OTE-ի բաժնետոմսերի 90 տոկոսը կվաճառվի բաց աճուրդով

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը այսօր հայտարարեց, որ անհրաժեշտ հաշվարկներն ու ճշգրտումները ավարտելուց հետո բաց աճուրդով կվաճառվեն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի մենատեր «ԱրմենՏել» ընկերության՝ հունական OTE-ի տնօրինած բաժնետոմսերի 90 տոկոսը, որոնք այս ամսվա կեսերից դրվել են արգելանքի տակ:

Անդրանիկ Մանուկյանը լրագրողներին ասաց, որ աճուրդի օրը դեռ նշանակված չէ: Նրա խոսքերով, ներկայումս ստուգվում են փաստաթղթերը, եւ ամեն բան ճշտելուց հետո կնշանակվի աճուրդը: Նախարարը չհերքեց մամուլում շրջանառող լուրերը, թե աճուրդին կարող են մասնակցել «Ռոստելեկոմ», «Ղարաբաղտելեկոմ» ընկերությունները: Ըստ Մանուկյանի, չի բացառվում, որ աճուրդին մասնակցի նաեւ OTE-ն:

Պատմությունը սկսվել է 2000 թվականին, երբ Լոնդոնի արբիտրաժային դատարանում Հայաստանի կառավարության եւ հունական OTE ընկերության դատական վեճից հետո հունական կողմը պարտավորվել էր փոխհատուցել կառավարության դատական ծախսերը, որոնք գնահատվել էին 968 հազար ԱՄՆ դոլար: Հետագայում, սակայն, տարբեր պատճառաբանություններով հունական ընկերությունը հրաժարվել է փոխհատուցել այդ գումարը:

Արդեն 2001 թվականին Հայաստանում առաջին ատյանի դատարանը, ուր հայցով դիմել էր կառավարությունը, ընդունեց դատական ծախսերը OTE-ի ունեցվածքից բռնագանձելու վճիռ: Վճիռը հունական կողմը բողոքարկեց, սակայն վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը:

Վերջապես կես ամիս առաջ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչության կողմից որոշվեց արգելանքի տակ դնել դատական ծախսերը համառորեն փոխհատուցել հրաժարվող հունական ընկերության «ԱրմենՏել»-ում ունեցած բաժնետոմսերի 90 տոկոսի վրա:

Հայաստանի կառավարության հաշվարկով, 968 հազար դոլարը ներկայումս տույժ-տուգանքներով աճել-հասել է 1,5 մլն դոլարի: Արգելանքի տակ դրված բաժնետոմսերը որոշվեց վաճառել բաց աճուրդով. պիտի վաճառվի այնքան բաժնետոմս, մինչեւ լրանա 1,5 մլն դոլարը:


Անուշ Դաշտենց, Երեւան