Մամուլի տեսություն

Ժամն է պաշտոններ բաժանելու, եւ կադրային հավանական նշանակումների շուրջ է հիմա պտտվում հայ քաղաքականադեմ միտքը: Շրջող լուրերից «Հայոց Աշխարհ» թերթը այսօր ամրագրել է հետեւյալը. - «Սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը ներկայացված չի լինելու նոր կառավարության կազմում, այդ պորտֆելը նախատեսված է հանձնել «Օրինաց երկիր» կուսակցությանը: Պետական հարկային ծառայության ղեկավար Երվանդ Զախարյանը թողնելու է ներկայումս զբաղեցրած պաշտոնը եւ նշանակվելու է Երեւանի քաղաքապետ»: «Առավոտ» թերթի լրատվությամբ էլ՝ առաջիկա օրերին Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը կհեռացվի իր պաշտոնից, բայց այդ աթոռը կզբաղեցնի ներկայումս Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Այս թերթն էլ փոխանցում է, թե սոցիալական ապահովության ապագա նախարարը կլինի ամենապոպուլիստական կուսակցության՝ «Օրինաց երկիր»-ի անդամ Սերգո Երիցյանը: Ըստ այդմ՝ եկել են ժամանակները, երբ «Սերգո ջանը» լավ կապրի։

«ՀՅԴ-ն չի մեղադրում Քոչարյանին, փոխարենը՝ վերջապես տալիս է խախտումների իրական մեղավորի՝ ՀՀԿ-ի անունը, որը փախցրել է ՀՅԴ-ի ձայներն ու նրանից առաջ անցել»։ Ուրվագծված այս պատկերից «Առավոտ»-ի խմբագրականում բխեցվում է. - «Դաշնակցականներն առայժմ չեն ցանկանում հակադրվել նախագահին՝ նրան պարզապես ակնարկելով, որ ինքը՝ Քոչարյանը պիտի ձեւավորի կոալիցիոն կառավարություն՝ ըստ արժանվույն գնահատելով նախագահական ընտրություններին իրեն սատարող ուժերի ծառայությունները, այլ ոչ թե ԱԺ-ում մեծամասնություն կազմած ՀՀԿ-ն։ Եթե նախագահն անարձագանք թողնի ՀՅԴ-ի առաջարկն ու նոր կառավարության ձեւավորման ամբողջական արտոնությունը տա ՀՀԿ-ին, ապա բացառված չէ, որ վաղը ՀՅԴ-ն կցանկանա փոխել ոչ միայն մեր կյանքը»:

«Ինչքան էլ հիասթափված լինենք Ազգային Ժողովի ընտրություններից, չենք կարող մեր հիացմունքն ու բերկրանքը թաքցնել, երբ անարդար ընտրություններից են բողոքում Միրզախանյանը, Լյուդմիլա Հարությունյանը, Սեյրան Ավագյանը, կամ, ասենք, «Հզոր Հայրենիք»-ի անդամները», - վայելում է «Այբ-Ֆե» թերթը՝ շարունակելով. - «Դժգոհելով ընտրություններից, նրանք վերստին չեն նշում Քոչարյանի անունը. կարելի է կարծել, որ ընտրությունները Ստեփան Դեմիրճյանն ու Արշակ Սադոյանն են կեղծել: Փաստը մնում է փաստ, որ Քոչարյանը ոչ մի կերպ չսատարեց նրանց, ովքեր անձնազոհ սատարեցին իրեն: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարին, ապա վերջինս լիովին տիրություն արեց իր շրջապատին. ՀՀԿ-ն, Գեղամյանն ու «Օրինաց երկիր»-ը, գումարվելով իրար, ներկա Ազգային Ժողովում բացարձակ մեծամասնություն կունենան՝ ավելի ու ավելի ուժեղացնելով Սերժ Սարգսյանին: Այնպես որ», - ըստ այս վերլուծականի՝ - «ինչպես չորս տարի առաջ, հիմա եւս Քոչարյանը հայտնվել է թագուհու կարգավիճակում»:

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում փորձում է հիմնավորել, թե ինչու ընդդիմությունը չպիտի բոյկոտի այս Ազգային ժողովը՝ մասնավորապես փաստարկելով. - «Եթե դաշինքը որոշում է գնալ խորհրդարան, ապա վստահ եղեք, որ իշխանություններին շատ լուրջ գլխացավանք ենք պատճառելու, քանզի որակական տեսակետից մեր ֆրակցիան ամենահզորն է... Ցանկացած պահի երկրում կարող է առաջանալ խորը եւ լուրջ ճգնաժամ։ Չլինել խորհրդարանում այդ պահին, ես կարծում եմ, սխալ է»։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հայացքով՝ «Եթե նույնիսկ անարդարությունները ինչ-որ չափով փոխել են պատկերը, Հայաստանի դիմագծի համար այդ խախտումները էական որեւէ բան չէին կարող փոխել, որովհետեւ խորհրդարանում ներկայացված խմբերից կամ մեծամասնականով եկած մարդկանցից մեկի փոխարեն եթե մյուսը լիներ, ապա Հայաստանի համար գործնական ծրագրի ընթացքի իմաստով որեւէ էական բան չէր փոխվելու, քանի որ միեւնույն շերտի մարդիկ էին»: Ընդհանուր առմամբ, Հրանուշ Խառատյանը «Հայոց Աշխարհ» թերթում փաստագրել է. - «Մեր բնակչության քանակական մեծամասնության շահերը այս խորհրդարանում ամենեւին չի արտահայտվելու»:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ազգ» թերթում գնահատում է. - «Հայաստանում անցկացված Ազգային ժողովի ընտրությունները արմատապես չէին տարբերվում վերջերս անցկացված նախագահական ընտրություններից։ Հսկայական չափով գործի են դրվում վարչական եւ դրանց ենթակա ֆինանսական ու տեղեկատվական ռեսուրսները։ Կարծում եմ, որ իշխանության համապատասխան կառույցները եւ քաղաքական ընտրախավը դրանից կանեն անհրաժեշտ հետեւություններ, եթե, իհարկե, շահագրգռված են, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդն արագորեն հաղթահարեն ամբողջատիրության ժառանգությունը եւ անցման ժամանակաշրջանի բացասական գործոնները՝ ի նպաստ կայուն ժողովրդավարության»։ Արա Աբրահամյանը նաեւ նշում է. - «Ինչ վերաբերում է մեր գործընկեր ՀՌԱԿ-ի հանդեպ նախագահի եւ նրա մերձավորագույն շրջապատի վերաբերմունքին, անցկացված ընտրությունները եւ մի շարք հարակից երեւույթները չեն կարող մեզ չդրդել վերստին լրջորեն վերլուծելու ՀՀ իշխանությունների հետ մեր հարաբերությունների բնույթը եւ անհրաժեշտության դեպքում ճշտելու եւ գուցե վերանայելու դրանց մի շարք կողմերը»։

«Ազգային Ժողովի ընտրություններում միջազգային դիտորդական առաքելությունը, բացի հրապարակված նախնական եզրակացությունից, կազմել է մի փաստաթուղթ եւս, որը նախատեսված է ներքին՝ աշխատանքային օգտագործման համար»: «Հայկական ժամանակ» թերթը «Խայտառակ թվեր» խորագրի տակ ներկայացնելով որոշ արձանագրումներ իր տրամադրության տակ հայտնված այդ փաստաթղթից, ամփոփում է. - «Այս ընտրությունների մասին միջազգային դիտորդների վերջնական եզրակացությունները շատ ավելի խիստ են լինելու, քան նախնականը»:


Վաչե Սարգսյան