Ռուսաստանցի հայ մեծահարուստը նախաձեռնում է «Հայաստան-2020» ծրագիրը

Այսօր Պրահայում բացվեց «Հայաստան-2020» հավաքը: Մասնակիցների կազմը խայտաբղետ է՝ դերասան Հրանտ Թոխատյան եւ գործարար Հրանտ Վարդանյան, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյան եւ Հայաստանի նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյան, Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Մարտիրոսյան եւ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանց, բանկային աշխատողներ, փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից եւ արեւմտյան երկրներից:

Ծրագրի մոտ 5Օ մասնակիցները փորձելու են սցենարներ մշակել, թե ինչպիսին կլինի Հայաստանը 20 տարի հետո: Դիտարկվող բնագավառները հինգն են՝ կապիտալ, տաղանդներ եւ լիդերներ, կառավարում, մշակույթ եւ արտաքին մարտահրավերներ: Այս վերջին խումբը փորձելու է կանխատեսել, թե ինչպիսին է լինելու իրադրությունը մեր տարածաշրջանում տարբեր զարգացումների դեպքում:

Աշխատանքն ընթանալու է երեք փուլով՝ նախ գաղափարներ են կուտակվելու, հետո այդ գաղափարների հիման վրա կոնկրետ առաջարկներ են մշակվելու առաջիկա 3 տարիների համար եւ վերջապես որոշվելու են հետագա անելիքները:

Այս ամենը նախաձեռնել է ռուսաստանանբակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանը, որը «Տրոյկա դիալոգ» ընկերության պրեզիդենտն է եւ «Ռոսգոսստրախ»-ի (ապահովագրական բաժնետիրական ընկերություն) գլխավոր մենեջերը:

Մոտ 4 տարի առաջ՝ 1998 թվականին նման ծրագիր՝ «Ռուսաստան-2015» նախաձեռնվեց Ռուսաստանում եւ Պրահայի այսօրվա հավաքը վարում էր հենց ռուսաստանյան այդ ծրագրի տնօրեն Վլադիմիր Պրեոբրաժենսկին: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը, որը մասնակցում է «Ռուսաստան-2015» ծրագրի մշակմանը, ասաց, որ Հայաստանը ոչ միայն ռուսաստանյան, այլ համաշխարհային փորձն է ընդօրինակում, քանզի նման ծրագրեր իրականացվել են շատ երկրներում: Հայաստանյան ծրագրի իրականացման վրա ծախսվելու է շուրջ կես միլիոն դոլար, որը, Վարդանյանի հավաստիացմամբ, տրամադրել են հայազգի 10 ձեռներեցներ:

Պրահայի «Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցող հավաքը կավարտվի կիրակի օրը:


Մեկ տարվա ընթացքում կայանալու է եւս երեք այսպիսի հանդիպում՝ հաջորդը կլինի նոյեմբերին՝ կրկին Պրահայում, իսկ վերջին երկուսը, հավանաբար, կանցնեն Հայաստանում: Ռուբեն Վարդանյանը հատուկ շեշտեց, որ ծրագրի այս փուլի արդյունքները ամփոփվելու են հաջորդ տարվա ամռանը, նախագահական ընտրություններից հետո: «Ռոբերտ Քոչարյանի նախընտրական արշավի հետ այս ծրագիրը որեւէ առնչություն չունի», - վերջում ասաց Ռուբեն Վարդանյանը:



Արմեն Դուլյան, Պրահա