Ընդդիմությունն ընդունում է միասնական հայտարարություն

Ընդդիմադիր 16 կուսակցությունների խորհրդի այսօրվա նիստում քննարկվել եւ ընդունվել է փաստաթուղթ, որում շարադրված են ընդդիմադիր միավորման կողմից կարեւոր համարվող եւ հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները:

Ընդունված փաստաթուղթը բաղկացած է 23 կետից, որոնք վերաբերում են երկրի կյանքի գրեթե բոլոր ոլորտներին՝ դատաիրավական համակարգին, փոքր ու միջին գործարարությանը, մարդու իրավունքներին, Հայաստան - Սփյուռք հարաբերություններին, արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը: Եվ ամենուր, անշուշտ, 16-ի միավորումը բարելավում ու զարգացում է ծրագրում:

Ուշագրավ է հատկապես արտաքին քաղաքականությանը վերաբերող կետը. «ՀՀ ազգային պետական շահերին նպատակաուղղված հավասարակշռված արտաքին քաղաքականության իրականացում: Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խորացում, Եվրոպական կառույցների հետ ինտեգրում, այլ երկրների հետ փոխշահավետ համագործակցության զարգացում»: Եվ ոչ մի խոսք Միացյալ Նահանգների հետ համագործակցության վերաբերյալ:

Անդրադարաձ կա նաեւ «Հոկտեմբերի 27»-ին, որը 16 կուսակցությունները նպատակ են դնում բացահայատել, ինչպես նաեւ՝ «բացառել քաղաքական հետապնդումներն ու ահաբեկումը»:

Նիստում քննարկված այլ հարցերի մասին մանրամասներ չեն հաղորդվում: Այսօրվա նիստը նախագահող Շավարշ Քոչարյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ Ազգային ժողովում ընդդիմությունը ներկայացնող 28 պատգամավորները հաջորդ եռօրյայի ժամանակ, երբ հանրապետության նախագահը այլեւս կկորցնի խորհրդարանը լուծարելու իրավունքը, նորից գրավի ամբիոնը, ասաց. - «Այս անգամ [այդ հարցը] չի քննարկվել: Մենք դեռ նիստ ունենք մինչ այդ եւ բնական է, մյուս նիստերում կքննարկենք»:

Ավելի ուշ 16-ի միավորման լրատվական ծառայության պետ Ռուզաննա Խաչատրյանը, անդրադառնալով նույն հարցին, ասաց. «Այս պահին դժվար է ասել, բայց որ միավորման 28 պատգամավորների կողմից ակտիվ գործողություններ պետք է ծավալվեն Ազգային ժողովում, բոլորը միանշանակ այդ կարծիքին են: Ինչ գործողությունների եւ ինչ պահվածք պետք է լինի, քննարկվի վաղը չէ մյուս օրը»:

Այսօրվա նիստում որոշվել է նաեւ հոկտոմբերի 27-ին անցկացնել երթ:

Միավորումը կազմող որոշ կուսակցությունների ղեկավարներ նիստին չէին մասնակցում. ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) նախագահ Ստեփան Դեմիրճյանը, օրինակ, մեկնել է Սյունիք, կոմունիստներն ընդհանրապես ներկայացուցիչ չէին ուղարկել, սակայն նախապես տեղեկացրել էին այդ մասին: Իսկ Արտաշես Գեղամյանի գլխավորած «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչները բացակա էին՝ առանց տեղյակ պահելու:


Արմեն Զաքարյան, Երեւան