Ընդդիմության միասնական թեկնածուի հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ

Ընդդիմադիր 16 կուսակցությունների միավորման քաղաքական խորհրդի այսօրվա նիստը նախորդներից տարբերվում էր նրանով, որ մասնակցում էին կուսակցությունների առաջին դեմքերը եւ նախագահական ընտրություններին առաջադրված 8 թեկնածուները: «Արդեն ժամանակն է եկել լուրջ եզրակացության գալ», - նման ներկայացուցչականությունը մեկնաբանեց Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ եւ նախագահի առաջադրված թեկնածու Վազգեն Մանուկյանը: - «Ընտրությունները մոտենում են, բնական է, որ առաջին դեմքերով քննարկումներ անցկացնելը ավելի ճիշտ է»:

Իսկ այսօրվա նիստի արդյունքի մասին Մանուկյանը ասաց. - «Մոտեցանք մոտեցումներին»: Ամենակարեւոր՝ միասնական թեկնածուի ընտրության վերաբերյալ հիմնական մոտեցումները ձեւավորվելու են հաջորդ երեքշաբթի կայանալիք հերթական նիստին՝ ընդդիմադիր միավորումից առաջադրված 8 թեկնածուների մասնակցությամբ:

Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ղեկավար եւ նախագահի մեկ այլ թեկնածու Վլադիմիր Դարբինյանի փոխանցմամբ, միասնական թեկնածուի ընտրության հարցին այսօրվա նիստում չեն անդրադարձել: Քննարկել են արդար ու թափանցիկ ընտրություններ ապահովելու համար իրենց հետագա քայլերն ու գործողությունների ընթացքը:

Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանը նույնպես այսօրվա նիստը կարեւոր է համարում այն առումով, որ «ժամանակն, ըստ էության, թույլ չի տալիս հապաղել»:

Միավորման անդամների գերնպատակը, իհարկե, ի վերջո միասնական մեկ թեկնածուով հանդես գալն է, թեեւ չի բացառվում մի քանի թեկնածուների հնարավորությունը: «Դժվար է հիմա որեւէ տարբերակ բացառել», - ասաց Շավարշ Քոչարյանը, - «բայց ցանկալին նա է, որ լինի ինչքան հնարավոր է քիչ թեկնածու»:

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Գառնիկ Մարգարյանը համոզված է, որ «16»-ի շրջանակներում կկայացվի մեկ միասնական թեկնածուով եւ ծրագրով հանդես գալու որոշումը: Մարգարյանը նաեւ հերքեց լուրերը, թե ընդդիմադիր միավորման կազմի ձախ կողմնորոշման ուժերի՝ Ժողովրդահայրենասիրական դաշինքի շրջանակներում արդեն ընտրվել է իրենց կողմից առաջադրվելիք թեկնածուն:

Այսօրվա նիստում որոշում է կայացվել նաեւ հաջորդ շաբաթ հանդես գալ երեք հայտարարություններով: Առաջինն առնչվելու է թեկնածուների ընտրապայքարի ժամանակ հեռուստատեսություններով հեռարձակվող քաղաքական գովազդի գնին: Մյուս երկուսը քաղաքական համատեղ հայտարարություններ են լինելու: Միավորումը մտադրված է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գրանցման հարցով: Սա, վստահաբար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրեն 1991 թվականից ՀՀ քաղաքացի ճանաչելու դատական հայցի մերժման արձագանքն է:

Երկրորդը դեկտեմբերի 28-ին Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո հատկապես «Սոցիալիստական Հայաստան» միավորման եւ վերջինիս հարող կուսակցությունների նկատմամբ կիրառված ճնշումներին է վերաբերելու:


Կարինե Քալանթարյան, Երեւան