Մամուլի տեսություն

Անդրադառնալով նախագահական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդների գրանցած խախտումներն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծմանը, «Առավոտ» թերթը նախանշում է. - «Խախտումների մեղավորներն անպայման հայտնաբերվելու են եւ պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Քանի որ դա' են պահանջում արեւմտյան «շեֆերը»։ Միայն թե նրանք թող չզարմանան, երբ աշխատանքային խմբի 10-օրյա աշխատանքից պարզվի, որ ընտրախախտումների մեղավորները բացառապես ընդդիմության ներկայացուցիչներն են։ Իրադարձությունների այլ ընթացք դժվար է պատկերացնել, եթե հաշվի առնենք, որ խախտումներ ուսումնասիրող խմբում ներգրավված են արդարադատության նախարարության ու նախագահի աշխատակազմի աշխատակիցները։ Սա համարյա նույնն է, եթե Քոչարյանն ընտրախախտումները բացահայտելու հանձնարարություն տար իր նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանին։ Ինչ խոսք, վերջինս դժվար թե «հայտնաբերեր», օրինակ, այն փաստը, որ տասնյակ հազարավոր կեղծ քվեաթերթիկներ նախապես տպվել են, իսկ այնուհետեւ լցոնվել քվեատուփերի մեջ»:

Նայելով նոր խորհրդարանի համար առաջադրումների խճանկարին, «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանն այսօր գրում է. - «Ցանկերի ուսումնասիրությունը խիստ չափավորում է քաղաքական դաշտի կայացման մեր վարդագույն հույսերը... Հավակնորդների որակը ոչ միայն սկզբունքորեն չի փոխվել, այլեւ դատելով առաջադրումների ընդհանուր պատկերից, իր մեջ լուրջ փոփոխության հնարավորություն դեռեւս չի պարունակում: Համամասնական ցանկերում նույն՝ ժողովրդին վաղուց հայտնի, մասամբ նաեւ նրան ձանձրացրած անուններն են, որոնց շարքում աճելու, քաղաքական նոր հատկանիշներ դրսեւորելու հավակնորդներ գրեթե չկան»: Ինչ վերաբերում է իշխանություն - ընդդիմություն մրցակցությանը, «Հայոց Աշխարհ»-ում արժեվորված է. - «Ի տարբերություն ընդդիմության, իշխանությունը խորհրդարանական ընտրությունների է գնում շատ ավելի լայն ճակատով՝ փորձելով իր հիմնական գրավը դնել Հանրապետական կուսակցության վրա, բայց միաժամանակ Ազգային ժողով բերել առնվազն 4-5 այլ կուսակցություններ: Քաղաքական դաշտի կայացման համար իշխանության որդեգրած մարտավարությունը շատ ավելի լայն հնարավորություններ է բացում»:

«Ազգ» թերթի գնահատականներով, ընդդիմության՝ միասնական ցուցակով պայքարի մեջ մտնելն անակնկալ էր, եւ «ընդդիմությունն ակնհայտորեն գերազանցեց ինքն իրեն»: «Հակառակ նրանց, գործերը կարծես թե այնքան էլ լավ չդասավորվեցին մյուս՝ իշխանական թեւում», - համեմատում է մեկնաբանը։ - «Գործող նախագահին սատարող ուժերը չկարողացան նույնպիսի միասնականություն դրսեւորել: Փաստորեն ընտրություններին առանձին-առանձին գնալով՝ իշխանական թեւի ուժերը գիտակցաբար գնում են պայքարի նաեւ միմյանց դեմ ընդդիմությանը համահավասար։ Իսկ դա միմյանցից «ձայներ գողանալու» լավագույն ձեւն է եւ լավագույն զենքը ընդդիմության համար»։

«Օրրան» թերթի շեշտադրմամբ, խորհրդարանական առաջադրումների երկրորդ օրվանից իսկ բացահայտվեց, թե որքան խորն են «ընդամենը մի քանի օր առաջ միասին աշխատած, իսկ ավելի որոշակի՝ միասին հանցակցածների միջեւ եղած հակասությունները»: Նախագահական ընտրություններից ձգվող ընթացքը «Օրրան»-ի խմբագրականում փուլավորվում է այսպես. - «Նախագահականում հանրապետականները, դաշնակներն ու օրինացականներն իսկապես միասին աշխատեցին: Նրանց հետ միասին աշխատեցին նաեւ ամեն տեսակ կուսակցա-ազգայնական «սբրոդն» ու թաղային-տեղային-գեղային հեղինակությունները: Իսկ ինչո՞ւ չպետք է աշխատեին: Վտանգված էր նրանց ընդհանուր գործը... Բայց հիմա նրանք արդեն ոչ թե միասին են աշխատելու, այլ միմյանց դեմ: Ընդ որում՝ շատ ավելի ուժգին, քան ընդդիմության դեմ: Իսկ թե ինչու՝ պարզից էլ պարզ է: Նրանք, հո, իրար լավ են ճանաչում: Նրանք նախագահական բոհեմի ժամանակ միասին են մտահղացել եւ իրագործել ընտրահանցանքների ողջ ընտրանին: Հիմա այդ զինանոցը իրար դեմ են աշխատեցնելու»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի ձեւակերպմամբ՝ «մեր ընդդիմությունը գտնվում է քաղաքական գործազուրկի այնպիսի կարգավիճակում, որ պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել, միայն թե որպես ընդդիմություն իր գոյությունը պահպանի»: Ու հիմա էլ հանրահավաք անելու նոր գործ է գտել. - «Հատկապես Արմեն Սարգսյանի ձերբակալությունից հետո ընդդիմությունը նոր ուժով է ձեռնամուխ եղել հասարակությունը պառակտելու փորձերին»: Այս առումով «Հայաստանի Հանրապետություն»-ում հետեւյալ դիմումը կա. - «Սպարապետի հիշատակն ու անունը ձեր նման ժամանակավոր ու զանգվածային արտադրության գործիքների ու գործիչների կարիքը չունեն... Սպարապետը որքան Սարգսյանների ընտանիքինն է, այժմ ավելի շատ ողջ ժողովրդինն է»: «Ի վերջո, ընդհանրապես եթե հնարավոր է, որ ցանկացած մարդ՝ ոչ քաղաքական գործիչ, հանցագործ լինի, ինչո՞ւ քաղաքական գործիչը կամ նրա հարազատը պիտի կասկածից դուրս լինեն», - հարց է դրվում այս թերթում:

«Գուցե քննչական խումբը շատ էլ բարեխիղճ էր աշխատել: Բայց մենք սովոր ենք, որ ոստիկանությունը, դատախազությունը եւ դատարանները զբաղվում են հիմնականում երեք գործով. գործ են սարքում, կալանավորներից խոշտանգման միջոցով ցուցմունքներ են կորզում եւ կաշառք են վերցնում: Չկա հասարակության վստահություն այդ մարմինների նկատմամբ», - ընդգծում է «Առավոտ» թերթի խմբագիրը, որի մոտ գործի մանրամասների բացահայտումը նոր հարցեր է առաջ բերել. - «Հնարավո՞ր է, որ քաղաքական սպանությունը պատվիրեն ոչ թե մեկ քիլլերի, այլ մի ամբողջ բանդայի: Գործի հրապարակված նյութերից ստացվում է, որ Արմեն Սարգսյանը քիչ էր մնում թերթում հայտարարություն տար՝ պահանջվում են քիլլերներ: Հնարավո՞ր է, որ սպանությունից հետո մի քանի ամիս շարունակ քիլլերը զենքը պահի մոտը: Հնարավո՞ր է, որ բանականությունը չկորցրած մարդը սպանությունը պատվիրի ոչ թե դրսի (ասենք, Ռուսաստանից) մարդկանց, այլ իր բարեկամներին՝ թեկուզ եւ հեռավոր: Ինչպե՞ս եղավ, որ նույն բանդան պատրաստվում էր սպանել նաեւ Սուրիկ Մելքոնյանին, որը նույնպես Սարգսյանների բարեկամն է»:

Մյուս կողմից, «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր հակադարձում է. - «Բացահայտմանը տրված սրանց գնահատականները լսելիս կրկին համոզվում ենք, որ գործ ունենք ամեն ինչի, բայց ոչ բանականության հետ։ Այնպես են հոխորտում, որ նույնն է, թե ազդարարեն՝ «ինչո՞ւ բացահայտեցիք»... Հետո՞ ինչ, Սպարապետի եղբայրն է կամ այդ ընտանիքից է։ Կա՞ որեւէ երկիր, ուր Սպարապետի հիշատակը կամ ընտանիքը օրենքում ամրագրված է որպես հիմք»։ Այս անդրադարձում ենթադրություն է ներկայացվում, թե ինչո՞ւ պիտի ձեռնտու չլիներ նախագահի հակառակորդներին Նաղդալյանի սպանությունը. - «Նախընտրական մեկնարկից առաջ գործող նախագահին հզոր քարոզչական հենարանից զրկելը, մինչեւ ընտրություններ հասարակական-քաղաքական կյանքը բնականոն հունից դուրս մղելը ձեռնտո՞ւ չէին ոմանց»։

Երկարապահ կամավորականների միության անդամ, պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը «Այբ-Ֆե» թերթում ասում է. - «Շատ բացասաբար եմ վերաբերում Արմեն Սարգսյանի ձերբակալմանը, ու շատ լավ ճանաչելով ե'ւ Արամ Սարգսյանին, ե'ւ Արմեն Սարգսյանին, նրանց ամբողջ ընտանիքին, համոզված ասում եմ, որ նրանց ձեռնտու չէր Տիգրան Նաղդալյանի սպանությունը: Ոչ մի տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել այս ձերբակալությունը»: Սա Մալխասյանի անձնական կարծիքն է, իսկ թե ինչպիսին կլինի Երկրապահ կամավորականների միության արձագանքը, կպարզվի մոտ օրերս կայանալիք վարչության նիստում:


Վաչե Սարգսյան