«Կեղտոտ լուսանկարներ». Զանգվածային լրատվամիջոցների եվրոպական օրենսգրքերը պաշտպանում են անձնական կյանքը, սակայն՝ որոշակի չափով միայն

Հայաստանյան թերթերից մեկը ընթացիկ ամսվա սկզբին իր համարներից մեկը «համեմել էր» մրցակից թերթի գլխավոր խմբագրի մի շարք վարկաբեկիչ լուսանկարներով, ուր վերջինս պատկերված էր մերկ: Արեւմուտքում հանրությանը հայտնի անձանց նման ինտիմ լուսանկարները խիստ դժկամ ընդունելության են արժանանում՝ որպես նորմալ լրագրողական գործունեության խախտում: Այդուհանդերձ, երբեմն այդպիսի լուսանկարներ հայտնվում են, մասնավորապես՝ երբ լրատվամիջոցը փաստարկում է, թե առկա է հասարակության ճնշող հետաքրքրություն:

Տեսաժապավենից արտատպված մի քանի լուսանկարներում թերթի գլխավոր խմբագիրը վարկաբեկիչ իրավիճակներում պատկերված է ոչ իր կնոջ հետ: Արդյո՞ք արդարացված է այս աղոտ լուսանկարների հրապակումը մրցակից թերթի կողմից:

Գայանե Մուքոյանը մտածել է՝ այո: Հայաստանյան «Օր» թերթի խմբագիրը այս ամսվա սկզբին տպագրել է տեսաժապավենից վերցված՝ Արամ Աբրահամյանի մի քանի լուսանկարներ՝ անհայտ կնոջ հետ սեքսով զբաղվելիս: Ուղեկցող հոդվածը վերնագրված էր «Բացեք ձեր աչքերը»՝ հարվածն ուղղելով կառավարության ամենաանհաշտ քննադատներից մեկի կեղծ բարեպաշտությանը, որը, ինչպես պարզվել է, արտաամուսնական սեռական կապ ունի:

Հարվածը, սակայն, հակադարձվեց: Աբրահամյանը այն որակեց որպես իր թերթը՝ «Առավոտ»-ը հեղինակազրկելու կոպիտ փորձ: Մուքոյանը արժանացավ համընդհանուր դատապարտման եւ հեռացվեց Մամուլի ազգային ակումբից՝ «լրագրողական էթիկայի նորմերը խախտելու համար»:

Արեւմուտքում լրագրողական գործունեությունը կանոնակարգող օրենքներում սովորաբար խիստ բացասական է վերաբերմունքը այն նյութերի նկատմամբ, որոնք չարդարացված կերպով ներխուժում են մարդու անձնական կյանքի մեջ: Սահմանը, մինչեւ ուր լրագրողը կարող է թափանցել, որոշվում է երկու հակադիր սկզբունքների նուրբ հավասարակշռության միջոցով:

Բրիտանական Շեֆիլդի համալսարանի ժուռնալիստիկայի պրոֆեսոր Բոբ Ֆրանկլինը այսպես է բացատրում. - «Ցանկացած օրենսդրություն, օրենսգիրք կամ կարգավորման ցանկացած համակարգ պետք է կարողանա հավասարակշռել երկու շատ արժեքավոր բան: Առաջինը անհատի անձնական կյանքի իրավունքն է՝ անկախ անհատի հանրահայտ կամ սովորական մարդ լինելուց: Երկրորդը, սակայն, մամուլի ազատությունն ապահովելն է, որպեսզի մամուլն ունենա հասարակության պատշաճ հետաքրքրության առարկա հանդիսացող հետազոտության ու լրատվության պատշաճ շրջանակ»:

Մեծ Բրիտանիայում այս հավասարակշռությունը սահմանում է, այսպես կոչված, մամուլի բողոքների հանձնաժողովը: Հանձնաժողովի մոտեցումները խստացվեցին 1997 թվականին Ուելսի իշխանուհի Դիանայի մահվանից հետո: Ըստ գործունեության օրենսգրքի, որով ղեկավարվում է հանձնաժողովը, հարկավոր է հարգել յուրաքանչյուր մարդու անձնական եւ ընտանեկան կյանքը: Լրագրողներն, օրինակ, իրավունք չունեն օգտագործել խոշորացնող օբյեկտիվներ՝ մարդկանց անձնական վայրերում (ասել է թե՝ ցանկացած սեփականություն՝ անձնական կամ հասարակական, ուր ենթադրելի է անձնական կյանքը) լուսանկարելու համար:

Անձնական կյանքին վերաբերող օրենդրության մեջ, այդուհանդերձ, մի մեծ «բայց» կա: Բացառություն արվում է, եթե նյութը ենթադրաբար հասարակական հետաքրքրության առարկա է: Անթերի ձեւակերպմամբ, սա պետք է նշանակի՝ «ինչը առավել շահեկան է հասարակության համար»: Բրիտանական բուլվարային մամուլի համար, սակայն, դա աստիճանաբար սկսել է նշանակել՝ ինչը բառացիորեն հետաքրքրում է հանրությանը, այլ կերպ ասած՝ հանրահայտ անձինք եւ նրանց սեռական չարաճճիությունները:

Ուստի թերթերը տպագրում են «հյութեղ» լուսանկարներ, թեւեւ առայժմ չեն եղել այնպիսիները, որ հավասարվեն Հայաստանում հրապարակվածներին: Բրիտանական բուլվարային մամուլի ամենասկանդալայիններից էին, օրինակ, «հղի Դիանայի» լուսանկարները, ուր իշխանուհին պատկերված էր լողազգեստով՝ հղիության արդեն բավական առաջացած փուլում:

Բացի մամուլի բողոքների հանձնաժողովի հանձնարարականներից, սակայն, Մեծ Բրիտանիան չունի անձնական կյանքը պաշտպանող օրենք: Զոհերը ստիպված են օգտագործել սեփական երեւակայությունը, որպեսզի պատժեն լրատվամիջոցին՝ իրենց անձնական կյանքի մեջ գիտակցորեն ներխուժելու համար:

Նորապսակների հանրահայտ մի զույգ, օրինակ, խիստ վրդովված էր, երբ բրիտանական մի լրագիր տպագրել էր թաքնված օբյեկտիվով նկարահանված իրենց մեղրամսի մերկ լուսանկարները: Զույգը ներկայումս դիմել է դատարան՝ վկայակոչելով անհատի անձնական կյանքի իրավունքը պաշտպանող Բրիտանական մարդու իրավունքների ակտը, որը վերջերս ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի օրենքներում:

«Անձնական կյանքի հարցը ականապատ դաշտ է՝ ինչպես փիլիսոփայական, այնպես էլ օրենսդրական առումներով: Դժվար է որոշել, թե որտեղ է ավարտվում անձնական կյանքը եւ որտեղ է սկսվում հասարակական հետաքրքրությունը», - ասել է Ֆրանկլինը: - «Եթե, օրինակ, ես որոշեմ դավաճանել կնոջս եւ սիրային արկած ունենալ, դա, երեւի թե, իմ անձնական գործն է: Եթե ես վարչապետ եմ կամ ընտանեկան արժեքները հրապարակայնորեն պաշտպանող որեւէ կուսակցության անդամ, ապա աճում է իմ զանցանքի՝ հանրային հետաքրքրության կողմը»:

Հայաստանյան դեպքում Աբրահամյանը կարող է քննադատած լինել կառավարական պաշտոնյաների շրջանում տարածված կոռուպցիան, բայց նա ընտանեկան արժեքներ չի քարոզել:

Ժան-Կլոդ Բերտրանը Փարիզի համալսարանի պաշտոնաթող պրոֆեսոր է եւ մամուլի պատասխանատվությանը վերաբերող մի քանի գրքերի հեղինակ: Բերտրանը, ու նաեւ Անկախ մամուլի խորհուրդների եվրոպական դաշինքի տեսաբաններից է, ասում է, թե մամուլի գործունեության մասին օրենսգրքերը միատեսակ են եվրոպական գրեթե բոլոր երկրներում:

Նրա խոսքերով, Աբրահամյանի լուսանկարների հրապարակումը հիմնավոր արդարացում չունի: Նա ասում է, սակայն, որ որոշակի դեպքերում նման լուսանկարների հրապարակումը կարող է նաեւ հանրային հետաքրքրություն ներկայացնել: Որպես օրինակ Բերտրանը բերում է 1960-ականների «Փրոֆումոյի սիրարկածը», երբ սենսացիոն կերպով բացահայտվեց, որ բրիտանական պաշտպանության նախարար Ջոն Փրոֆումոն հարաբերություններ ուներ մի պոռնիկի հետ, որը միաժամանակ հանդիպումներ էր ունենում նաեւ խորհրդային ռազմածովային կցորդի հետ:

Մյուս երկու նշանակալի օրինակները Ռուսաստանից են: 1997 թվականին ռուսաստանյան լրագրերը տպագրեցին 90-ականների սկզբին արված աղոտ լուսանկարներ, որոնք ենթադրաբար պատկերում էին արդարադատության նախարար Վալենտին Կովալյովին՝ մի քանի մերկ կանանց հետ սաունայում: Երկու տարի անց հեռուստադիտողներին հրամցվեց մի աղոտ տեսաժապավեն, ուր երկու պոռնիկների հետ անկողնում «բռնել էին» այն ժամանակվա գլխավոր դատախազ Յուրի Սկուրատովին:

Նմանությունը հայաստանյան դեպքի հետ, սակայն, այստեղ վերջանում է: Ի տարբերություն Աբրահամյանի, Կովալյովն ու Սկուրատովը հետագայում ազատվեցին պաշտոններից:


Քեթլին Նոքս, Պրահա