Քոչարյանն ու Պուտինը վերահաստատում են, որ փոխադարձ կապերը էլ ավելի են սերտանալու

Ուրբաթ օրը Մոսկվայում անցկացրած բանակցություններից հետո Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները վերահաստատեցին երկու երկրների միջեւ քաղաքական, ռազմական եւ տնտեսական ոլորտներում փոխադարձ կապերը խորացնելու իրենց հանձնառությունը:

Վլադիմիր Պուտինը դրական գնահատեց երկու երկրների միջեւ ընթացող «ակտիվ քաղաքական երկխոսությունը» եւ նշեց տնտեսական համագործակցության ոլորտում առկա առաջընթացը: Ռոբերտ Քոչարյանը իր հերթին ասաց, թե հայ-ռուսական հարաբերությունները «մոտ են իդեալականին»:

Երկու երկրների նախագահները լրագրողների հետ հանդիպեցին Կրեմլում անցկացրած առանձնազրույցից եւ ընդլայնված կազմով բանակցություններից հետո:

Վլադիմիր Պուտինը նշեց մասնավորապես, որ վերջերս կայացած «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը, երբ հայաստանյան ձեռնարկություններով փակվեց մոտ 100 մլն դոլարի պարտքը Ռուսաստանին, նոր խթան հանդիսացավ երկկողմ տնտեսական համագործակցության համար: Ռուսաստանի նախագահը, սակայն, «անբավարար» գնահատեց երկկողմ առեւտրի ծավալների 10 տոկոսանոց աճը անցած տարվա ընթացքում:

«Ես համոզված եմ, որ մենք կարող էինք ավելին անել, եթե համապատասխան կառույցներն ավելի արդյունավետ աշխատեին», - ասաց Վլադիմիր Պուտինը:

Համատեղ հայտարարության մեջ երկու նախագահները նշում են, որ բավարարված են ներկայիս փոխհարաբերություններով:

Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցած ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը արտահայտվել է հօգուտ երկկողմ ռազմական կապերի խորացման: «Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը հզոր գործոն է, որ կայունացնում է իրավիճակը Անդրկովկասում», - ասել է Հայաստանի նախագահը:


Արթուր Տերյան, Մոսկվա