Քոչարյանը քարոզարշավը սկսում է իր թիմի հետ հանդիպումից

Այսօր մեկնարկած նախագահական քարոզարշավը Հայաստանի գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը սկսեց իր քարոզչական թիմի մոտ հինգ հարյուր ներկայացուցիչների հետ հադիպումից Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում, որտեղ էլ տեղակայված է նրա նախընտրական շտաբը:

«Փորձենք միասին այնպես անել, որ հաղթանակը ոչ մեկի համար կասկածելի չլինի, հաղթանակը լինի ազնիվ, ժողովրդի ձայների միջոցով...այլ ոչ թե փորձենք ադմինիստրատիվ ռեսուրսի գերկիրառման ճանապարհով ինչ-որ հարցեր լուծել», - այսպես եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը հավաքը, որին մասնակցում էր պաշտոնյաների մի ստվար բանակ՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ:

Հավաքի ընթացքում շրջանառության դրվեց նախագահական առաջին ժամկետում արածի մասին հաշվետվությունը՝ «Հինգ տարի անց» վերնագիրը կրող գրքույկով, եւ նախընտրական ծրագիրը՝ «Աշխատենք միասին» գրքույկով: Վերջինս, ըստ թեկնածուի, շատ ավելի կոնկրետ է, քան 1998֊-ի իր ծրագիրը, եւ «բավական մեծ խոստումներ այստեղ կա՝ կոնկրետ եւ մեծածավալ»:

«Համոզված եմ, որ ամեն ինչ ճիշտ ենք հաշվարկել եւ ի վիճակի ենք մենք հետագա հինգ տարիների ընթացքում ձեզ հետ միասին այս խնդիրները լուծել», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Այդ խոստումներից են՝ շարունակել նոր աշխատատեղերի ստեղծման խրախուսումը. յուրաքանչյուր տարի՝ 30-֊40 հազար նոր աշխախատեղ, աջակցել միջին ու փոքր ձեռնարկատիրությանը, ամեն տարի բարձրացնել կենսաթոշակներն ու ուսուցիչների աշխատավարձը, բոլոր դպրոցներն ապահովել համակարգիչներով, գյուղացուն ապահովել ոռոգման ջրով, կյանքի նորմ դարձնել 24-֊ժամյա խմելու ջուրը, Սեւանի մակարդակը բարձրացնել 60 սանտիմետր֊ով, աղետի գոտին վերածել զարգացման գոտու, հասնել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման միջազգային ճանաչման:

Պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանի հարցին, նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ծանուցեց, որ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը՝ Տիգրան Նաղդալյանի հետ կապված իր վերջին հայտարարությունների առիթով դատախազությունում գրավոր բացատրություն է տվել, թե ոչինչ չգիտի, այդ ամենը լսել է ինչ֊-որ մեկից: Այնուհետեւ նախագահը, ասելով, թե միշտ էլ կարելի է Ռուսաստանում կամ այլուր «գտնել մի բոմժի, որն իրավաբանի գրքույկ ունի, որը թքած ունի այս երկրի վրա եւ որի համար պատվերով փող աշխատելը բիզնեսի մի ձեւ է», շարունակեց. - «Պատվիրատուն էլ պետք է մի քիչ ավելի զուսպ լինի եւ պետք է հասկանա, որ դիակներով ընտրությունների չեն գնում: Չի կարելի դրոշ սարքել եւ փորձել դրա վրա ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահել՝ առաջին հերթին հենց այդ մարդկանց հիշատակի պատճառով»:

1998 թվականի՝ «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսից հետո 2003-֊ի ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը գնում է «Աշխատենք միասին» կարգախոսով, որի ցուցապաստառներն արդեն հայտնվել են քաղաքով մեկ:

Ռուզաննա Խաչատրյան, Երեւան