Շիրակի մարզում դաբաղի բռնկում է արձանագրվել

Շիրակի մարզային իշխանությունները միջոցառումներ են ձեռնարկում տեղայնացնելու մարզի երեք գյուղերում գրանցված դաբաղի բռնկումները: Այդ վիրուսային հիվանդությամբ վարակվել է արդեն շուրջ 300 անասուն:

Մարզի գյուղատնտեսության եւ բնօգտագործման վարչությունում օգոստոսի սկզբից ստացվել են ահազանգեր, որ երեք գյուղերում դաբաղով հիվանդ անասուններ կան: Վարչության գլխավոր մասնագետ Վարդան Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ մարզում նախազգուշական պատվաստում է կատարվել դաբաղի մեկ այլ տարատեսակի դեմ. պատվաստվել է մոտ 75 հազար անասուն: Նա ասաց նաեւ, որ կենդանիների անկում մեծ չափերով չի գրանցվել: Դաբաղից սատկած կենդանիներին հարկավոր է այրել կամ համապատասխան միջոցներ ձեռնարկել վարակի օջախը մարելու համար:

Ախուրյանի անասնաբուժական կայանի տնօրեն Գուրգեն Գալստյանի խոսքերով, քանի որ անասունները պատվաստված են, հիվանդությունը ընթանում է բարորակ տեսքով:

Վարակի՝ մարզ թափանցելու ուղիների մասին հարցին ի պատասխան Գալստյանը ենթադրություն հայտնեց, թե այն կարող է հասած լինել Թուրքիայից դեպի Հայաստան հոսող գետակի ջրերով:

Գյուղատնտեսության եւ բնօգտագործման վարչության աշխատակիցները հավաստիացրին, թե ամեն ինչ արվում է վարակի տարածումը կանխելու համար:


Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի