Երկուշաբթի օրը ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցություն) գագաթնաժողովի շրջանակներում Մոլդովայի մայրաքաղաքում հանդիպում ունենալով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է երկու երկրների հարաբերություններում վերջին ամիսների ընթացքում տեղ գտած զգալի առաջընթացը:
«Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների որակը փոխվել է», - Ռուսաստանի նախագահի խոսքերն է մեջբերել ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Պուտինը հատկապես նշել է «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրի սպասվող ստորագրումը երկու երկրների կառավարությունների միջեւ: Ռուսաստանի նախագահը, ինչպես հաղորդվում է, ասել է նաեւ, որ «անելիք դեռ շատ կա»:
Ռոբերտ Քոչարյանը, իր հերթին, ասել է, որ գույքով Հայաստանի 98 միլիոն դոլարի պարտքը մարելու մասին պայմանագիրը կստորագրվի «մոտ ապագայում»: «Հուսով եմ, որ Ռուսաստանի վարչապետը կայցելի Հայաստան եւ վերջապես ավարտին կհասցվի այս բարդ հարցը», - ասել է Հայաստանի նախագահը:
Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որ բանակցություններում ներկայացնում էր հայկական կողմը, անցած շաբաթ վերադառնալով Մոսկվայից ասել էր, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչեւ նոյեմբերի 20-ը: Սերժ Սարգսյանը շեշտել էր, որ այդ այցը իր «ամենաօգտակար» այց էր արտասահման:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը Սարգսյանի հետ բանակցություններից հետո, հաստատել է Հայաստանի հետ ռազմական կապերի ամրապնդելու՝ ռուսաստանյան կողմի հաստատակամությունը: Երկու երկրների պաշտպանության նախարարները ռազմական ոլորտում համագործակցույան մասին երկու նոր պայմանագիր են կնքել:
Էմիլ Դանիելյան, Երեւան