Փետրվարի 19-ին քվեատուփերը թափանցիկ կլինեն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Արտակ Սահրադյանը այսօր լրագրողներին հայտարարեց, որ փետրվարի 19-ի քվեարկության ժամանակ քվեատուփերը թափանցիկ կլինեն: Ըստ Արտակ Սահրադյանի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվի՝ այսօր ստորագրած հուշագրի, Գերմանիայից 2000 թափանցիկ քվեատուփեր կառաքվեն եւ արդեն փետրվարի 11-ին կլինեն Երեւանում, ինչից հետո կտեղափոխվեն հանրապետության բոլոր ընտրական տեղամասերը:

Անցած նոյեմբերին, երբ ԿԸՀ-ի արտահերթ նիստում «Իրավունք եւ միաբանություն» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Զավեն Պլուզյանն առաջարկում էր թափանցիկ նյութից պատրաստված եւ ավելի փոքր չափսերի քվեատուփեր պատվիրել բյուջեից տրամադրած գումարի հաշվին, հարցի քննարկումը հետաձգվեց: Պլուզյանը փաստարկում էր, որ հանրապետության որոշ տեղամասերում քվեատուփերը տարբեր չափերի են, ինչը աշխատանքային անհարմարություններ են ստեղծում:

Այն ժամանակ, սակայն, հանձնաժողովի մեծամասնությունը կարծիք հայտնեց, թե նոր քվեատուփերի պատրաստումը հսկայական ծախսերի հետ է կապված: Հարցի քննարկումը, ինչեւէ, հետաձգվեց:

Արտակ Սահրադյանը այսօր ասաց, թե շատ ավելի հարմար կլիներ քվեատուփերը Հայաստանում պատրաստել, սակայն ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարությունը նպատակահարմար գտավ քվեատուփերը բերել Գերմանիայից:

Քվեատուփերի պատրաստման ծախսերը կհոգա Գերմանիայի կառավարությունը, իսկ դրանց Հայաստան տեղափոխումը կիրականացնի ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը:

«Ես համարում եմ եւս մեկ սիմվոլ ժողովրդավարության ճանապարհով առաջընթացի ընթացքում», - թափանցիկ քվեատուփերի ներդրման նշանակությունը արժեվորեց Սահրադյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ արձագանքներ են ստանում թեկնածուների շտաբների արձանագրած նախընտրական խախտումների վերաբերյալ դիմումները, Արտակ Սահրադյանը ասաց. - «Այդ դիմումները կոնկրետ հստակ արժեք չեն պարունակում իրենց մեջ, բայց այն տեղերը, որտեղ կա որոշակի, թեկուզ փոքր խախտում, մենք անմիջապես արձագանքում ենք, եւ արձագանքը տեղ է հասնում»:

Սահրադյանի խոսքերով, դիմումների մի մասը անհիմն են եւ կրում են դեկլարատիվ բնույթ: Ընդդիմությունը, սակայն, հակառակն է պնդում: Այսօր Արամ Կարապետյանի շտաբից, օրինակ, տեղեկացրին, որ երեկ ժամը 22.00-ի սահմաններում թեկնածուի՝ Նոր Նորքում գտնվող շտաբ են մտել մի քանի մարդ, այդ թվում՝ տվյալ տարածքում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ղելավար Արտակ Բաբախանյանը, պոկել են թեկնածուի լուսանկարները եւ սպառնացել շտաբի անդամներին:

Գործող նախագահի շտաբի ղեկավարներից Վահագն Մկրտչյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենք էլ բազմաթիվ խախտումներ են արձանագել մյուս թեկնածուների կողմից՝ կապված մասնավորապես «հեռուստատեսային եթերի օգտագործման հետ»: Մկրտչյանը նշեց նաեւ այլ խախտումներ (ընտրակաշառքի խոստումներ, հակաքարոզչական գործողություններ), բայց շտաբը դիմում-բողոք չի ներկայացրել ո'չ ԿԸՀ-ին, ո'չ էլ ԵԱՀԿ դիտորդներին, ինչն անում է ընդդիմությունը:

Վահագն Մկրտչյանն չհերքեց, որ գործող նախագահի որոշ շտաբների ղեկավարները տեղական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ են: Ավելացրեց, սակայն, որ իրենք օրենքը պահպանում են:

«Այդ բոլոր դեպքերում այդ մարդը չի գտնվում իր աշխատանքային պարտավորությունները կատարելու պրոցեսում», - պարզաբանեց Մկրտչյանը: - «Նա ձեւակերպել է արձակուրդ ... օրենքի պահանջը հստակ կատարվում է»:


Կարինե Քալանթարյան, Երեւան