Փախստականները կարող են սեփականաշնորհել հանրակացարաններում զբաղեցրած սենյակները

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, հանրապետության տարբեր քաղաքների մի շարք հանրակացարաններում բնակվող ավելի քան 100 փախստական ընտանիքներ կարող են իրենց կացարանը սեփական համարել:

Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը, ասելով, որ փախստականների համար սա «երկար սպասված որոշում է», հավելեց, որ այդ հանրակացարաններում սեփական հարկ են ստանում ոչ միայն փախստականները, այլեւ տեղաբնակները։

«Փախստական ընտանիքներին, եթե նրանք Հայաստանի քաղաքացիության իրավունք են ձեռք բերում ըստ օրենքի սեփականաշնորհում ենք իրենց, իսկ տեղաբանակ ընտանիքներին կառավարությունն է ընդառաջ գնացել, որպեսզի խտրականություն չդրվի հանրակացարաններում բնակվող փախստական եւ տեղաբնակ ընտանիքների միջեւ», - ասաց նախարարը:

Դավիթ Վարդանյանը տեղեկացրեց, որ այս քաղաքականությունը շարունակական է լինելու: Այսինքն՝ դեռեւս չմասնավորեցված մյուս հանրակացարանների բնակիչները եւս կարող են իրենց վերաբերող նման որոշումներ ակնկալել։

Կառավարության այս քայլը, անշուշտ, ողջունելի է. Սակայն, հարց է ծագում թե ինչո՞ւ հենց այժմ, հենց տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ քիչ ավելի ուշ նաեւ՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին գործադիրը որոշեց մարդկանց նվիրել հանրակացանների փոքրիկ սենյակները։ Պատասխանն ակնհայտ է՝ առջեւում ընտրություններ են ու, ըստ երեւույթին, գործադիրն ակնկալիք ունի, թե սեփականատեր դառնալով փախստականները եւ մյուս հանրակացարանաբնակները երախտագիտորեն կքվեարկեն հենց իշխանության կամ իշխանամետ թեկնածուի օգտին։

Կառավարությունը հանրակացարանները օտարելու մեկ այլ շարժառիթ էլ ունի. տասնյակ տարիների ընթացքում քայքայված ու խարխլված, մեծ մասամբ չվերանորոգված շինությունները ֆունկցիոնալ վիճակում պահելու, ինչպես նաեւ կոմունալ ծախսերը հոգալու համար պետությունը միջոցներ չունի կամ այլեւս չի ցանկանում նման ծախսեր անել: Ուստի հանրակացարանները բնակիչներին հանձնելը, այն էլ՝ ընտրությունների նախաշեմին, ճիշտ ժամանակին արված քայլ է։


Ատոմ Մարգարյան, Երեւան