Վարչապետը այցելում է Գյումրի՝ ստուգելու ՀՀԿ-ի մարզային կառույցների պատրաստությունը նախագահական ընտրություններին

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կիրակի օրը եղավ Գյումրիում՝ ստուգելու իր ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մարզային կառույցների պատրասվածության աստիճանը փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

«Այսօրվա իմ այցը ոչ թե վարչապետի այց էր Գյումրի», - մարզպետարանում ՀՀԿ-ի տարածքային կառույցների անդամների հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողներին ասաց Անդրանիկ Մարգարյանը: - «Ես որպես Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ այցելել եմ Հանրապետական կուսակցության մարզային կառույցները եւ ստուգել տարածքային կառույցների՝ առաջիկա նախագահական ընտրություններին պատրաստվածության աստիճանը»:

Իշխող ՀՀԿ-ն, որը անցած հոկտեմբերին համոզիչ հաղթանակն տարավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ինչպես հայտնի է, առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:

Հարցին, թե ինչու Անդրանիկ Մարգարյանը Գյումրի չէր այցելել կառավարության նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր, վարչապետը պատասխանեց. - «Որպես վարչապետ՝ այո, սա առաջին այցն է: Բայց բոլորդ էլ լավ գիտեք, որ կառավարության ուշադրության կենտրոնում է եղել աղետի գոտին, մանավանդ Շիրակը»: Անդրանիկ Մարգարյանը այնուհետեւ ավելացրեց, թե ինքը տարբերություն չի դրել՝ «հանրապետության նախագահն է գալիս, թե վարչապետը»:

Վարչապետը բավարար գնահատեց աղետի գոտում կատարված աշխատանքները՝ միաժամանակ ավելացնելով. - «Մենք ինչ խոսք ենք տվել, ըստ իս, կատարել ենք»: Նրա խոսքերով, այս տարի նախապատրաստական շրջան է լինելու՝ որպեսզի 2004 թվականը դառնա առաջին գերխնդրի՝ Գյումրիում աշխատատեղերի ստեղծման տարի:


Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի