Թափանցիկ քվեատուփերը արդեն Երեւանում են

Այսօր կեսօրին Գերմանիայից ժամանած ինքնաթիռը Հայաստան հասցրեց ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ձեռք բերված 2000 թափանցիկ քվեատուփերը, որոնց տեղափոխումն ընտրատեղամասեր կսկսվի այսօր իսկ:

Թափանցիկ քվեատուփերը պատրաստելու եւ Հայաստան տեղափոխելու ծախսերը հոգացել են Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի կառավարությունները: «Զվարթնոց» օդանավակայան էին եկել եւ ճեպազրույց անցկացրին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Օրդուեյը, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Քիտ Սիմոնսը, Գերմանիայի դեսպան Հանս Վուլֆ Բարտելսը, Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմ Սթրեյթը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվը:

«Ընդունեք սա իբրեւ մեր համեստ ներդրումը ընտրությունների թափանցիկությունը ապահովելու գործում», - քվեատուփերից մեկը հանձնելով ԿԸՀ-ի փոխնախագահ Համլետ Աբրահամյանին, ասաց Ռոյ Ռիվը: Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց՝ ընդգծելով, որ Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրներից, որին ընձեռվում է թափանցիկ քվեատուփերով քվեարկություն անցկացնելու հնարավորություն:

Քվեատուփերի տեղափոխումը ընտրատեղամասեր կսկսվի արդեն այսօրվանից: Թափանցիկ քվեատուփերը փոխանցվելու են ԿԸՀ-ի հաշվեկշռին՝ հաջորդ ընտրությունների ժամանակ եւս օգտագործելու համար: Գերմանիայի դեսպան Բարտելսը հույս հայտնեց, որ թափանցիկ քվեատուփերը ընտրողներին վստահություն կներշնչեն, թե ընտրությունների ողջ գործընթացը լինելու է թափանցիկ:

Հարցին, թե որքան գումար է ծախսվել քվեատուփերի պատրաստման եւ տեղափոխման համար, դոնորները ասացին, թե դա «սիմվոլիկ գումար է նշելու համար»՝ հերքելով հայաստանյան մամուլում երեւացած 20 մլն դոլար թիվը:

Ջոն Օրդուեյը ասաց, որ սրանով միջազգային դոնորների օգնությունը չի սահմանափակվում. Միացյալ Նահանգների կառավարությունը ընտրությունների անցկացման համար Հայաստանին հատկացրել է 1 մլն դոլար արժողությամբ սարքավորումներ (հեռախոսներ, ֆաքսեր): 56 ընտրատեղամասեր արդեն ստացել են այդ օգնությունը:

Միացյալ Նահանգների դեսպանը մեկ անգամ էլ շեշտեց քվեարկությունից հետո տեղամասային հանձնաժողովների կողմից մինչեւ ընտրատարածքային հանձնաժողովներին ուղարկելը քվեարկության արդյունքները տեղամասերում փակցնելու կարեւորությունը: Նա հույս հայտնեց, որ ԿԸՀ-ն դրական լուծում կտա այդ հարցին, որը բարձրացվել է նաեւ ԵԱՀԿ դիտորների կողմից:


Անուշ Դաշտենց, Երեւան