Արշակ Սադոյանը չի գրանցվել որպես պատգամավորության թեկնածու

Այսօր Երեւանի թիվ 15 ընտրատարածքային հանձնաժողովը չի գրանցել մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Արշակ Սադոյանին՝ հիմնավորմամբ, թե ընդդիմադիր պատգամավորի ներկայացված փաստաթղթերում բնակելի տարածքի վերաբերյալ տվյալներում անճշտություններ են եղել:

Այս ընտրատարածքում առաջադրված մյուս 7 թեկնածուներին հանձնաժողովը գրանցել է: Գրանցվածների թվում են Ազգային ժողովի ներակայիս պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը եւ Գուրգեն Եղիազարյանը:

Սադոյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ երկուշաբթի օրը բողոք-դիմում է ներկայացնելու առաջին ատյանի դատարան:

Ընդդիմադիր պատգամավորի անունը ընդգրված է նաեւ «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակում: Սադոյանի անունը այստեղ 9-րդն է:

Կուսակցությունների համամասնական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պիտի գրանցեր այսօր, սակայն նիստը հետաձգվել է եւ կկայանա վաղը:


Կարինե Քալանթարյան, Երեւան