Մամուլի տեսություն

«Հայկական ժամանակ» թերթում ներկայացվող վերլուծության համաձայն, Ռոբերտ Քոչարյանը ուզում է ունենալ թույլ Ազգային ժողովի նախագահ: «Միայն ոչ Սերժ Սարգսյանին. սա այն հիմնական սկզբունքն է, որից ելնում է Ռոբերտ Քոչարյանը ԱԺ նախագահի թեկնածությունները քաղաքական ուժերի հետ քննարկելիս: Այս մոտեցումը խիստ բնական է. խորհրդարանական վերջին ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հակասությունները հասել են իրենց գագաթնակետին», - գրում է մեկնաբանը: - «Քոչարյանը գործող պաշտպանության նախարարին ուզում է տեսնել այնպիսի վիճակում, որ իրեն պաշտպանելը նրա համար լինի կենսական նշանակության խնդիր»: «Ինչ վերաբերում է ԱԺ նախագահին, Ռոբերտ Քոչարյանի համար կատարյալը Արմեն Խաչատրյանի մոդելն է», - մատնանշում է մեկնաբանը: - «Սա այն տարբերակն է, երբ որեւէ գործիչ դառնում է ԱԺ նախագահ՝ առանց այդ ԱԺ-ում կողմնակիցների լուրջ թիմ ունենալու: Ու պատահական չէ, որ այդ պաշտոնում Քոչարյանն ուզում է տեսնել Արթուր Բաղդասարյանին: Գործող նախագահը լավ գիտի, որ Բաղդասարյանի թեկնածությունը պատգամավորների ակնհայտ մեծամասնության համար ամենաանցանկալին է, եւ եթե Արթուր Բաղդասարյանը, այնուամենայնիվ, դառնա ԱԺ նախագահ, կնշանակի՝ դա տեղի է ունեցել բացառապես Քոչարյանի պնդումների շնորհիվ: Եվ հասկանալու է, որ պատգամավորները ցանկացած պահի կազատվեն իրենից, եթե Քոչարյանը նման ցանկություն հայտնի: Ահա այսպես Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է բացառել ԱԺ ղեկավարություն - ԱԺ մեծամասնություն փոխադարձ համաձայնությունը՝ սեփական անվտանգությունը ապահովելու համար»: Մյուս կողմից, նման թույլ Ազգային ժողովի նախագահի տարբերակը, ըստ «Հայկական ժամանակ»-ի, մահաբեր է լինելու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի համար, քանզի այդ պարագայում իշխանական եռյակում հայտնվելու Սերժ Սարգսյանի միակ հնարավորությունը մնալու է Անդրանիկ Մարգարյանին հարմար առիթով զոհաբերելը եւ նրա փոխարեն վարչապետի պաշտոնը զբաղեցնելը: Այնպես որ, այս վերլուծականի եզրահանգումներով, այս երկուսի համար հիմա լավագույն տարբերակը վարչապետի ու խորհրդարանի նախագահի պաշտոնները իրան մեջ բաժանելն է:

«Դեռ երբեք իրավիճակն այսքան բարդ եւ անկանխատեսելի չի եղել», - փաստագրում է «Այբ-Ֆե» թերթի մեկնաբանը՝ հիմնական գծերով նախանշելով. - «Վարչապետի պաշտոնը ե'ւ քաղաքական, ե'ւ տնտեսական տեսանկյունից, դժվար է Անդրանիկ Մարգարյանից վերցնելը՝ պատճառաբանություն չկա: Պաշտոնական տվյալներով Մարգարյանի կառավարությունը աննախադեպ տնտեսական աճ է արձանագրել: Մարգարյանից վարչապետական լիազորությունները վերցնել հնարավոր է մեկ տարբերակով միայն՝ եթե իբրեւ փոխհատուցում նրան տրվի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը»: Միաժամանակ, մեկնաբանի հայացքով, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը «Օրինաց երկիր» կուսակցությանը հրամցնելուն վարչապետ Մարգարյանի առարկությունը ոչինչ նշանակել չի կարող. - «Հակառակ կանխատեսումներին, այս փուլում Սերժ Սարգսյանը ավելի հեշտությամբ փոխզիջման գնաց Ռոբերտ Քոչարյանի, քան վարչապետ Մարգարյանի հետ»: «Ամեն դեպքում, իշխանությունն առավել, քան երբեւէ, բազմազան է լինելու», - ամփոփված է «Այբ-Ֆե» թերթում: - «Հայաստանյան փորձը ցույց է տալիս, որ այդ վիճակը հավանաբար երկար չի շարունակվի: Ազդեցիկ կլանների ստվերային պայքարում աստիճանաբար կողմերից մեկը իր ձեռքում կկենտրոնացնի ողջ իշխանությունը»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր արձանագրում է. - «Ակնհայտ է, որ խորհրդարան մուտք գործած ուժերը չեն կարողանում քաղաքական կոնսենսուսի հանգել: Ականատես ենք անհատական հավակնությունների բախման, որոնք կուսակցական տարանջատումների համակարգի մեջ ձեռք են բերում է՛լ ավելի բեւեռացված ու փոխբացասող կերպարանք: Սակայն շատ ավելի վտանգավոր են կուսակցությունների հավակնությունները»: «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի նախանշմամբ էլ՝ ներկա հետընտրական առեւտրի ողջ տրամաբանությունը ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե վերջիվերջո ինչպե՞ս կբաշխվեն Ազգային ժողովի ղեկավարության կամ կառավարության առանցքային պաշտոնները, արդյունքում խորհրդարանի ներսում չի բյուրեղանա որեւէ հստակ քաղաքական ուղեգիծ: «Ուստի անիմաստ պաշտոնակռվի եւ հավակնությունների բախման գործընթացը, որը բնորոշ էր բոլոր նախորդ խորհրդարանների համար, կարող է ձեռք բերել է՛լ ավելի անկանխատեսելի եւ անգամ՝ զավեշտական կերպարանք: Նորընտիր խորհրդարանը դեռեւս չձեւավորված՝ արդեն հասցրել է ապացուցել, որ ի վիճակի չէ իրականացնել երկրի ղեկավարման այն համեմատաբար սահմանափակ գործառույթները, որոնք նրա վրա դրել է գործող սահմանադրությունը», - գնահատական է տրվում «Հայոց Աշխարհ»-ում:

«Քաղաքացու ամբիոն» խորագրի տակ «Ազգ» թերթում այսօր տեղ են գտել այսպիսի մտքեր. - «Վերջին խորհրդարանական ընտրություններում թույլ տված սխալներով մեր ժողովուրդը գերազանցեց վերջին տարիներին թույլ տված իր բոլոր սխալները: Ընտրությունների դաշտում դեմ առ դեմ մնում են աղքատ ժողովուրդն ու ընտրակաշառքը: Հենց այս իրավիճակում էլ գործող վարչախումբը եւ փառքի ձգտող մեծահարուստները իրենց զգում են ինչպես ձուկը ջրում»: Արդյունքներից «Ազգ»-ում նաեւ առանձնացված է. - «Լինելով խոսքի եւ գործի հակասության դասական օրինակ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին հաջողվում էր միաժամանակ լինել ե'ւ մոլի իշխանամետ, ե'ւ «լինել ժողովրդի հետ»:

«Քթներիցս կհանեն, բայց հետո» վերնագրով խմբագրականում «Առավոտ» թերթը հացամթերքի ներկա թանկացման առնչությամբ ուղղորդում է. - «Մի՞թե մենք այնքան միամիտ ենք, որ կարծում ենք, թե նախընտրական արշավի ժամանակ հսկայական փողեր ծախսած մեր մեծահարուստները, պատգամավորական մանդատ ձեռք բերելով՝ կհամաձայնեն իրենց գումարները ետ վերադարձնել յուրաքանչյուր հացից 20-30 դրամ գանձելու հաշվին։ Իհարկե՝ ոչ։ Որ նրանք անպայման կցանկանան ոչ միայն վերադարձնել իրենց կապիտալը, այլեւ գերշահույթ ստանալ՝ անվիճելի է։ Բայց դա տեղի կունենա մի փոքր ուշ, համակարգված եւ մեր գրպանին է խփելու շատ ավելի էական ձեւով, քան հիմա։ Այ, երբ որ վերջապես որոշվի կառավարության կազմը, բաժանվեն քաղաքական եւ տնտեսական ազդեցությունների ոլորտները, այն ժամանակ մենք դեռ շատ կափսոսանք մեր վերցրած ընտրակաշառքների համար։ Քանի որ, ամենայն հավանականությամբ, վերաբաժանված մենաշնորհային բնագավառներում գները կարող են այնպես թռնել, որ հացի այս թանկացումը մանրուք կթվա»:


Վաչե Սարգսյան