Մամուլի տեսություն

«Եթե առաջիկա ընտրությունները որակապես չտարբերվեն իրենց կազմակերպվածության առավել բարձր մակարդակով, արդարությամբ ու թափանցիկությամբ, ապա միանշանակ է, որ մեր պետությունը լուրջ հիմնախնդիրներ է ունենալու միջազգային ասպարեզում: Եվ եթե ոմանց թվում է, թե միջազգային հանրությունը մատների արանքով կարող է նայել խախտումներին, ապա չարաչար սխալվում են», - շեշտադրում է Դաշնակցության «Երկիր-օր» պաշտոնաթերթը՝ ընտրությունների օրինականությունը արժեվորելով նաեւ հասարակության համար. -«Կայունության համար հասարակական համերաշխություն է հարկավոր, որը չի կարող առաջանալ կեղծիքի կամ մարդկանց կամքի վրա բռնանալու ճանապարհով: Միայն լեգիտիմ, ժողովրդի կամքն արտահայտող իշխանությունը կարող է ապահովել հասարակության զարգացման անհրաժեշտ հիմքերը»:

«Այնքան անվերապահորեն նախագահական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող կուսակցությունները հիմա էլ անհաջող փորձեր են անում խորհրդարանական ընտրությունների շեմին շահել ընտրողի վստահությունը», - նշում է «Առավոտ»-ի խմբագրականը՝ ավելացնելով, թե նախագահական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող կուսակցությունները հիմա էլ անհաջող փորձեր են անում խորհրդարանական ընտրությունների շեմին շահել ընտրողի վստահությունը: - «Նրանց այսօրվա ելույթները թույլ են տալիս կասկածել, որ նրանք չունեն քաղաքական լուրջ սկզբունքներ... Քոչարյանի սատարողներն այսօր միանգամից դարձան նրա քննադատները: Հիմա հանկարծ պարզվում է, որ նախագահի առավելություններն այնքան էլ շատ չեն, որքան թվում էր իշխանամետներին։ Հիմա նրանք հավաստիացնում են, որ ուզում են փոխել կյանքը»:

«ՀՀԿ-ն երբեւէ դեմ չի եղել դաշինքով ընտրությունների գնալուն: Սակայն որոշ ուժեր, թերեւս, իրենց հնարավորությունները գերագնահատեցին, ընդհանուր հայտարարի չեկանք, որոշեցինք մրցակցել՝ առանձին-առանձին», - «Օրրան»-ի հարցազրույցում բացահայտում է Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում չորրորդ տեղը զբաղեցնող տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը՝ շարունակելով. - «ՀՀԿ-ն արժանի ու արդար մրցակցության արդյունքում ունենալո՛ւ է մեծամասնություն: Անկախ նրանից, թե դա ոմանց ցանկություններին համապատասխանում է, թե ոչ... Ընտրական կամպանիան խելամտորեն եւ կազմակերպված տանելու դեպքում թերեւս 30 տոկոս համամասնականի ակնկալիք ունենք, մեծամասնականի 20 թեկնածուներից էլ` 100 տոկոսի, որովհետեւ ճի՛շտ թեկնածուներ ենք առաջադրել եւ ճիշտ քարտեզով»: Թղթակցի՝ «Ըստ Ձեզ` ո՞վ է ՀՀԿ-ի թիվ մեկ մրցակիցը» հարցին, Հովիկ Աբրահամյանը պատասխանում է. - «Թող անհամեստ չթվա, բայց չի բացառվում, որ պարզվի, որ դրանք երկրորդ, երրորդ «թվում» չեն, եւ մրցակցությունը սկսվում է, ասենք, երրորդ-չորրորդ տեղերից` հետեւյալ համամասնությամբ` ՀՅԴ, «Արդարություն» դաշինք, «ՕԵ»...»:

«ՀՅԴ-ն նախագահի հետ է, բայց լուրջ փոփոխությունների ակնկալիքով» վերնագրի ներքո «Հայաստանի Հանրապետություն» թերթը, լուսաբանելով Դաշնակցության հանդիպումներից մեկը, մեջբերում է նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի խոսքերը. - «Ընտրությունների ժամանակ հասարակության երկփեղկումը, կարծիքների տարանջատումը նշանակում է, որ շատ հարցեր իրենց լուծումը չեն ստացել, եւ հասարակությունը դժգոհություն ունի: Այն պարագան, որ ընդդիմությունը հարյուր հազարավոր ձայներ ստացավ, կարելի է բացատրել նաեւ այդ դժգոհությամբ, այսինքն՝ ձայների մի մասը բողոքի ձայներ կարելի է համարել: Սա պարտավորեցնում է արդեն ձեւավորված իշխանություններին եւ այն ուժերին, որոնք կձեւավորեն իշխանություն»: Իսկ արդեն «Հայոց Աշխարհ»-ում Թումանյանը ասում է. - «Դաշնակցությունն ասում է՝ նախագահի հետ, բայց դրանից հետո՝ արմատական փոփոխություններ: Այդ փոփոխությունների առաջարկությունն արվելու նաեւ նախագահին»:

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները ես դիտարկում եմ միմիայն որպես պայքարի հերթական փուլ՝ բռնապետության դեմ։ Որեւէ այլ խնդիր չեմ տեսնում», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում նշում է մեծամասնական ընտրակարգով առաջադրված Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը։ - «Ժողովրդավարության չափանիշն այն է, որ գոնե մեկ անգամ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն լինի։ Մեր երկրում նման բան չի եղել», - փաստում է Ռուբինյանը՝ համարելով, որ ընդդիմության հաղթանակի հույսերը շատ աղոտ են, հնարավորությունները՝ չնչին. - «Թեկուզ ընդդիմության հաղթելու շանսերը քիչ են, բայց պայքարը ստիպելու է, որ Քոչարյանը եւս մեկ անգամ դիմի ընտրակեղծիքների եւ բռնությունների։ Եւ դա կրճատելու է Քոչարյանի ժամկետը։ Պայքարը կրճատում է բռնապետի ժամկետը»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը, ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին, երեկ հայտարարել է, թե Երեւանի թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովի որոշումը՝ ԱԺ պատգամավորի թեկնածու Արամ Կարապետյանի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ, օրինական է: «Սա, թերեւս, նշանակում է, որ առաջիկա օրերին ԿԸՀ-ն Արամ Կարապետյանին կհանի նաեւ «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակից», - ենթադրում է «Հայկական ժամանակ»-ը՝ նշելով, որ Արամ Կարապետյանը երեկ դիմել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան՝ բողոքարկելով թիվ 17 ԸԸՀ-ի որոշումը»:

Նույն թերթը, անդրադառնալով Աղասի Արշակյանի թեկնածության գրանցումը մեծամասնական ընտրակարգով մերժելու, իսկ համամասնական ընտրակարգով վերականգնելու դատական որոշումներին, բխեցնում է. - «Ըստ էության, համոզվում ենք, որ դատավորներից որեւէ մեկն անօրինական վճիռ է կայացրել, քանի որ Արշակյանի հայցը մերժելու եւ բավարարելու հիմքերը երկու դատարանների համար էլ նույնն են եղել: Սակայն խնդիրն, ըստ ամենայնի, այն է, որ Արշակյանի հարցը լուծվել է ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթությունում»:

Համադրելով նախորդ խորհրդարանական ընտրությունները «Օրրան»-ը գրում է. - «90-ից 95 գալիս` զգում ես, որ եթերային, ռոմանտիկ շրջանից անցնում ես արդեն պրագմատիզմի ճահիճը»: Մեկնաբանի հայացքով, հետաքրքիր է նայել այդ ցուցակներին, մանավանդ` «իշխանական» կուսակցությունների եւ միավորումների: - «Հանրապետություն» միավորման ցուցակում 23-րդ համարը հետագայում` ընդամենը 4 տարի անց, դառնում է «Միասնության» 4-րդ, էլի 4 տարի անց` ՀՀԿ-ի առաջին համարը: Ուշագրավ է, որ նույն այդ «Հանրապետության» ցուցակում պատվավոր 106-րդ տեղը զբաղեցրած Արմեն Դարբինյանը այս հանցավոր ռեժիմի ավարտից հետո դարձավ ՀՀ վարչապետ: «Հանրապետություն»-ը նաեւ «Օրինաց երկրին» է կադրեր մատակարարել. 138 համարը զբաղեցնողը այնուհետեւ այդ կուսակցության մեջ առաջին տեղն է ամրագրել իր անունով»: «Օրրան»-ի մեկնաբանը եզրահանգում է. - «Ներկաները, նախկինները եւ ապագաները այլեւս նույնն են»:


Հրաչ Մելքումյան