Ընդդիմադիր թեկնածուները խոստանում են պաշտպանել ժողովրդի քվեն

Ընդդիմադիր միավորման երկու խոշոր ուժերի՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության եւ «Հանրապետություն» կուսակցության կողմից նախագահի թեկնածուներ առաջադրված Ստեփան Դեմիրճյանը եւ Արամ Սարգսյանը այսօր ընտրողներին հետ հանդիպումների ժամանակ խոստացան պաշտպանել ժողովրդի քվեն:

«Ես համոզված եմ, որ այս անգամ մենք այդ ձայները պահելու ենք», - Արագածոտնի մարզի Թալին քաղաքում այսօր ասաց Ստեփան Դեմիրճյանը: - «Բոլորս պետք է հասկանանք՝ մինչեւ ժողովուրդը չընտրի իր իշխանությունը, մինչեւ չվստահի այդ իշխանությանը, որեւէ դրական տեղաշարժ չի լինի»:

Թեկնածուն կոչ արեց ընտրել փոփոխությունների ուղին, չվախենալ, քվեարկել ազատ ու անկաշկանդ, ցրել նախորդ ընտրություններից եկած այն կարծիքները, թե կքվեարկեն մեկի օգտին, բայց կընտրվի մեկ ուրիշը:

Թալինում, ուր տեղի ունեցավ ամենաբազմամարդ հանդիպումը, Ստեփան Դեմիրճյանը ներկայացրեց իր նախընտրական ծրագրի առանցքային կետերից մի քանիսը՝ պայքար կլանների, ստվերային տնտեսության, կաշառակերության դեմ: Մինչ այդ նա եղել էր մարզի մի շարք գյուղերում, ուր արժանացել էր ամենաջերմ ընդունելության:

«Որեւէ ակնկալիք, որեւէ սպասում էս եղած իշխանություններից չունեն», - համագյուղացիների անունից «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ներքին Բազմաբերդի բնակիչ Աշոտ Մելքոնյանը: - «Ակնկալիքով, որ նորն է գալու, նոր ավելի լավը կլինի, ավելի առաջավոր կլինի՝ ուզում են նորին»:

Իսկ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը այսօր Երեւանում երիտասարդական քաղաքական մի ակումբում հանդիպման ժամանակ ասաց, թե առաջիկա ընտրություններում կարեւորում է ժողովրդի վստահության խնդիրը:

«Ժողովուրդը պիտի վստահ լինի, որ իր քվեն կեղծել չեն կարող», - ասաց նախկին վարչապետը՝ քիչ անց ավելացնելով, որ համաձայն է անգամ պարտվել, բայց՝ արդար պայքարում:

Առաջիկա շրջանում, թեկնածուի խոսքերով, իր նախընտրական շտաբի գործունեության հիմնական նպատակը ժողովրդի քվեին տեր կանգնելն է լինելու՝ «անկախ նրանից, թե ձայներն ումն են՝ թեկուզ Ռոբերտ Քոչարյանինը»:

«Ձայները պիտի պահպանվեն», - շարունակեց նա: - «Երկրում վստահության դաշտ պիտի ստեղծվի: Քաղաքական լեզվով ասած՝ այս ընտրություններից հետո երկրում պիտի փոխվի բարոյահոգեբանական մթնոլորտը»:

Արամ Սարգսյանը համոզմամբ, դիտորդական առաքելությունները մանրակրկիտ ուշադրությամբ են հետեւելու նախագահական ընտրությունների ընթացքին: Նա պատահական չի համարում, որ այս անգամ, օրինակ, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը շատ ավելի բազմամարդ է, քան սովորաբար լինում է:


Հրաչ Մելքումյան, Արագածոտնի մարզ եւ Անուշ Դաշտենց, Երեւան