Մամուլի տեսություն

«Արվել է, ինչ հնարավոր էր, արվելու, ինչ հնարավոր է», - «Հայաստանի Հանրապետություն» թերթում այսպես է վերնագրված Ռոբերտ Քոչարյանի երեկվա շրջայցի լուսաբանումը, որն այդ թերթում իր ծավալով նկատելի ավելի է, քան մյուս բոլոր թեկնածուներին հատկացվածը միասին վերցրած: Գործող նախագահի նախընտրական կենտրոնական շտաբի քարոզչական աշխատանքների պատասխանատու Վահագն Մկրտչյանն էլ «Հայոց Աշխարհ» թերթում ասում է. - ««Ըստ իս, ժողովրդի կողմից ընկալվում ու գնահատվում է այն, թե ինչպիսի ազնիվ, նորմալ նախընտրական պայքար է տանում Ռոբերտ Քոչարյանը»: «Ժողովրդի ջերմ վերաբերմունքը, արդեն եղած հանդիպումները հաստատում են նաեւ սոցիոլոգիական հարցումների, ուսումնասիրությունների այն արդյունքները, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրոք մեծ հեղինակություն է վայելում», - շարունակում է Վահագն Մկրտչյանը՝ համակցելով. - «Եվ դա ուղղակի զայրացնում է որոշ ուժերի։ Նկատվում է, որ որոշ մարդկանց եւ ուժերի նյարդերը տեղի են տալիս, նրանք հունից ելնում են։ Ու, փաստորեն, մնացածներն իրենց քարոզչությունը հիմնականում կառուցում են հակաքարոզչության վրա»։

«Նախապես հայտարարելով, թե այս ընտրություններն իր համար ճակատագրական են, նախագահ Քոչարյանը նախընտրական մրցապայքարին ինչ-որ ողբերգական երանգ հաղորդեց», - անդրադառնում է «Առավոտ»-ի խմբագրականը։ - «Երբ գործող նախագահը հայտարարում է, թե ընտրություններն իր համար ճակատագրական են, դա նշանակում է ոչ այլ ինչ, քան որ պետք է հաղթի ինքը եւ միմիայն ինքը եւ ոչ այլ ոք, քանի որ որոշվում է ի'ր ճակատագիրը, եւ հանուն դրա խաղաքարտի վրա է դրվում ամեն ինչ։ Ինչով եւ զբաղվում են նրա ձեռքի տակ եղած չինովնիկների ողջ կազմը, աջակցող քաղաքական ուժերն ու ազգային մտավորականությունը»։ «Եվ իրոք», - համաձայնում է «Առավոտ»-ը. - «այս ընտրությունները Քոչարյանի համար ճակատագրական են։ Քանի որ, եթե նա պարտվի, ապա անգամ էքսնախագահի պատվավոր վիճակը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով եւ թոշակով, շատ մշուշոտ հեռանկարներ է բացում։ Այդ դեպքում աշխարհի բոլոր չարիքները, մեր պետության բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժվարությունները, ինչպես նաեւ բոլոր իրական եւ անիրական մեղքերը կվերագրեն Քոչարյանին»:

Ըստ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արամազդ Զաքարյանի՝ «Ռոբերտ Քոչարյանը ահ ու սարսափի մեջ է, քանի որ պարզ տեսնում է՝ ինքը հանրապետությունում չունի այն հեղինակությունը, որ պետք է ընտրություններում հաղթելու համար»: «Իշխանությունները տոտալ հարձակման են անցել, վերջին հարձակմանը», - պատկերում է նա «Օրրան» թերթում: - «Պլանային թվեր են իջեցված քաղաքապետերին, գյուղապետերին՝ ով ընտրություններում ինչ թիվ է ապահովում Ռոբերտ Քոչարյանի համար: Այդ ամենն արվում է, որովհետեւ Քոչարյանն էլ գիտի, որ ինքը ձախողված է իրականում... Եղած թեկնածուների մեջ իր բոլոր ռեսուրսներով նա միջին տեղերում է»:

ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ«Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է. - «Պարզապես քարոզչական բլեֆ է այն, որ նախագահական առաջիկա ընտրություններում Քոչարյանը հաղթելու է հենց առաջին փուլում: Նրա ռեսուրսներն այսօր շատ ավելի նվազ են, քան 98-ին էր: Հիշենք, թե 98-ին ովքեր էին սատարում Քոչարյանին՝ չխոսելով անգամ կեղծիքների մասին: Նրան սատարում էր Վազգեն Սարգսյանը, եւ բոլորս ենք հիշում, թե նա ինչ հզորության պաշտպանության նախարար էր: Նրան սատարում էր սուպերնախարար Սերժ Սարգսյանը, քանզի այն ժամանակ ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունները միացված էին: Ուստի, այն ժամանակվա Սերժ Սարգսյանն այսօրվա Սերժ Սարգսյանը չէ, ինչպես եւ՝ այսօրվա պաշտպանության նախարարը այն ժամանակվա պաշտպանության նախարարի հզորությունը չունի: Ավելին, Վազգեն Սարգսյանի գրեթե ողջ շրջապատն այսօր պայքարում է Քոչարյանի դեմ: Հիշենք նաեւ, որ այն ժամանակ դաշնակցությունը գտնվում էր իր վերելքի մեջ, կուսակցությունը նոր էր վերաբացվել, եւ օգտագործվեց նաեւ այդ ալիքը», - շարադրում է ՀՀՇ վարչության փոխնախագահը: - «Ակնհայտ է, որ ՀՀՇ-ն կպաշտպանի ընդդիմության դաշտից առաջադրված թեկնածուներից որեւէ մեկին»: Թե ում՝ կուսակցությունն իր դիրքորոշումը կարտահայտի առաջիկա հինգշաբթի կայանալիք վարչության ընդլայնված նիստում:

Նայելով քարոզարշավի ընթացքին, «Ազգ» թերթի մեկնաբանն այսօր գնահատում է. - «Ամենաշահեկան վիճակում ՀՀ նախագահն է, որի օգտին աշխատում է նաեւ, այսպես կոչված, իշխանության էֆեկտը։ Այս էֆեկտի դեպքում իշխանություն ունեցող թեկնածուի օգտին տրվելիք ձայներին մեր իրականության պայմաններում գումարվում է եւս 20-25 տոկոս»։ Իսկ ընդհանուր առմամբ՝ «ցայսօր քարոզարշավի ընթացքը լրջության միտումներ ցույց չի տալիս։ Մասնավորապես, թեկնածուներն ու նրանց պաշտպանող միավորները ոչ մի կերպ տնտեսական, քաղաքական, մշակութային ապագայի խնդիրների մասին չեն խոսում ու վիճաբանում»։


Վաչե Սարգսյան