Մամուլի տեսություն

Անդրադառնալով միացյալ ընդդիմությանն առնչվող՝ նախագահ Քոչարյանի երեկվա գնահատականներին «Հայկական Ժամանակ» թերթի մեկնաբանն այսօր ընդգծել է. - «Ռոբերտ Քոչարյանի անձը եվ գործունեությունը 6-7 տարի շարունակ ուսումնասիրողների համար, թերեւս, պարզ է, որ ասվածի մեջ անկեղծության նշույլներ գտնելը դժվար գործ է, եւ սա ընդամենը նախընտրական տեխնոլոգիաների բաղկացուցիչ մասերից է: Ընդամենը 4 օր առաջ 16-ի միավորման մասին կարծիք հայտնելու լրագրողների խնդրանքը նա անպատասխան թողեց՝ իր տրամադրությունը «ներքաղաքական բաներով չփչացնելու» պատճառաբանությամբ: Իսկ երեկ Քոչարյանը, համենայն դեպս, արտաքուստ բարձր տրամադրությամբ եւ մեծ ոգեւորությամբ էր խոսում ընդդիմադիրների միավորման մասին»:
«Առավոտ» թերթն էլ, Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների հետքերով վերլուծում է. -«Ինչ խոսք, որքան շատ թեկնածու առաջադրի ընդդիմությունը, այնքան քիչ հավանական կլինի Քոչարյանի հաղթանակը հենց առաջին փուլում: Կփոշիանան թե ընդդիմության եւ թե, որոշ չափով, իշխանության ձայները: Իսկ սա նշանակում է, որ երկրորդ փուլից առաջ Քոչարյանը ստիպված կլինի ընտրաձայներն իրեն փոխանցելու նպատակով պայմանավորվել ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի թեկնածուի հետ: ... Մի խոսքով, բանակցությունները գլխացավանք կստեղծեն եւ շատ թանկ կնստեն: Ավելի դյուրին է գործ ունենալ մեկ հակառակորդի հետ, որին հնարավորություն ունես ընտրել նախապես»:

Այս առումով, ըստ «Առավոտ»-ի, - «Թեկնածուներից առավել հարմարը Ստեփան Դեմիրճյանն է՝ փափուկ, անշառ տղա է եւ հետությամբ կհամաձայնի, ասենք, Ազգային Ժողովի նախագահի պաշտոնին: Այնպես որ, խորհուրդ կտայինք Քոչարյանին հենց նրան նշանակել ընտրություններում գլխավոր հակառակորդ եւ «16»-ի միասնական թեկնածու», - եզրափակել է «Առավոտ»-ը:

«Ազգային ժողովրդավարական միության» նախագահ Վազգեն Մանուկյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. -«Շատ հավանական եմ համարում , որ 16-ի միավորումն իսկապես բաժանվի երկու մասի՝ ոչ մի ողբերգություն չեմ տեսնում դրա մեջ: ... Այն անհամբեր սպասումները, թե այս 16-ը հանդես են գալու միասնական ծրագրով եւ թեկանծուով՝ համարում եմ բարի ցանկություն: ... 16 հոգով նստել, ծրագիր գրելը համարում եմ անիմաստ: Կարծում եմ, որ ամեն մի կուսակցություն եւ թեկնածու պետք է հասարակությանը ներկայացնի իր ծրագիրը, հետո դրանք կարող են քննարկման առարկա դառնալ 16-ի շրջանակներում: Եվ եթե համաձայնության գանք ինչ-որ ընդհանուր դրույթների շուրջ՝ գուցե լինի միասնական ծրագիր, բայց դա գործընթաց է. տեսնենք՝ ինչ կստացվի»:

Արտաշես եղամյանի ներկայացրած ծրագրի մասով էլ Վազգեն Մանուկյանը նշում է. - «Ինձ հայտնի չէ նրա քաղաքական ուղղվածությունը եւ փիլիսոփայությունը՝ չեմ տեսել այս տարիների ընթացքում: ... Եվ ծրագիրը կարդալով էլ ես չտեսա «կարմիր թելի» պես անցնող այդ գաղափարախոսությունը: Բայց ծրագրի 90 տոկոսը նորմալ է, մյուս 10 տոկոսի վերաբերյալ կարող են տարբեր վեճեր լինել՝ խնդիր չէ»:

«Գեղամյանի հայտարարությունը, թե մյուս կուսակցությունները ծրագիր չունեն, խոցելի է, - «Օրրան» թերթում արձագանքում է ՀԺԿ-ից պատգամավոր Գրիգոր Հարությունյանը, - Չկա կուսակցություն, որը ծրագիր չունենա: Կոնկրետ ՀԺԿ-ինը հիմնականում Կարեն Դեմիրճյանի՝ 1998 թվականի նախընտրական ծրագիրն է երառում: ... Չի բացառվում, որ որեւէ քաղաքական ուժ մինչ ընտրությունները թողնի 16-ի համագործակցությունը: Պետք չէ դրանից ողբերգություն սարքել: Դա կորուս է, բայց 16-ը չի փլվի», - ընդգծում է Հարությունյանը: Վերջինիս հայացքով, ներկա դրությամբ. - «Իշխանությունները հազիվ 10-20 տոկոս քվե կարողանան առնել: Նրանք այսօր ավելի ծանր վիճակում են, քան ըդդիմությունը: Իհարկե, վերջինս էլ հաջողության չի հասնի, եթե լուրջ քայլեր չանի»:

«Ընդդիմությունը պետք է լրջանա»,- իր հերթին շեշտադրում է «Հայկական Ժամանակ»-ի մեկնաբանը, վկայակոչելով մեկ շաբաթ առաջ «Հանրապետություն» կուսակցության պատվերով անցկացված սոցհարցման արդունքները: Ըստ այդմ, եթե նախագահական ընտրությունները լինեին հիմա, Ռոբերտ Քոչարյանը կհավաքեր մոտ 21 տոկոս ձայն, Ստեփան Դեմիրճանը՝ մոտ 17 տոկոս , հաջորդը՝ մոտ 7 տոկոսով, Արտաշես Գեղամյանն է: Հարցվածների 35 տոկոսը դեռեւս կողմնորոշված չէ, եւ շատ բան կախված է թեկնածուների առաջիկա քարոզչությունից»,- շեշտված է մատուցման մեջ: - «Փոչարյանի կոմնակիցների թիվն էլ 4 տոկոսից չի անցնում: Պարզապես ընտրողների 16 տոկոսը պատրաստվում է Քոչարյանին ձայն տալ միայն այն պատճառով, որ ընդդիմության դաշտում տիրող անորոշության հետեվանքով գործող նախագահին այլընտրանք չի տեսնում»:

«Ո՞ւմ եք տեսնում ընդդիմության միասնական թեկնածու» հարցին պատասխանողների 23 տոկոսը տվել է Ստեփան Դեմիրճյանի անունը, նրան փոքր-ինչ զիջում էԱրտաշես Գեղամյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վազգեն Մանուկյանն ու Արամ Սարգսյանը 6 տոկոսի շրջակայքում են: Հարցվածների զգալի տոկոսը նշել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում «կկողմնորոշվեն միայն այն ժամանակ, երբ վերջինս հայտարարի առաջադրվելու իր մտադրության մասին, - փոխանցում է «Հայկական Ժամանակ»-ը՝ նաեւ ընգծելով, - գործող նախագահի համար 20,7 տոկոս վարկանիշը շատ քիչ է: ...96-ի նախագահական ընտրություններից առաջ անցկացված բոլոր սոցհարցումների արդյունքներով Լեվոն Տեր-Պետրոսյանն ուներ 40% ձայն»:

«1988 թվականին ժողովուրդը դավաճան որակեց Կարեն Դեմրճյանին, որպեսզի 1998-ին խնդրի վերադառնալ: Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը շատ առումներով նմանվելու է Կարեն Դեմիրճյանի վերադարձին», - զուգահեռում է այսօր «Օրրանի» տեսաբանը, շեշտելով, որ եկել է նրա խոսելու, վերջնական վճիռ կայացնելու ժամանակը:

Այս հայացքով, - «Բացառված չէ, որ հենց նա լինի ընդդիմության միասնական թեկնածուն՝ դառնալով միասնության կենտրոն ու ավարտելով մեծ ու փոքր տարաձայնությունները: ... Եւ նույնիսկ Գեղամյանը կարող է սթափ հաշվարկի ունակ լինել ու հրաժարվել կասկածելի հաջողությամբ քայլից»: Ըստ տեսաբանի, - «Գերտերություններն էլ Տեր-Պետրոսյանին կարող են նախընտրել ներկա նախագահից ու մյուս թեկնածուներից մի քանի պատճառով: Նախ՝ նրա փորձը եւ հեղինակությունը, վարելիք քաղաքականության կանխատեսելիությունը: Ապա՝ տարածաշրջանում գոնե մեկ հաստատուն հենարան ունենալու անհրաժեշտությունը. եւ Շեւարդնաձեն եւ Ալիեւն ալեւս այդ դերակատարությանը հարմար չեն՝ թե քաղաքական, թե անձնական պատճառներով»:


Վաչե Սարգսյան