Արդարադատության խորհուրդը նույնպես հայտարարում է, թե ՍԴ-ն գերազանցել է լիազորությունները

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, անցած նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի ապրիլի 16-ին ընդունած որոշման վերաբերյալ առաջին արձագանքը եղավ երկրի գլխավոր դատախազությունից: Անմիջապես հաջորդ օրը Հայաստանի գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ փաստելով, թե Սահմանադրական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:

Իսկ երեկ մամուլում հրապարակվեց արդեն Արդարադատության խորհրդի նույնաբովանդակ հայտարարությունը: Հրապարակված հայտարարության տակ ստորագրել են խորհրդի 16 անդամ: Որոշ աղբյուրների վկայությամբ, հայտարարությունը ստորագրվել է միաձայն, իսկ քննարկվել է աշխատանքային երկու նիստի ընթացքում: Այլ աղբյուրները, մինչդեռ, պնդում են, թե հայտարարության քննարկմանը մասնակցել եւ այն ստորագրել են խորհրդի ընդամենը մի քանի անդամ:

Արդարադատության խորհուրդը նույնպես Սահմանադրական դատարանին մեղադրում է իր լիազորությունների շրջանակներից դուրս գալու մեջ: Խոսքը ՍԴ-ի որոշման այն հատվածի մասին է, որն առնչվում է ընդդիմության հանրահավաքների ու երթերի մասնակիցներին վարչական կալանքի ենթարկելու վերաբերյալ առաջին ատյանի դատարաններին:

Ըստ հայտարարության, Սահմանդրական դատարանը անհրաժեշտ է համարել, որ Արդարադատության խորհուրդում քննարկվեն վարչական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանների կայացրած որոշումները, մինչդեռ, ըստ հայտարարության հեղինակների, նման լիազորություն Սահմանադրությամբ եւ օրենքով չի տրված Սահմանդրական դատարանին:

Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված էր, որ «երկրում վարչական կալանքի նման գործադրումը չի համապատասխանում իրավական պետության եվրոպական չափանիշներին», «դատարանների կողմից ընդունված այդ որոշումները թե' ըստ ձեւի եւ թե' ըստ բովանդակության պետք է դառնան Դատարանների նախագահների խորհրդի եւ Հայաստանի արդարադատության խորհրդի քննարկման առարկա»:

Իսկապես, «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ ընկած նման որոշումները, կարծես, ստանդարտ ձեւով էին կազմված: Դրանցից մի քանիսը նույնիսկ բլանկի տեսք ունեին՝ մեքենագրված էր քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, կատարված զանցանքը (նույնպես ատանդարտ՝ «զանցառուն մասնակցել է չարտոնագրված [պիտի լիներ չարտոնված] երթերին», «խոչընդոտել է փողոցային կանոնավոր երթեւեկությանը, բարձրաձայն աղմուկով խախտել է հասարակական կարգն ու նմանօրինակ այլ գործողություններ»):

Միջազգային փաստաբանների միության ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը անձամբ զբաղվել է վարչական պատասխանատվության ենթարկված անձանց գործերով եւ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ առաջին ատյանի դատարանների կայացրած որոշումները ընդհանուր առմամբ բնույթով տիպային էին՝ չնայած տարբեր դատավորներ են կայացրել դրանք: Նա ավելացրեց, որ դատարանների որոշումներում նաեւ հստակեցված չէր, թե զանցառուների նկատմամբ ինչու է հատկապես այդ պատժաչափը որոշվել:


Կարինե Քալանթարյան, Երեւան