Քոչարյանի շտաբի պետը վստահ է, որ գործող նախագահը հաղթելու է առաջին փուլում

Հայաստանի նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանը կիրակի օրը հրավիրած ասուլիսում կրկին պնդեց, որ իրենք ամեն ինչ արել են, որպեսզի գործող նախագահը հաղթի հենց առաջին փուլում։

«Մենք վստահ էինք, հիմա էլ կա այդ վստահությունը, որ մեր թեկնածուն հաղթելու է հենց առաջին փուլում», - հայտարարեց պաշտպանության նախարար եւ նախագահին առընթեր անվտանգության խոհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ երկրորդ փուլը իրենց համար անակնկալ կլինի, թեւե իրենք դրան էլ պատրաստ են: - «Մեր երկրում լուրջ փոփոխություններ չեն լինելու»:

Ընդդիմության հիմնական թեկնածուներ Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանը, ինչպես մի քանի անգամ կրկնեց Սերժ Սարգսյանը, կարող են պայքարել ընդամենը երկրորդ եւ երրորդ տեղերի համար:

Ընտրությունների երկրորդ փուլ երկու ընդնիմադիր թեկնածուների անցնելուն վերաբերող հարցին, Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետը հարցով պատասխանեց. - «Այդ դեպքում ինչո՞ւ նրանք չմիավորվեցին ու հանդես չեկան միասնական թեկնածուով»:

Ասուլիսի ընթացքում որոշակի բնութագրումներ ստացան ընդդիմադիր թեկնածուներ Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Արամ Կարապետյանը։ Բաժին հասավ անգամ իր թեկնածությունը հօգուտ Ստեփան Դեմիրճյանի հանած նախկին վարչապետ Արամ Սարգսյանին, որին պաշտպանության նախարարը խորհուրդ տվեց դիմել բժշկի:

Անցողիկ թեկնածուներից մեկն էլ (անթաքույց ակնարկվում էր Ստեփան Դեմիրճյանը) այսպես բնութագրվեց. - «Եթե նա հինգ նախադասություն չի կարողանում արտասանել, բա նա ո՞նց ա գնալու բանակցությունների»:

Ի պատասխան հարցին, թե ընտրությունների ընթացքին հետեւող կազմակերպություններից մեկը մինչ այժմ 270 լուրջ ընտրախախտումներ է գրանցել, որոնցից 240-ը Ռոբերտ Քոչարյանի շտաբին է բաժին ընկել, Սերժ Սարգսյանը ասաց, թե իրենք էլ բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրում ընդդիմության կողմից, սակայն, հակված չեն «մանր խախտումներին մեծ լրջությամբ վերաբերել»։

Գործող նախագահի նախընտրական շտաբի ղեկավարը Ընտրական օրենսգրքի շրջանակներում է համարում նաեւ նախարարների ու մարզպետների ակտիվ մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավին: Սերժ Սարգսյանի խոսքերով, նրանք կա'մ արձակուրդի մեջ են, կա'մ էլ աշխատանքից դուրս են քարոզչույթամբ զբաղվում:


Ատոմ Մարգարյան, Երեւան