Ստեփան Դեմիրճյանը աննախադեպ ջերմ ընդունելության է արժանանում Գեղարքունիքի մարզում

Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար, նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը աննախադեպ ջերմ ընդունելության արժանացավ այսօր Գեղարքունիքի մարզի ընտրողների հետ հանդիպումների ժամանակ: ՀԺԿ նախագահին սատարող բոլոր կուսակցությունների նախագահների հետ միասին առաջին անգամ քարոզարշավին մասնակցում էր Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Գյուղացիներն իրենք էին ասում, որ այսպես որեւէ այլ թեկնածուի չեն դիմավորել: Այսօր մարզում ընտրողների հետ հանդիպելու էին նաեւ նախագահի թեկնածուներից Արամ Կարապետյանը եւ Վազգեն Մանուկյանը: Եվ որոշ գյուղերում նույնիսկ մարդիկ դժգոհում էին, որ չկարողացան մյուս թեկնածուների հետ հանդիպել: Զոլաքարում, օրինակ, Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումը չէր կայացել, որովհետեւ գյուղացիները մայրուղի էին դուրս եկել եւ նկարներով ու կարգախոսներով էին սպասում էին Ստեփան Դեմիրճյանին:

Վարդենիսցիները առավոտյան ժամը 8-ից մայրուղի էին դուրս եկել՝ դիմավորելու ՀԺԿ նախահագին: Կարճաղբյուր գյուղից մինչեւ Վարդենիս Դեմիրճյանն անցավ 15 ձիավորների ուղեկցությամբ՝ մտնելով անգամ ծրագրով չնախատեսված գյուղերը:

Ելույթ ունենալով Մարտունիում, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ պետք է ստեղծել մի Հայրենիք, «որտեղ ոչ թե Դեմիրճյանը, այլ քաղաքացին է թագավոր... Ժամը եկել է նոր իշխանության»:

Մարտունիից հետո Ստեփան Դեմիրճյանը քարոզարշավը շարունակեց Գավառում եւ Սեւանում:

Նույն մարզում քարոզարշավի մեկնած Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը ժողովրդին կոչ էր անում գնալ մինչեւ վերջ՝ «եթե ժողովրդի ձայնը խլեն»: Անդրադառնալով ընդդիմադիր թեկնածուներին, Մանուկյանը ասաց, որ իրենցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները:

Ստեփան Դեմիրճյանի օգտին իր թեկնածությունը այսօր հանեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը: Նրա անունը, այդուհանդերձ, կմնա քվեաթերթիկներում:

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ՍտեփանԴեմիրճյանը անցնի հենց առաջին փուլում», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀԴԿ նախագահը: - «Նրա ժողովրդականությունը այդ հնարավորությունը ստեղծում է»:

Դեմկուսի նախագահը այդ քայլը պատճառաբանեց ոչ միայն ՀԺԿ նախագահի բարձր վարկանիշով, այլեւ, ինչպես ինքն ասաց՝ գաղափարական ծրագրահենքի ընդհանրությամբ։


Կարինե Քալանթարյան եւ Գայանե Դանիելյան, Գեղարքունիքի մարզ