ՀԺԿ նախագահը հնարավոր է համարում ընդդիմության հաղթանակն առաջին փուլում

«Եթե միասնական թեկնածուի շուրջ ընդդիմության միավորումը շուտ տեղի ունենա, միանգամայն հնարավոր է ընդդիմության հաղթանակն առաջին փուլում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Ի պատասխան հարցին, թե ինքը պատրա՞ստ է զիջել այլ թեկնածուի օգտին, ՀԺԿ նախագահը ասաց. - «Կա կուսակցության որոշում, մարդիկ որոշակի հույսեր են կապում: Բոլոր դեպքերում շարունակելու ենք գնալ համագործակցության ճանապարհով: Ի վերջո, կարծում եմ, հնարավոր կլինի ընդհանուր հայտարարի գալ, եւ ընդդիմությունը կունենա ուժեղ, հաղթող թեկնածու»:

«Միշտ, երբ որ խոսում են, թե մեկը մյուսին պետք է զիջի, միշտ ձեզ հարց տվեք՝ ով ում նկատմամբ եւ ինչո՞ւ», - նույն հարցին այսպես պատաստանեց ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարելի՞ է այսօր իսկ արձանագրել, որ ինքը ոչ մի դեպքում իր թեկնածությունը չի զիջի ընդդիմության որեւէ միասնական թեկնածուի օգտին, պատասխանեց. - «Ընդդիմության միասնական թեկնածու եթե լինում է, բնականաբար, այդ թեկնածուն մեկն է լինում»: Գեղամյանը հրաժարվեց ավելի հստակ արտահայտվել՝ հետեւությունները թողնելով ռադիոլսողներին:

Նախագահի մյուս թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը բացակայում է Հայաստանից: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Աշոտ Աղաբաբյանը փոխանցեց, որ Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրող ստորագրահավաքն մոտ օրերս կավարտվի եւ իրենք կդիմեն անձնագրերի, վիզաների վարչություն՝ քաղաքացիության ու բնակության անհրաժեշտ փաստաթղթերի համար:

Նախագահի մյուս հավանական թեկնածուների նախընտրական շտաբները նույնպես ամբողջ հանրապետությունում ստորագրահավաք են իրականացնում, եւ այս փուլում որեւէ լուրջ խոչընդոտի առայժմ չեն հանդիպել:

Թե' Ստեփան Դեմիրճյանը, թե' Վազգեն Մանուկյանը նշեցին, որ տնետուն այցելող իրենց պատասխանատուների տպավորությամբ, պաշտոնապես հրապարակի վրա եղած վարկանիշային արդյունքները իրականությանը չեն համապատասխանում: «Ի տարբերություն նախորդ ընտրությունների, բավականին հուսահատված վիճակում է գտնվում ժողովուրդը, չի հավատում, թե ընտրություններով հնարավոր կլինի երկրում ինչ-որ բան փոխել», - տպավորություն փոխանցեց Վազգեն Մանուկյանը՝ ավելացնելով այդուհանդերձ, որ կրկին լի է վճռականությամբ, թե կարելի է լավ կազմակերպել ընտրությունները, որովհետեւ «ուրիշ ճանապարհ չունի Հայաստանը»:

Ըստ Արտաշես Գեղամյանի, բյուջետային հիմնարկների աշխատողներին է կարգադրված Քոչարյանի առաջադրման ստորագրահավաքը, գյուղապետերն էլ նախընտրական շտաբների պետեր են նշանակվում: Սա Գեղամյանին ոգեւորում է. - «Ուրեմն նրանք գիտակցում են, թե ինչ համընդհանուր մերժում կա Քոչարյանի թեկնածությանը»:

Ընտրարշավն ու քվեարկության օրը, առաջին անգամ անկախ Հայաստանում, անցնելու են ձմռանը: Նախագահի ընդդիմադիր թեկնածուների տեսակետն է, որ իրենք ռեսուրսներ ունեն նաեւ ձմռան հոգսերից անտարբեր դարձողներին քվեարկության կանչելու համար: Հակառակը, ըստ նրանց, իշխանության թեկնածուի օգտին կարող է լինել:

«Ամեն ինչ ներկայիս իշխանությունը կանի, որ հնարավորինս քիչ ընտրողներ գնան ընտրության, քանզի այդ պարագայում պարարտ հող է ստեղծվելու ընտրակեղծիքներ անելու համար, ինչի մեծ վարպետն է ներկայիս վարչակազմը», - փաստարկեց Արտաշես Գեղամյանը:

Հանրահավաքային մեթոդները թերեւս այս անգամ զիջեն ընտրողների հետ դահլիճներում հանդիպումներին, քարոզարշավի հիմնական միջոցը կլինի հեռուստատեսային եթերը: Ի դեպ, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը ժխտեց շաբաթ օրը մամուլում հայկոմկուսի առաջնորդի հրապարակած տեղեկությունը, թե վճարովի եթերի մեկ րոպեն քարոզարշավին Հանրային հեռուստատեսությունում 280 դոլար է արժենալու: Նա ասաց, որ խորհուրդը դեռեւս չի որոշել, սակայն վճարովի եթերի արժեքը կլինի խելամիտ եւ այդպիսի չափերի չի հասնի: Որոշ մասնավոր հեռուստաընկերություններում մեկ րոպե եթերի համար ներկայումս մոտ 70 դոլար են վերցնում հավանական թեկնածուներից:

Վազգեն Մանուկյանի խոսքերով, «տարեցտարի ընտրությունները դառնում են ավելի թանկ»: «Լրատվամիջոցները, որոնց գերակշիռ մասը ֆինանսավորվում է պարոն Քոչարյանի կլանի կողմից, այնպիսի գներ են դնելու, որ այդ գների մեջ տեղավորվել հնարավոր լինի միայն եւ միայն պարոն Քոչարյանին», - այս առնչությամբ ասաց Արտաշես Գեղամյանը:

Թե' Վազգեն Մանուկյանը, թե' Ստեփան Դեմիրճյանը հրաժարվեցին անվանել իրենց ընտրարշավը ֆինանսավորողների անունները՝ նույն նկատառումներով: «Ցավոք սրտի, Հայաստանում այնպես է դրված հարցը, որ նվիրատուները աշխատում են թաքցնել իրենց անունը, որովհետեւ վտանգ են սպասում իշխանությունների կողմից», - բացատրեց Վազգեն Մանուկյանը:

Հիշեցնենք, որ, ըստ օրենքի, թեկնածուներից յուրաքանչյուրը քարոզարշավին կարող է ծախսել նվազագույն աշխատավարձի 60 հազարապատիկը (100 հազար դոլարից քիչ ավելի):


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան