա անել: Եվ հետագա փոփոխությունները, մեր հաշվարկներով, էականորեն չեն ազդի սոցիալական անապահով խավերի վրա», - Ազգային ժողովում հայտարարեց Անդրանիկ Մարգարյանը:

Ըստ որոշ փորձագետների գնահատման, մինչդեռ, ներկայիս սակագինը՝ 25 դրամ մեկ կիլովատտ/ժամի դիմաց, որն արդեն իսկ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներում ամենաբարձրերից է, կարող է բարձրանալ մինչեւ 30-35 դրամ:


Ատոմ Մարգարյան, Երեւան