Մամուլի տեսություն

«Առաջին ատյանի դատարանը, մերժելով Հայաստանի այս Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հայցապահանջը, ըստ էության ծառայեց միայն ու միայն երկրի ղեկավարի շահերին, նրա կամքին ու քիմքին», - ձեւակերպում է «Օրրան» թերթը: «Առավոտ»-ի հայացքով, Րաֆֆի Հովհաննիսյանն իր քաղաքացիության հարցը դատարան տեղափոխելով նախագահ Քոչարյանի համար լուրջ խնդիր ստեղծեց. - «Իրադրության նմանությունն այնքան ակնհայտ է, որ տրամաբանությունը հուշում է՝ մեր նախագահն իր առաջադրման օրինականությունը կասկածի տակ չդնելու նպատակով եւս պիտի դատարան դիմի՝ խնդրելով ճանաչել նաեւ իր քաղաքացիությունը»։ Մյուս կողմից, «Առավոտ»-ն արձանագրում է, թե վերջին շրջանում նախագահն այնպիսի կեցվածք է ընդունել, իբր քաղաքացիության հետ կապված խնդիրներն իրեն չեն առնչվում։ «Ամենատհաճն այն է, որ տվյալ դեպքում դատական ատյաններին մեղադրելու հիմքեր չկան», - նշում է թերթը։ - «Պաշտոնապես Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ քաղաքացի է դարձել վերջերս։ Դատարանը, հավանաբար, չի կարող ժամանակային առումով «հետ տանել» նրա քաղաքացիություն ստանալու պահը: Այլ հարց է, որ արդարադատությունը Հայաստանում իրականացվում է տեղ-տեղ, ընտրովի: Հովհարային արդարադատություն է»:

«Ազգ»-ի մեկնությամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը հասավ իր նպատակին՝ սեփական արհեստածին հարցը շահարկել երկար՝ իր անձը կարեւորելու եւ ուշադրության կենտրոնում մնալու համար։ «11 տարի ծո՜վ ժամանակ ուներ իր խախտված իրավունքը պաշտպանելու, նո՞ր միայն նախագահացուն որոշեց քնից զարթնել։ Ինչեւէ, թեկնածուների թիվը պակասեց եւս մեկով», - արձագանքում է «Հայոց Աշխարհ»-ը։

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, նախագահի թեկնածու առաջադրված շատերն են սրտի տրոփյունով սպասում Հովհաննիսյանի դատական վեճի ավարտին. - «Մի շարք թեկնածուներ հույս ունեն, որ ընտրապայքարից դուրս մնալով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կհայտարարի իրենց թեկնածությունը պաշտպանելու մասին: Ինքը՝ Հովհաննիսյանը, այս առնչությամբ չի շտապում մեկնաբանություններ անել»: Վկայակոչելով Րաֆֆի Հովհաննիսյանի շրջապատը, «Հայկական ժամանակ»-ը շարունակում է. - «Նախագահի թեկնածու չգրանցվելու դեպքում նա ընտրելու է քաղաքական գործող դաշտից տարանջատվելու ճանապարհը եւ չի պատրաստվում որեւէ մեկի թեկնածությունը պաշտպանել»: «Իսկապես, եթե Հովհաննիսյանը չկարողանա գրանցվել, որեւէ մեկի թեկնածությունը պաշտպանելու տրամադրություն դժվար թե ունենա», - գրում է մեկնաբանը: - «Որովհետեւ եթե նա ՀՀ քաղաքացի է ընդամենը 2001 թվականից, նշանակում է չի կարողանա մասնակցել ոչ միայն 2003 թվականի խորհրդարանական, այլեւ 2008 թվականի նախագահական ընտրություններին: Այս թվաբանությունը ենթադրում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կփորձի քաղաքական իր ռեսուրսները պահպանել 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների համար»:

«Առավոտ»-ի խմբագիրը, նշելով, որ անցած 5 տարիների ընթացքում Ղարաբաղի ստատուս քվոն ձեւականորեն չի փոխվել, ընդգծում է. - «Բայց դա ամենեւին չի նշանակում, որ առաջիկա 5 տարվա ընթացքում նույնպես հնարավոր կլինի խուսափել ղարաբաղյան խնդրի կարգավորումից, տարբեր պատրվակներով ձգձգել այն, մի խոսքով՝ շարունակել այսօր իրականացվող քաղաքականությունը: Նախ՝ ցանկացած ձգձգում ունի իր ռեսուրսը: Հայաստանում, իսկ այնուհետեւ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո միջազգային հանրությունը հրամայականորեն կպահանջի գնալ երկկողմ զիջումների»: Խմբագրի կարծիքով, առաջիկա 5 տարում Ռոբերտ Քոչարյանի ամենածանր խնդիրը դա է լինելու. - «Հիմնական մարտահրավերները կլինեն դրսից: Ինչպես է Հայաստանը դուրս գալու դրանց տակից, առայժմ չի երեւում»:

«Նոյեմբերից սկսած՝ հարցումները ակնհայտ դարձրին, որ գործող նախագահի վարկանիշը մյուս բոլոր հավանական թեկնածուների վարկանիշը գերազանցում է մի քանի անգամ եւ նրանք նախագահական ընտրություններում հաղթելու լուրջ հնարավորություններ չեն կարող ունենալ», - «Հայոց Աշխարհ» թերթում ներկայացնում է Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը։ - «Հիմնական մրցակցությունը ծավալվելու է երկրորդ շարասյունում՝ երկրորդ ու հաջորդ տեղերի համար, ըստ էության, ընդդիմադիր հավակնորդների միջեւ։ Այս նախագահական ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ երկրորդ շարասյան համար սա հեռահար նպատակներ իրագործելու սկզբնական փուլն է։ Նախագահականին հաջորդող խորհրդարանական ընտրությունների հանգամանքը կուսակցությունների համար քաղաքական դաշտում արդեն այսօր տեղ գրավելու լավ հնարավորություն է ստեղծում»:

«Զուտ հայկական ընտրարշավ» վերնագրի ներքո «Երկիր»-ն ամբողջացնում է. - «Արդեն հաշված օրեր են մնացել բուն ընտրություններին, սակայն այդպես էլ շարունակում են անհայտ մնալ հիմնական խաղացողները, եւ հասարակական մթնոլորտում լայն թափով չի զգացվում հաջորդ հնգամյակի համար երկրի ղեկավարի ընտրություն կատարելու շուրջ ծավալվելիք թեժ պայքարը... Հաճախ պայքարի են ելնում մարդիկ, որոնց մարդկային, նյութական եւ ինտելեկտուալ պաշարները բավարար չեն նման մթնոլորտ ստեղծելու համար»:

Նույն թերթի հարցազրույցում խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն ընդգծում է. - «Մեր ամբողջ հիմնախնդիրներից ամենակարեւոր գործն այն է, որ այդպես էլ քաղաքական դաշտը չի կայանում, եւ սա ազդում է բոլոր գործընթացների, այդ թվում եւ ԱԺ-ի, կառավարության արդյունավետության վրա։ Սրանց հիմքերի հիմքում քաղաքական համակարգի կայացած չլինելն է»։

«Հայոց Աշխարհ»-ի տեղեկություներով, Տիգրան Նաղդալյանը վերջին երկու տարիների ընթացքում փաստավավերագրական ֆիլմ էր պատրաստում «Հոկտեմբերի 27»-ի մասին։ Ընդ որում, Տիգրան Նաղդալյանն արդեն ավարտած է եղել այդ ֆիլմի նկարահանման, անհրաժեշտ նյութերն ի մի բերելու, սցենարի հետ կապված աշխատանքների հիմնական մասը: «Շատ հնարավոր է, որ ներկայացվեին փաստեր, որոնց հանրությունն առաջին անգամ կտեղեկանար», - գրում է թերթի մեկնաբանը։ - «Մի խոսքով եւ ամենայն հավանականությամբ, շատ-շատերը կցանկանային, որ այդ ֆիլմը երբեւէ չցուցադրվեր»։


Հրաչ Մելքումյան