Մամուլի տեսություն

«Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում նախագահական ընտրություններն արդեն իսկ հետաձգվել են եւ կայանալու են, ասենք, 2005 թվականին կամ դրանից էլ հետո: Այլ բացատրություն չես կարող գտնել այն հանդարտությանը, որ, սովորաբար, ճահիճերին է բնորոշ», - ընթացքի այսպիսի ընկալմամբ, «Օրրան» թերթն այսօր շեշտում է. - «Եթե քվեարկելու ենք «դեմ», ուրեմն՝ ներկայիս ժամիշխանները հասել են իրենց նպատակին եւ կարողացել են անել այնպես, որ ապահովեն իրենց «վերընտրություն»: «Դեմը»՝ միանշանակ, նրանց հաղթանակն է: Հաշվի առեք նրանց ֆիզիկական ու ֆինանսական հնարավորությունները, վարչական կոչվող ռեսուրսը, դրան գունարեք մեր հոգեբանությունը, եւ ամեն ինչ պարզ կդառնա»: Ասել է թե՝ մեր միակ փրկությունը «կողմ» կատարելիք քվեարկությունն է, եւ արդեն իսկ պետք է երեւացած լիներ Նա, ով անվերապահորեն պետք է որպես միակ ու ամենաիրական այլընտրանք ընկալվեր: «Պետք է հստակ գիտակցել, որ օր օրի ուշանում ենք», - տագնապ է հնչեցնում «Օրրան»-ը: Վկայակոչելով Մոսկվայից ժամանած ու դեռ ժամանելիք անհատներին ու պատվիրակությունները, ռուսական մամուլի վերլուծությունները, «Օրրան»-ը նաեւ համադրել է. - «Մենք քննարկում եւ լուծում ենք երեկվա օրվա հարցերը, մինչդեռ Ռուսաստանն արդեն փորձում է կանխորոշել կամ էլ գծագրել մեր վաղվա օրը»:

«Հայկական ժամանակ» թերթում այսօր կրկին շեշտադրված է, թե մեր իշխանությունները վախենում են Լեւոն Տեր-Պետրոսյան - Բորիս Ելցին տանդեմից, վերջիններիս հարաբերությունների բացառիկ ջերմությունից, եւ երեկվա նրանց հանդիպումն էլ պարզապես երկու «ծերուկների» հանդիպում չէր. «Իրականությունն այն է, որ հանդիպում են Հայաստանի եւ Ռուսաստանի ամենաազդեցիկ դեմքերից երկուսը, ու Աստված գիտե, թե ինչ տեղի կունենա, եթե նրանք հասցնեն քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերել»: «Ազգ» թերթի մեկնաբանն էլ, արձանագրելով Ելցինի ունեցած առանձնակի ջերմ կապերը Տեր-Պետրոսյանի հետ, միաժամանակ ընդգծում է. - «Ինչ ենթատեքստով էլ մոտենանք Ելցինի Հայաստան այցելության փաստին, միեւնույն է, այդ այցն անուղղակիորեն ծառայելու է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավին։ Ի վերջո նա է հրավիրել Բորիս Նիկոլաեւիչին, եւ վերջինս նրա' հյուրն է։ Ելցինը չի աջակցի Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավին, քանի որ նախ եւ առաջ Հայաստանի առաջին նախագահը չի մասնակցի այդ ընտրություններին։ Եթե Ելցինն աջակցելու լիներ, Տեր-Պետրոսյանին կաջակցեր 1997-98 թթ.՝ Հայաստանի ներիշխանական ճգնաժամի օրերին», - տրամաբանում է մեկնաբանը:

«Զավեշտական են ռուսաստանյան յուրաքանչյուր պաշտոնյայի կամ քաղաքական գործչի հայաստանյան այցելության մեկնաբանությունները գալիք նախագահական ընտրությունների կտրվածքով», - արձագանքում է «Հայոց Աշխարհ» թերթը: - «Սա խոսում է միայն այն մասին, որ նախագահական ընտրապայքարի դուրս եկածների մեծ մասը լավ է գիտակցում, որ որեւէ լուրջ հենարան ու ընտրվելու չնչին հնարավորություն անգամ չունի: Նման պայմաններում ներսի փրկիչները դրսի փրկիչների կարիք են զգում, ինչի հետեւանքով նրանց վառ բորբոքված երեւակայությունը, ինչպես միշտ, ցանկությունը շփոթում է իրականության հետ»: Ամեն դեպքում, ինչպես «Հայկական ժամանակ» թերթն է սահմանել՝ Հայաստանում «նախագահական ամբողջ ընտրարշավը ընթանում է ռուսամետության դրոշի ներքո: Թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր գործիչները ջանք չեն խնայում ապացուցելու համար, որ իրենք են ամենառուսասերը»: «Մարդիկ, իրոք, կարծում են, թե Հայաստանում ընտրությունները կանխորոշում են կա'մ Ռուսաստանը, կա'մ Արեւմուտքը», - եւ, «Առավոոտ»-ի մեկնաբանի հայացքով, - «հայրենի ընդդիմության հենց այդ թյուր տպավորությունն է պատճառը, որ վերջիններս Հայաստանում ավելի լուրջ ու ակտիվ գործողություններ ծավալելու, Ազգային ժողովում իրենց՝ նիստերը բոյկոտելու կամ հոկտեմբերի 9-ից հետո «սարեր շուռ տալու» խոստումների, հասարակության հետ աշխատելու փոխարեն վազեվազ են անում հյուսիս կամ արեւմուտք՝ իրենց թեկնածուի «դաբրոն» ստանալու «հույժ կարեւոր» նպատակով»: Սրա կողքին մեկնաբանը, անդրադառնալով ռուսաստանյան մամուլի որոշ հրապարակումների, Ռուսաստանի կողմից մեր նախագահական ընտրություններին ակտիվ միջամտելու հստակ միտում է տեսնում, ընդ որում՝ համեմված շանտաժով ու սպառնալիքներով:

Նախկին հայտնի գործիչներից Կտրիճ Սարդարյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթում ցավով նշում է, որ մեր քաղաքական ուժերը, փոխանակ քննարկելու եւ լուծում գտնելու գլխավոր հարցին՝ շրջափակման վերացմանն ու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ հաստատելուն, մրցում են Ռուսաստանի հետ է'լ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու գործում: «Անտեղի մրցակցություն է, որովհետեւ Հայաստանն ամենասերտ միջպետական հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ: Ստացվում է՝ մեր քաղաքական ուժերը պայքարում ու մրցում են մի բանի համար, ինչի անհրաժեշտությունը չկա», - ասում է Կտրիճ Սարդարյանը:

Դիտարկելով ընդդիմադիր «16»-ի ձեւակերպած միասնական ծրագրի հիմնախնդիրները, «Հայկական ժամանակ» թերթն այսօր տալիս է հետեւյալ գնահատականը. դրանցում «գերակշռում են նացիոնալ-կոմունիստական դրույթները, որոնց իմաստը ժամանակակից արժեքներով ապրող որեւէ մեկը դժվար թե հասկանա: Այնպես որ, 16-ը առայժմ շատ քիչ է առաջ գնացել ռեակցիոն դիրքերից»: «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում արտահայտվել է, թե «քաղաքական դաշտում առկա խնդիրների լուծումը ՀՀՇ-ին վերագրելը առաջին հերթին վարկաբեկիչ է հենց նրա համար»: Իսկ Երեւանի Կենտրոնի համայնքապետի ընտրություններում «16»-ի միավորման աջակցությունն էլ հհշական Արարատ Զուրաբյանին, ըստ Գալուստ Սահակյանի, վարկաբեկիչ է վերջինիս համար: «Մենք ժողովրդին վաղը կասենք՝ ինչ ենք արել: Եւ այս գործոնը շատ ավելի ազդեցիկ է, քան ընդդիմության խոստումները կարող են լինել», - հավաստիացնում է Սահակյանը: - «Ընդդիմությունը նոր անակնկալների այլեւս ընդունակ չէ»:


Վաչե Սարգսյան