Ալվինա Գյուլումյանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը փակ քվեարկությամբ ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր:

2001 թվականին Եվրախորհրդին անդամակցած եւ 2002 թվականին Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան (բացառությամբ 6-րդ արձանագրության) վավերացրած Հայաստանը Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրել էր երեք թեկնածու: Բացի Գյուլումյանից, առաջադրվել էին նաեւ Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանի եւ Արժեթղթերի պետական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանի թեկնածությունները:

47-ամյա Ալվինա Գյուլումյանը Հայաստանի Սահմանադրական դատարանի միակ կին անդամն է եւ այդ պաշտոնը զբաղեցնում է 1996 թվականին դատարանի կազմավորումից ի վեր:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ