Ռոբերտ Քոչարյանը գոհ է անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

Հայաստանի նախագահի խոսնակ Աշոտ Քոչարյանի փոխանցմամբ, նախագահ Ռոբերտ Քոչարյանը «նորմալ է գնահատում մայիսի 25-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքը եւ վերջնական արդյունքները»:

Հարցին, թե ի՞նչ ելակետ ունի նախագահը վարչապետ նշանակելու եւ կառավություն ձեւավորելու հարցում, նախագահի խոսնակը պատասխանեց. - «Քաղաքական գործընթացները բնականոն ձեւով շարունակվում են, շարունակվում են նաեւ բանակցությունները տարբեր քաղաքական ուժերի հետ, եւ Ազգային ժողովում հնարավոր է ձեւավորել այն մեծամասնությունը, որը կաշխատի երկարատեւ եւ արդյունավետ»:

Աշոտ Քոչարյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց հայաստանյան մամուլում շրջանառվող լուրերը, թե «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը կարող է առաջարկվել ԱԺ նախագահի պաշտոնի համար:

Պատասխանելով նախագահ Քոչարյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթը հանրաքվեով չընդունվելու մասին հարցին, նախագահի խոսնակը ասաց, թե Ռոբերտ Քոչարյանը դրական է գնահատում «հանրաքվեի նախնական արդյունքները»:

«Ըստ նախնական արդյունքների, քվեարկողների 50 տոկոսից ավելին կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը՝ չնայած գործադրված լուրջ հակազդեցությանը», - ասաց Աշոտ Քոչարյանը: - «Որոշ ժամանակ անց այդ բարեփոխումների փաթեթը նորից կդրվի քննարկման»:


Հրաչ Մելքումյան, Երեւան