ՀԺԿ նախագահը քարոզարշավը սկսեց աղետի գոտուց

Նախագահի թեկնածու, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը իր քարոզարշավը մարզերում սկսեց աղետի գոտուց: Լոռու մարզում հանդիպումների ժամանակ Դեմիրճյանը խոստումներ առանձնապես չէր տալիս:

«Ինքնագովազդի նպատակ չունի մեր քարոզարշավը», - ասաց նա Սպիտակում: - «Մենք ունենք մեր ծրագրերը: Մենք գիտենք ինչ անել, ինչպես անել եւ ումով անել: Գիտենք նաեւ, որ առաջին հարցը, որ պետք է լուծվի Հայաստանում վստահության ճգնաժամի հաղթահարումն է»:

Ջրաշեն գյուղում Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ ընդդիմությունը համախմբվելու է: Նրա նախընտրական շտաբի պետ Գրիգոր Հարությունյանը արդեն Սպիտակում ասաց. - «Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի հետնորդներին դուք կտեսնեք միասին»:

Ժողովուրդն լավ չի ճանաչում Ստեփան Դեմիրճյանին եւ ծանոթ չէ նրա գործունեությանը: «Կներեք՝ մենք ձեզ չենք ճանաչում, բայց ձեր հոր պատիվն ու աշխատանքը մեր գլխից վեր է», «Ժողովուրդը ինչ ապրել է՝ Կարեն Սերոբիչի օրով է ապրել», «Եթե իր հոր որդին է՝ իր հոր պես լավը կլինի». - այսպիսի կարծիքներ հնչեցրին սպիտակցիները:

Հարցեր ու առաջարկներ ժողովուրդը շատ ուներ. ջրաշենցիները, նալբանդցիները, գոգարանցիները դժգոհ էին, որ իշխանությունները ողջ ուշադրությունը Սպիտակի քաղաքի վրա են կենտրոնացրել՝ անտեսելով Սպիտակի շրջանի գյուղերը:

Նալբանդում, օրինակ, մարդկանց շուրջ 50 տոկոսն է ապրում տնակներում: Աշխատանք չկա, հողամաս չունեն: Բայց չէ՞ որ իշխանություններն ասում են՝ աղետի գոտում լայն թափով շինարարություն է ընթանում: «Բայց ո՞ւր է... Դուք ձեր աչքերով տեսնում եք: Ի՞նչն է զարգացել... ոչ մի տեղաշարժ չի կատարվել», -
ասաց նալբանդցի Պարույր Բաղդասարյանը:

Վաղը Ստեփան Դեմիրճյանը ընտրողների հետ հանդիպումներ կունենա Ստեփանավանում եւ Կալինինոյում:


Կարինե Քալանթարյան, Երեւան