Անցած ընտրություններում արձանագրվել է ընտրողների աննախադեպ ակտիվություն

1996 թվականից ի վեր Հայաստանում երրորդ անգամ են անցկացվում տեղական ինքնակառավարման մարմինների լայնամասշտաբ ընտրություններ, եւ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Արտակ Սահրադյանի գնահատմամբ, ընտրողների նման մասնակցություն երբեւէ չի արձանագրվել:

Նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել են ընտրողների 46 տոկոսը: Մասնակցության տոկոսը ավելի բարձր կլիներ, ըստ ԿԸՀ նախագահի, եթե հանրապետությունից այսօր չբացակայեին շուրջ 700 հազար պոտենցիալ ընտրողներ:

Այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ ընտրացուցակներում անճշտությունները, ըստ առկա տվյալների, համեմատաբար մեծ տոկոս չեն կազմել: Առայժմ ստույգ տվյալներ չկան անճշտությունների վերաբերյալ: Այդուհանդերձ՝ եթե 1999 թվականին իրենց ընտրելու իրավունքը վերականգնելու համար դատարան էր դիմել շուրջ 22 հազար ընտրող, ապա, ըստ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի, այս ընտրությունների ընթացքում իրենց ընտրական իրավունքը դատական կարգով պաշտպանելու համար դիմել է 12 782 ընտրող, որոնցից միայն 14-ն են մերժում ստացել:

Իհարկե, եղել են այնպիսի ընտրողներ, ովքեր իրենց իրավունքը վերականգնելու համար դատարան չեն: Արտակ Սահրադյանի վկայությամբ, համապատասխան գնահատական պետք է տրվի այն համայնքների ղեկավարներին, ում կատարած աշխատանքների արդյունքում ցուցակներում անճշտություններ, այնուամենայնիվ, եղել են:

Չի բացառվում, որ նախագահական ընտրություններից առաջ ցուցակները՝ ներքին գործերի անձնագրային ծառայությունների հետ համատեղ, ձեւավորեն ոչ թե համայնքների ղեկավարները, այլ, ասենք, Կենտրոնական ընտրական կամ ընտրատարածքային հանձնաժողովները:

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով կուսակցության քաղաքական գնահատականները, դրականի կողքին նշեց նաեւ այն, որ կուսակցությունն էլ մտահոգված է ընտրացուցակների անճշտություններով եւ օրենսդրության որոշ թերություններով:

Ըստ Արթուր Բաղդասարյանի, ընտրությունների արդյունքների վրա բացասական ազդեցություն է ունեցել այն հանգամանքը, որ «կառավարական լծակներ օգտագործվեցին այս գործընթացը խեղաթյուրելու համար»:

Այս ընտրություններում էլ նկատվել են կրկնակի, առանձին տեղամասերում՝ խմբակային քվեարկության դեպքեր, եղել են նաեւ մահացածների փոխարեն քվեարկություններ: Որպես առաջընթաց Բաղդասարյանը նշեց կազմակերպչական ձեռքերումները՝ «ընտրական տեղամասերի անխափան գործունեություն, նախորդ ընտրությունների հետ կապված բռնությունների եւ հակաիրավական գործողությունների կտրուկ նվազում»: Արթուր Բաղդասարյանը որպես դրական երեւույթ նշեց, որ հանրապետությունում առաջին անգամ ուժային կառույցները չեն միջամտել ընտրությունների ընթացքին:

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահի փոխանցմամբ, կրկնակի, ինչպես նաեւ օտարերկրյա անձնագրով քվեարկության դեպքեր են արձանագրվել Աշտարակի քաղաքապետի ընտրության ժամանակ: Այստեղ եղել են դեպքեր, երբ ընտրողին դատարան դիմելու համար տեղեկանք է տվել ոչ թե տեղամասային հանձնաժողովը, այլ քաղաքապետարանը:


Կարինե Քալանթարյան, Երեւան