Հայաստանի նախագահի աթոռին հավակնում է 15 թեկնածու

Այսօր ժամը 18-ին ավարտվեց նախագահական ընտրություններում թեկնածուներ առաջադրելու ժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) առաջադրվել է Հայաստանի նախագահի 15 թեկնածու, որոնցից 3-ը՝ քաղաքացիական նախաձեռնությամբ, 12-ը՝ կուսակցությունների կողմից:

Առաջադրվել են հետեւյալ թեկնածությունները. - Արտաշես Գեղամյան («Ազգային միաբանություն» կուսակցություն), Ստեփան Դեմիրճյան (Հայաստանի ժողովրդական կուսակցություն), Վազգեն Մանուկյան (Ազգային ժողովրդավարական միություն), Գառնիկ Մարգարյան («Հայրենիք եւ պատիվ» կուսակցություն), Արշակ Սադոյան (Ազգային ժողորդավարների դաշինք), Վլադիմիր Դարբինյան (Հայաստանի կոմունիստական կուսակցություն), Արամ Սարգսյան («Հանրապետություն» կուսակցություն), Պարույր Հայրիկյան («Ազգային ինքնորոշում» միավորում), Արամ Սարգսյան (Հայաստանի դեմոկրատական կուսակցություն), Ռուբեն Ավագյան («Միավորված հայեր» կուսակցություն), Արամ Հարությունյան («Ազգային համաձայնություն»), Պետրոս Մաքեյան («ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն), ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Արամ Կարապետյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քաղաքացիական նախաձեռնությամբ:

Նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով եւ միասնական ծրագրով հանդես գալու ընդդիմադիր 16 կուսակցությունների հայտարարությունը այդպես էլ մնաց թղթի վրա: Այդ ճամբարից չառաջադրվեց միայն ԱԺԿ (Ազգային ժողովրդավարական կուսակցություն) նախագահ Շավարշ Քոչարյանը: Մյուս բոլոր քաղաքական ուժերը իրենց թեկնածուներն առաջադրեցին:

Համաձայնությունը առաջինը խախտեց Արտաշես Գեղամյանը, ինչից հետո էլ սկսվեց առաջադրումների շարքը: Միավորման ներսում մի նոր դաշինք ստեղծվեց՝ Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինք՝ «Ագգային միաբանություն», Հայաստանի կոմկուս եւ «Սոցիալիստական Հայաստան» միավորում կազմով: Թեեւ դաշինքի մեջ ընդգրկված 3 ուժերից յուրաքաչյուրը ունի առանձին թեկնածու:



Մինչեւ հիմա Հայաստանում նախագահական 3 ընտրություն է անցկացվել, երկու անգամ՝ հերթական, մեկը՝ արտահերթ: Եկող տարվա փետրվարի 19-ի ընտրությունը կլինի 4-րդը: Փորձառու թեկնածուները շատ քիչ են. նախագահական բոլոր ընտրություններին մասնակցում է ԱԻՄ-ի ղեկավար Պարույր Հայրիկյանը: Արդեն 3-րդ անգամ ընտրություններին կմասնակցի Վազգեն Մանուկյանը, որի համար ամենահաջողը առաջին փորձն էր՝ 1996 թվականը, երբ այն ժամանակվա ընդդիմությունը պնդում էր, թե իրականում Վազգեն Մանուկյանը հաղթել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Արտաշես Գեղամյանի, Արամ Սարգսյանի (ՀԴԿ) եւ Ռոբերտ Քոչարյանի համար սա նախագահական 2-րդ ընտրությունն է: Չհաշված, իհարկե, որ Քոչարյանը ժամանակին Լեռնային Ղարաբաղի նախագահ է եղել: Մնացած 9 թեկնածուները փետրվարի 19-ին առաջին անգամ են մասնակցելու նախագահական ընտրություններին՝ եթե, անշոշւտ, ԿԸՀ-ն գրացի նրանց թեկնածությունները:

1998-ի ընտրությունների համեմատությամբ, որոշ փոփոխություն կա Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող մի քանի կուսակցություններում: 4 տարի առաջ ՍԻՄ-ը, ԱԻՄ-ը, Դեմկուսը, «Ազգային միաբանություն»-ը ընտրությունների 2-րդ փուլում պաշտպանում էին Ռոբերտ Քոչարյանին, մինչդեռ հիմա այս կուսակցությունները նրա դեմ են պայքարելու:

Առաջադրված թեկնածուներից սոցիալիստական ուղղվածություն ունեն ՀԺԿ-ի Ստեփան Դեմիրճյանը, ՀԿԿ-ի Վլադիմիր Դարբինյանը, «Սոցիալիստական Հայաստան» միավորման թեկնածու Գառնիկ Մարգարյանը եւ Արշակ Սադոյանը:

Աջ ազատական գաղափարների կրող են ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը եւ ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը: Գործող նախագահին կարելի է բնորոշել որպես կենտրոնամետ. նրան պաշտպանում են աջ կենտրոնամետ ՀՀԿ-ն (իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը) եւ ձախ կենտրոնամետ Հայ հեղափոխական դաշնակցությունը:

Այսպիսով, արդեն կարելի է հստակ ասել, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու: Նախկին իշխանական քաղաքական ուժը՝ Հայոց Համազգային շարժումը նաեւ որեւէ այլ թեկնածու չառաջադրեց:

ՀՀՇ ղեկավար անդամ Անդրանիկ Հովակիմյանի խոսքերով, Քոչարյանը շատ հանգիստ կվերընտրվի, որովհետեւ այլընտրանքային թեկնածու չկա: Նրա խոսքերով, ընդդիմադիր 16 կուսակցությունների միավորումն ամեն ինչ արեց, որպեսզի հենց այսպիսի իրավիճակ ստեղծվի:

«Եվ ընտրությունն ինքն այսօր ընդհանրապես քաղաքականության հետ որեւէ կապ չունի: Անձերի խնդիր է, եւ իրենք փորձում են ուղղակի անձ փոխել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Անդրանիկ Հովակիմյանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան