Կառավարությունը չի հանում մահապատժի հարցում բացառություններ նախատեսող դրույթները

Վաղը խորհրդարանը կքվեարկի եւ պարզ կդառնա՝ այս Ազգային Ժողովը մահապատժի վերացմանն անվերապահորե՞ն է կողմ, թե՞ մասնակիորեն:

Նոր Քրեական օրենսգրքում, որն այսօր երրորդ ընթերցմամբ եւ ամբողջովին քննարկվեց, առավելագույն պատժաչափ է ամրագրված ցմահ բանտարկությունը: Մահապատժի հարցը, որը Եվրախորհրդին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած հիմնական պատրավորություններից մեկն է, տեղափոխված է օրենսգիրքը գործողության դնող նախագիծ:

Ինչպես ասաց այս հարցով կառավարության ներկայացուցիչ, ներքին գործերի նախարարի խորհրդական Միքայել Գրիգորյանը, մահապատժի վերացման հետ կապված դրույթները «չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն, տեռորիստական ակտ, մանկահասակ աղջկա բռնաբարություն»:

Սա այն սողանցքն է, որ թողնվում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչություն իրականացրած խմբի անդամներին մահապատժի ենթարկելու համար:

Ինչ վերաբերում է մահապատժի դատապարտված մյուսներին, ովքեր ներկայումս երեք տասնյակից ավելի են (Հայաստանում մահապատժի դատապարտվածների հանդեպ այդ պատիժը չի կիրառվել 1990 թվականից), Քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո նրանց պատժաչափը կփոխարինվի ցմահ բանտարկությամբ:

Միքայել Գրիգորյանն իր ելությում ասաց նաեւ, որ Եվրախորհրդի իրավաբանական տնօրինության փորձագիտական եզրակացությունն անընդունելի է համարել օրինագծի միայն այն դրույթները, որոնք որոշակի ժամկետում եւ որոշակի ծանրության հանցագործությունների համար վերապահումներ են թողնում մահապատիժ կիրառելու համար: Փորձագիտական եզրակացությունն առաջարկում է հանել այդ դրույթները՝ ասելով, որ դրանք չեն բավարարում սահմանադրանական եւ քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներին:

Ամեն դեպքում, լինելով նաեւ մահապատժի վերացման անհրաժեշտությունը հիմնավորած աշխատության հեղինակ, Միքայել Գրիգորյանը լիազորված էր փոխանցել կառավարության կարծիքը՝ չհանել այդ դրույթները:

Նախագծի մյուս դրույթները միջազգային նորմերին եւ Եվրախորհրդին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորություններին համահունչ են, որոնցից ամենակարեւորն այն է, որ պատժի մեղմացման դեպքերում նոր քրեական օրենսգիրքը հետադարձ ուժ կունենա, իսկ խստացման դեպքերում՝ ոչ:

Վաղը խորհրդարանը կքննարկի այս օրինագիծը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջովին ընդունելու հարցը:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան