Մամուլի տեսություն

«Առայժմ նախագահական ընտրարշավը չի մեկնարկել, սակայն մեկնարկից հետո կլինեն շատ հետաքրքիր, անգամ սենսացիոն դեպքեր», - «Իրավունք»-ում կանխատեսում է Ռուսաստանի «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Արամ Կարապետյանը: Մարդ, որին թուրքական մամուլը ներկայացրել էր որպես Ռուսաստանի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու: Այդ կապակցությամբ Արամ Կարապետյանը «Իրավունք»-ում պարզաբանում է. - «Աջակցություն կարելի է վայելել, բայց եթե պիտի համարեն ինչ-որ գերտերությունների դրածո, ապա դա աբսուրդ է: Ես դեռ հայտարարություն չեմ արել, որ մասնակցելու եմ նախագահական ընտրություններին... Եվ եթե որոշեմ մասնակցել ՀՀ նախագահական ընտրություններին, դա կլինի իմ որոշումը»: Բնութագրելով Հայաստանի նախագահին, Արամ Կարապետյանը ասում է. - «Ինքը դեռեւս չի հստակեցրել, թե ինչպիսի գաղափարական, քաղաքական, ռազմավարական կուրսի կողմնակից է: Հենց դրանից են, իմ կարծիքով, բխում նրա քաղաքական դժվարությունները»:

«Իրավունք»-ում Արամ Կարապետյանը անդրադառնում է նաեւ Ղարաբաղի խնդրին. «Պետք է նոր մտածողություն ձեւավորվի, որը հիմնված է երկու անկյունաքարային սկզբունքների վրա. Հայաստանը ոչ մի թիզ հող չունի որեւէ մեկի հետ փոխանակելու, եւ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը երկու պետություններ են, որտեղ ապրում է նույն ազգը, որը պատերազմելով Ադրբեջանի հետ, հաղթել է, ազատագրել է Լաչինի միջանցքը եւ միացրել իրար այդ երկու հանրապետությունները... Որեւէ մեկը եթե վերը նշված երկու սկզբունքներից դուրս քայլ անի, ապա ստանում է պետական դավաճանի կարգավիճակ»:

«Մենք ունենք երեք սկզբունք, որոնք մեր փոխզիջումների առավելագույն գիծն են, առաջինը՝ Լեռնային Ղարաբաղը այլեւս չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ, երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա ցամաքային սահման Հայաստանի հետ, եւ երրորդ՝ ԼՂ բնակչությունը պետք է ունենա անվտանգության ծանրակշիռ երաշխիքներ», - «Իրավունք»-ի հարցազրույցում ընդգծում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Տարածքային զիջումների մասին հարցին նա պատասխանում է. - «Էական նշանակություն չունի՝ 1 կմ ա՞յս, թե՞ այն կողմ»:

Բավականին մեծ հարցազրույցում Ջավախքին վերաբերող հատվածում Սերժ Սարգսյանը չի համաձայնում լրագրողների այն հարցադրմանը, թե ջավախքահայությունը քաղաքական ինքնավարություն է պահանջում: «Համաձայն չեմ, որ Ջավախքում պահանջում են քաղաքական ինքնավարություն: Իհարկե, մեկը կարող է այդպես ասել: Չեմ կարծում, որ այսօր անհրաժեշտություն կա, որպեսզի ջավախքահայությունն այդպիսի հարց բարձրացնի, քանի որ դրանով մեզ համար մեծ խնդիրներ կառաջանան թե' Վրաստանի, թե' այլ երկրների հետ», - ասել է նա: - «Իսկ երբ ես հայտարարում եմ, որ Վրաստանի կայունությունը Հայաստանի համար կենսական խնդիր է, դա իրոք այդպես է»:

Անցում կատարելով ներքաղաքական խնդիրներին, «Իրավունք»-ը հետաքրքրվում է, թե ինչու Ռոբերտ Քոչարյանին քննադատողները խուսափում են հիշատակել Սերժ Սարգսյանի անունը, արդյո՞ք կան ինչ-ինչ ստվերային պայմանավորվածություններ: «Որեւէ պայմանավորվածություն չկա եւ չի կարող լինել», - հերքում է Սերժ Սարգսյանը: - «Ես որեւէ մեկի հետ սեպարատ բանակցությունների չեմ գնա, ես այդ տեսակը չեմ: Ուղղակի ոմանք փորձում են խնդիրներ առաջացնել Հայաստանի նախագահի եւ պաշտպանության նախարարի միջեւ: Բացի այդ, իրենց համախոհներին փորձում են ոգեւորել, իսկ չեզոքներին իրենց կողմը բերել, ասելով՝ տեսեք, պաշտպանության նախարարը այդքան էլ վատը չէ, ինչքան դուք եք մտածում, եւ անհրաժեշտ պարագայում կարող է գալ ձեր կողքը կանգնել: Այս է ամբողջ իրականությունը»:

Նույն հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի եւ իր քսանամյա ընկերության մասին Սերժ Սարգսյանը պատմում է. - «Դեռեւս 80-ական թվականներից միասին աշխատել ենք, միասին որսի, ձկնորսության ենք գնացել, հաճախակի իրար տուն այցելել՝ ընտանիքներով... Ինչ վերաբերում է վերջին հադիպմանը, ապա դա կարծեմ բոլորիդ հայտնի է. ես արդեն ոչ թե նախագահի, այլ Ռոբերտ Քոչարյանի հետ գնացել եմ նրա տղայի համար աղջիկ ուզելու»:

Թուրքիայից վերադարձած «Հայաստանի Հանրապետություն» թերթի լրագրողը փոխանցում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի խորհդրատու Հասան Քյոնիի խոսքերը. - «Եթե Իսմայիլ Ջեմի նորաստեղծ «Նոր Թուրքիա» կուսակցությանը հաջողվի հաղթել ընտրություններում եւ կառավարություն ձեւավորել, ապա մեկ տարի հետո կբացվի Կարս - Գյումրի երկաթուղին»: «Օրրան»-ի թղթակցի փոխանցմամբ, Հասան Քյոնին կարծիք է հայտնել, որ Բաքու - Ջեյհան նավթատարի մի ճյուղը պետք է անցնի Հայաստանի տարածքով. «Դա թե' քաղաքականապես, թե' տնտեսապես առավել նպատակահարմար է»:

«Հայաստանի Հանրապետություն»-ում ներկայացված է նաեւ «Նոր Թուրքիա» կուսակցության անդամ, պատգամավոր Գյոնուր Սարայի տեսակետը. - «Առաջին քայլը պետք է անի Հայաստանը՝ միջանցք բացելով Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, որից հետո Թուրքիան ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի նա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլերի դիմի: Այս դեպքում է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի»:

Ըստ «Օրրան» թերթի, Ռ. Քոչարյանին պաշտպանող քաղաքական ուժերը շրջանառության մեջ են դրել հետեւյալ կարգախոսը. - «Ռոբերտ Քոչարյանը մինչեւ այժմ աշխատել է նշանակովի պաշտոններում. Ղարաբաղում նրան նախագահ «նշանակեց» ՀՀՇ-ն, 98-ին՝ Վազգենն ու Սերժը, հիմա առաջին անգամ ինքը պետք է ընտրվի, նշանակող գոյություն չունի: Դրա համար է այդպես մենակ մնացել, բայց՝ թեկուզ մենակ, նա անպայման կընտրվի: Այ, հենց ընտրվեց, կտեսնեք միանգամայն նոր, այլ որակի մարդու, որովհետեւ ցայս իրեն դրսեւորելու հնարավորություն չի ունեցել: Կտեսնեք, թե ինչքան լավն է նա»:

«Իրավունք»-ի մատուցմամբ, այն, որ նախագահը չառարկեց Ընտրական օրենսգրքի փոփոխություններին եւ մեծամասնական ընտրատարածքների քանակը թողեց 56, անշուշտ, հանրապետականներին արված զիջում է, սակայն դա դեռեւս երաշխիք չի տալիս, որ Քոչարյանի հիմնական հենարանը կլինի ՀՀԿ-ն: «Նախագահի համար ՀՀԿ-ի հետ «մեղրամիս» իրագործելու ճանապարհին կա եւս մեկ խոչընդոտ», - գրում է մեկնաբանը: - «Իշխանամետ որեւէ ուժի «նեղացնելու» հետեւանքները պարզորոշ երեւում են Պարույր Հայրիկյանի պարագայում, որն աստիճանաբար որդեգրում է ավելի ու ավելի կոշտացող ընդդիմադիր կեցվածք: Նման շռայլություն ՀՅԴ-ի նկատմամբ Ռոբերտ Քոչարյանն իրեն թույլ տալ չի կարող, քանի որ ընդդիմություն դարձած ՀՅԴ-ն ի վիճակի է հիմնովին ավերել Քոչարյանի նախագահական ընտրարշավը»:

Ըստ «Հայոց Աշխարհ»-ի, մոտեցող ընտրություններին ընդառաջ հայրենի քաղաքական գործիչները ակտիվորեն վերակողմնորոշվում են: «Կարելի է ասել՝ շունը տիրոջը չի ճանաչում», - ասացվածքային ժանրին է դիմում թերթը՝ գրելով, թե թեժ ամռան նախօրեին «թունդ իշխանամետ քաղաքական ուժի համարում ունեցող որոշ կուսակցություններ անսպասելի ընդդիմադիր բռնկումներ են ապրում: «Հայրենի կուսակցությունների ինքնադրսեւորման ամենաարդյունավետ, եթե չասենք միակ միջոցը ուրիշների մածնին թթու ասելով՝ սեփական թանը գովազդելն է», - բնութագրում է «Հայոց Աշխարհ»-ը:


Հրաչ Մելքումյան