Սկսվեց Մուրադ Բոջոլյանի դատավարությունը




Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում այսօր սկսվեց անցած հունվարին Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված Մուրադ Բոջոլյանի դատավարությունը:

Դատավարությունը սկսվեց Մուրադ Բոջոլյանի շահերը պաշտպանող փաստաբան Հովիկ Արսենյանի միջնորդությամբ՝ կարճել քրեական գործը եւ դադարեցնել քրեական հետապնդումը: Հիմնավորումն այն էր, թե 1999 թվականից անվտանգության մարմինները ապօրինաբար (առանց քրեական գործ հարուցելու) մի քանի անգամ միջնորդությամբ դիմել են դատարան եւ, ստանալով համապատասխան որոշումները, գաղտնալսել են Բոջոլյանի հեռախոսային խոսակցությունները:

Մեջբերելով քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, Արսենյանը պնդեց, որ անվտանգության մարմինները ապօրինի գործողություններ են կատարել: Մեղադրող Աղվան Հովսեփյանը նախ ասաց, թե նշված գործողությունները կատարելիս ազգային անտանգության նախարարությունը ղեկավարվել է ներքին կանոնադրությամբ (ինչը, նշենք, բավարար չէ, քանի որ ներքին կանոնադրությունը ստորադասվում է օրենքներին), այնուհետեւ, սակայն, Հովսեփյանը եւ մյուս երկու մեղադրողները երկար որոնելուց հետո գտան 1999 թվականին դատարանին ներկայացրած Ազգային անվտանգության նախարարության միջնորդությունը, որտեղ գրված էր, թե առաջնորդվել են Քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածներով, ըստ որոնց «օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար հիմք է նման գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի պատճառաբանված որոշումը»:

Ի վերջո դատավոր Մարտիրոսյանը որոշեց մերժել Արսենյանի միջնորդությունը՝ այն համարելով անհիմն:

Այնուհետեւ դատարանն անցավ մեղադրական եզրակացության հրապարակմանը: Ըստ այդմ՝ Բոջոլյանը թեեւ մինչեւ 1998 թվականը աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, արտաքին գործերի նախարարությունում, իսկ վերջին տարիներին «Փեթակ» առեւտրի կենտրոնում հագուստ է վաճառել, սակայն իրականում հանդիսացել է բազմամյա փորձ եւ տարբեր հետախուզական կառույցների հետ առնչություն ունեցող հմուտ գործակալ: Դա հիմնավորված է նրանով, թե 1970-1991 թվականները նա հաշվառված է եղել Անդրկովկասյան զինվորական օկրուգի օպերատիվ հետախուզության ստորաբաժանումներից մեկում, ստացել է հետախուզական խմբի հրամանատար, ռադիստի որակավորում: Ունեցել է գործակալի «Զինգե» ծածկանունը:

Անկախության տարիներին, ըստ մեղադրական եզրակացության, Բոջոլյանը եղել է թուրքական ազգային հետախուզական կազմակերպության տեսադաշտում, եւ 1998 թվականից համագործակցել է այդ կազմակերպության հետ, որի հանձնարարությամբ էլ հավաքել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսական եւ ներքաղաքական ոլորտներին վերաբերող տեղեկություններ:

Բոջոլյանը տեղեկություններ է հավաքել նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զորամիավորումների տեսակների, դրանց տեղակայման, կառուցվածքի, զինատեսակների, Հայաստանի պաշտպանական համակարգի, ռազմական օդանավակայանների, հայ-ռուսական համատեղ զորամիավորումների, դրանց կառուցվածքի եւ զենքերի տեսակների վերաբերյալ: Բոջոլյանը հետաքրքրվել ու տվյալներ է հավաքել, թե արդյո՞ք Հայաստանում կան Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչներ:

Մեղադրական եզրակացությունում արձանագրված է նաեւ, որ Մուրադ Բոջոլյանը 1998 թվականից կապ է հաստատել այդ օրերին Հայաստանում գտնվող «Անադոլու» գործակալության թղթակից Ռեմզի Օմեր Օսկանի հետ: Նույն թվականի հունիսից սկսել է կատարել Ռեմզիի հանձնարարությունները: Վերջինս թուրքական հետախուզական կենտրոնի գործակալ է, աշխատել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան ծածկի տակ: Բոջոլյանը, ըստ մեղադրական եզրակացության, համագործակցել է թուրքական հետախուզության եւս 4 գործակալների՝ այդ թվում հայտնի լրագրող, CNN-Turk-ի մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդի հետ:

Ի դեպ, 2000 թվականին հենց Բիրանդին էր հարցազրույց տվել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Պետք է ենթադրել, թե այն ժամանակ Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները տեղեկություններ չունեին թուրքական հետախուզության հետ Բիրանդի համագործակցության մասին: Մինչդեռ, ըստ քրեական գործի նյութերի, Բոջոլյանը Հայաստանի ազգային անվտանգության նախարարության ուշադրության կենտրոնում է եղել դեռեւս 1999 թվականից:

Բոջոլյանի մոտ ձերբակալության ժամանակ հայտնաբերել են մի շարք փաստաթղթեր, գրառումներ, ինչպես նաեւ՝ մի ձայներիզ, որը վերջինս գաղտնի ձայնագրել է «Հայ-քրդական բարեկամություն» կազմակերպության երեւանյան գրասենյակում՝ քրդերի հետ զրույցի ժամանակ:

Գործով ընդամենը 5 վկա կա, 4-ը՝ ազգությամբ քուրդ: Դատարան ներկայացել էր միայն մեկը՝ «Հայ-քրդական բարեկամություն» կազմակերպության ներկայացուցիչ Ժենյա Ամիրյանը: Նա Բոջոլյանի հետ երբեւէ չէր առնչվել. իրեն ասել են, որ կազմակերպության համար թուքերենից թարգմանություններ է անում:

Մյուս վկաները, այդ թվում ոմն Ղուկասովը, որը, ըստ գործի տվյլաների, խորհրդային տարիներին ռազմական հետախուզության Հայաստանում գտնվող ստորաբաժանման ղեկավարն է եղել, ներկա պահին բացակայում են հանրապետությունից:

Դատավարությունը կշարունակվի հոկտեմբերի 30-ին:


Կարինե Քալանթարյան, Երեւան