Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատունը»՝ պարսկերեն

Ուրբաթ երեկոյան Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: Սա 20-րդ դարի հայ գրականության մեջ նշանակալի իրադարձություն հանդիսացած եւ աշխարհի մի քանի տասնյակ լեզուներով հրատարակված ստեղծագործության առաջին հրատարակությունն է պարսկերեն:

Թարգմանությունը կատարել է ծագումով իրանահայ, ներկայումս Միացյալ Նահանգներում բնակվող Գեւորգ Նուբարյանը: Մասնագիտությամբ երկրաբան Նուբարյանի թարգմանությունը արժանացել է մասնագետների բարձր գնահատականին: Թարգմանիչն իր կատարած իրոք բարդ աշխատանքը նվիրել է Մեծ եղեռնի բոլոր նահատակների հիշատակին:

«Բավականին դժվարությամբ սկսեցի», - պատմելով իր աշխատանքի մասին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գեւորգ Նուբարյանը: - «Որոշ տեղեր այնքան սրտամոտ էին, որ շատ սահուն գնում էր: Բայց որոշ տեղեր կար, որ նույնիսկ մի քանի բառի համար ստիպված էի լինում շաբաթներ պրպտել, որ ճիշտ խորքը եւ իմաստը կարողանամ գտնել, հարազատությունը պահել Պարույր Սեւակի»:

Թարգմանության վրա Նուբարյանը աշխատել է 5 տարի: «Անլռելի զանգակատան» պարսկերեն հրատարակությունը թարգմանչի ձեռագրի լուսապատճենահումն է՝ զուգահեռ հայերեն տեքստով:

«Չուզեցի տպել, շարել տալ», - ասաց թարգմանիչը, - «ուզեցի անպայման իմ ձեռագրով լինի՝ թե' պարսկերենը եւ թե' հայերենը»:


Գայանե Դանիելյան, Երեւան