Մամուլի տեսություն

Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը, որ բոլոր հավակնություններն ունի «մշտապես թեժ թեմա դառնալ սկանդալային նյութերի ծարավների համար», ինչպես բնորոշում է «Առավոտ» թերթի մեկնաբանը, սկսվեց ընդդիմության «նահանջ՝ երգով» մարտավարությամբ: «Առավոտ»-ում եւ «Հայկական ժամանակ»-ում միաժամանակ արձանագրվում է, որ ընդդիմության բոյկոտը առանձնապես չի ազդում խորհրդարանի աշխատանքի վրա: Ընդդիմադիր մի պատգամավոր, սակայն, թերեւս գաղտնազերծելով «16»-ի միավորման հետագա ծրագրի որոշ երանգներ, «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Մինչեւ հոկտեմբերի 10-ը այս մեթոդով կբոյկոտենք նիստերը, իսկ երբ արդեն խորհրդարանը լուծարելու վտանգ չի լինի՝ կզավթենք ամբիոնը»: Այս նույն տեսլականի առջեւ «Ազգ» թերթի մեկնաբանը նախանշում է. «Կարելի է պատկերացնել, թե ինչ սոդոմ-գոմորի է վերածվելու օրենսդիր մարմինը, երբ պատգամավորների ձեռքերն ու ոտքերը «ազատվեն»:

«Օրրան» թերթում նստաշրջանի մեկնարկից դիտարկում է ընդգծված, որ եւս մեկ անգամ փաստվեց, թե իշխանության թեւերն ինչքան միմյանց չեն վստահում, ինչքան շատ են պատրաստ սեփական շահի հետապնդումով տապալել թե' պետական ինստիտուտի բնականոն աշխատանքը եւ թե' միմյանց: «Օրրան»-ում եւս, սակայն, դժգոհության մի մեծ բաժին ուղղված է ընդդիմությանը. «Հենց առաջին իսկ օրերից նույն այդ «16»-ն էլ միասնական որոշումներ չեն կարողանում ընդունել ու իրականացնել: Եթե այսօր է այդպես, ուրեմն՝ վաղվա օրվա մասին խոսելն անգամ ավելորդ է... Ակնհայտ է դառնում, որ ընդդիմադիր դաշտի հատուկենտ գաղափարական ուժերի պոչին կպել են բազմաթիվ ու տարատեսակ պատեհապաշտներ, ովքեր մի խնդիր ունեն միայն՝ անհրաժեշտ պահին պառակտել ցանկացած դաշինք, վարկաբեկել ցանկացած գաղափար, տապալել ցանկացած նախաձեռնություն եւ գործ: Ու եթե մեկնումեկը լինելու է, որ կփորձի էս անբարո խառնաշփոթի մեջ ամեն մեկին իր տեղը դնել, սեւին սեւ ասել, սպիտակին՝ սպիտակ, այսօր պետք է երեւան գա ու ասի իր ասելիքը, այլապես վաղը նրան էլ ոչ ոք չի հավատալու»:

«Հայոց Աշխարհ» թերթը խորհրդարանի ընթացքը ուրվագծել է այսպես. «Խմբակցություններն ու խմբերը խանդով հետեւում էին մեկմեկու՝ թույլ չտալով մրցակիցներին ընդունել որեւիցե օրենք, որը կարող էր դուր գալ ընտրողներին: Դժվար չէ գուշակել, որ այս հողի վրա աշնանը կծավալվեն իսկական ճակատամարտեր: Կառավարության համար «Միասնություն» խմբակցությանը սովորաբար աջակցող խումբ-խմբակցությունների հետ աշխատելը դժվար է լինելու: Ստիպել նրանց, որ քվեարկեն հասարակական համակրանք չվայելող օրենքների օգտին, ամսեամիս ավելի դժվար կլինի: Անշուշտ, նրանք սիրում են նախագահին ու վարչապետին ու պաշտպանում վերջիններիս նախաձեռնությունները, բայց պետք է նաեւ բացատրություններ տալ եւ արդարանալ ընտրողների առջեւ: Քանի որ հաջողությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ շատ բանով կախված կլինի նախագահի բարեհաճությունից, կուսակցական առաջնորդները է'լ ավելի ակտիվորեն ըմբռնում եւ աջակցություն կփնտրեն նախագահականում: Ընդդիմությունը, իր հերթին, հաշվարկները կկառուցի պոպուլիզմի, հիստերիաների, սադրանքների վրա՝ ինչպես խորհրդարանի ներսում, այնպես էլ հրապարակներում: Իսկ Աստված լուռ նայում է այս ամենին՝ թույլ տալով, որ համաձայն հին չինական մեթոդի, բոլոր ծաղիկները բացվեն: Մի խոսքով, ամեն ինչ՝ ինչպես միշտ»: «Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով, ամենայն հավանականությամբ, Ազգային ժողովում խոշոր բախումներ չեն լինի, եւ հիմնականում ամեն ինչ կսահմանափակվի ամբիոնից հնչող եւ ըստ էության ընտրազանգվածին ուղղված սուր ելույթներով: Իսկ նախընտրական լծակների համար հիմնական պայքարը ծավալվելու է խորհրդարանի պատերից դուրս՝ նեղ շրջանակներով կամ «տետ-ա-տետ» հանդիպումներում: Առավել եւ, որ արդեն իսկ ամբողջ թափով նախապատրաստվում են համայնքապետական ընտրություններին»:

«Ես հազար երանի եմ տալիս նրանց, ովքեր մոտիկից չեն տեսնում, թե երկրում ինչ է կատարվում», - «Իրավունք»-ի թղթակցին ասել է նախկին նախարար Մուրադ Մուրադյանը: - «Պաշտոնանկության հրամանագրից առաջ Ռոբերտ Քոչարյանն անգամ չբարեհաճեց հրավիրել ինձ, եւ հրամանագրի մասին իմացել էի փողոցային խոսակցություններից», - պատմում է նա: - «Ժամանակին հենց Ռոբերտ Քոչարյանն էր ինձ մղել պայքարելու մաֆիայի դեմ, մինչդեռ վարչապետը խորհուրդ էր տալիս հետ քաշվել: Ե'վ 6-րդ վարչությունը, ե'ւ նախագահի վերահսկողական ծառայությունը հսկայական չարաշահումներ էին հայտնաբերել, սակայն ամեն ինչ ծածկադմփոցի վերածվեց, եւ միակ պատժվող ես եղա, թեեւ այդ բացահայտումների թելերը տանում էին դեպի շատ ազդեցիկ մարդիկ: Փաստորեն իր հրամանագրով նախագահը կատարեց մաֆիայի պատվերը»: Ըստ նախկին նախարարի, ստվերային շրջանառության թվերը բավարար են ե'ւ թոշակները, ե'ւ բյուջետային աշխատավարձերը մի քանի անգամ բարձրացնելու, ե'ւ զարգացման բազմաթիվ խնդիրներ լուծելու համար. «Եթե պետության ղեկավարությունը ցանկանա համակարգված ձեւով երկրում կարգ ու կանոն հաստատել, ապա դա հնարավոր է երեք ամսում»:

«Եթե մենք երկրի պաշտպանության հետ կապված հրատապ խնդիր չունենայինք, նույնպես կարող էինք մի շարք բարեփոխումներ իրականացնել», - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ընդգծում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: -«Համարում եմ, որ մեր բանակը քաղաքականացված չէ», - ասում է նախարարը՝ միաժամանակ նշելով, որ բանակը չի կարող հարյուր տոկոսով ապաքաղաքականացված լինել, որովհետեւ հասարակության մի մասն է, բացի այդ՝ մասնակցում է համապետական ընտրություններին: «Բայց, փառք Աստծո, գոնե վերջին երկու տարվա ընթացքում զինված ուժերի որեւէ սպա, որեւէ ստորաբաժանում քաղաքական հայտարարություններ չի արել, քաղաքականությանը չի խառնվել», - շեշտում է Սերժ Սարգսյանը: - «Երկրապահի այն անդամներն էլ, ովքեր ծառայում են բանակում, քաղաքական հայտարարություններ չեն հնչեցրել»:

«Օրրան» թերթի վերլուծաբանն այսօր գրում է. «Որ Երկրապահ կամավորականների միությունը պաշտպանության նախարարության արտանախարարական կառույցն է, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Ածանցյալ հետեւանքներով: Նույնքան էլ անթաքույց է, որ ԵԿՄ-ն շատ հանգիստ կարող է թոթափել իր վերնախավի իշխանությունը եւ վերադառնալ ակունքներին. իրավիճակի մի թեթեւ փոփոխություն է պետք: Գերքաղաքականացված մեր հասարակության մեջ նրանք դեռ ընդունվում են, բայց ոչ թվացյալ, այլ իրական կայունության հաստատման դեպքում ԵԿՄ-ն այլեւս ոչ մեկին պետք չի լինելու: Հիմա նրանք պետք են նախընտրական խնդիրներ լուծելու համար: Դաշինքներում որոնելու են ուժեղին եւ անվերապահ ենթարկվելու են. ով էլ լինի՝ իշխանություն, թե ընդդիմություն: Ապագա խորհրդարանում մի քանի պատգամավոր են ունենալու եւ մեծամասնության սայլին են լծվելու, որովհետեւ սեփականը չունեն»:


Վաչե Սարգսյան