Խորհրդարանը վավերացրեց «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագիրը

Ազգային ժողովը այսօր վավերացրեց շուրջ 95 մլն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին գույք հանձնելու համաձայնագիրը եւ դրա շրջանակներում հայաստանյան հինգ ձեռնարկություններ Ռուսաստանին փոխանցելու արձանագրությունները:

Թեեւ երեկ կայացած քննարկումների ընթացքում համաձայնագիրը արժանացավ բավական մեծ թվով պատգամավորների խիստ քննադատությանը, 47 պատգամավորների բացակայության պայմաններում, համաձայնագիրը վավերացվեց 67 կողմ ձայնով: Դեմ քվեարկել էին ընդամենը 3 պատգամավոր՝ անկուսակցական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ԱԺՄ խմբակցության ղեկավար Սեմյոն Բաղդասարյանը, անկախ պատգամավոր, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը եւ անկուսակցական, «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը:

Խմբակցություններից համաձայնագրին կողմ են քվեարկել խորհրդարանական մեծամասնության՝ «Միասնության», Դաշնակցության, Հայկոմկուսի, «Օրինաց երկրի» պատգամավորները: Ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը՝ իրենց իսկ պատճառաբանություններով, չէին հասցրել ներկայանալ նիստին:

Քվեարկությունից հետո Մանուկ Գասպարյանը պնդում էր, թե քվեարկությունների պահին դահլիճում չկար այնքան մարդ, որքան քվեարկող է արձանագրվել: Դեմ ձայներից մեկը, ըստ արձանագրված արդյունքի, տվել էր «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը: Վերջինս, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ժխտեց, թե մասնակցել է քվեարկությանը՝ ավելացնելով, այդուհանդերձ, որ եթե բացակա չլիներ, իր ձեռքով դեմ կքվեարկեր:

Սեմյոն Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե դեմ է քվեարկել, քանի որ պետք է ոչ թե գույքով մարվեր պարտքը, այլ՝ ձեռնարկությունները մրցույթի հանվեին, արդյունքում ստացված գումարից ուղղվեր Ռուսաստանին ունեցած պարտքի սպասարկմանը:
«Ուղղակի վաճառել Ռուսաստանին այդ գործարանները, որից հետո ձեռք բերած գումարով մարել պարտքը», - մեկ այլ տարբերակ էլ նշեց Բաղդասարյանը՝ ասելով, որ այդ երկու դեպքերում էլ Հայաստանը հանդես եկած կլիներ որպես անկախ պետություն: - «Բայց ընտրվեց այն տարբերակը, որը ուղղակի ընդգծում է Ռուսաստանի տնտեսական էքսպանսիան Հայաստանում»:

Մանուկ Գասպարյանը, համաձայնագրի վավերացմանը դեմ քվեարկելով հանդերձ, սկզբունքորեն դեմ է միայն Հրազդանի ՋԷԿ֊-ի սեփականությունը Ռուսաստանին անցնելուն: Նրա կարծիքով, սեփական շահերից ելնելով, որպեսզի Հրազդանի ՋԷԿ-֊ի արտադրած էներգիան շուկա ունենա, Ռուսաստանը մինչեւ Մեծամորի ԱԷԿ֊-ի փակումը, այլեւս միջուկային վառելիք չի վաճառի Հայաստանին: «Երկու տարի հետո Ռուսաստանը այսպես թե այնպես, իր տնտեսական շահը տեսնելով, նպաստելու է Հայաստանի ատոմակայանի փակմանը»:

Ռուսաստանի հետ կնքած վարկային պայմանագրերով նախատեսված էր նաեւ գույքով պարտքը մարելու հնարավորությունը: Բացի այդ, Ազգային Ժողովը նախորդ նստաշրջանում, փաստորեն, թույլատրել էր «Գույք պարտքի դիմաց» բանաձեւը:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան